Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է կուսակցականը դառնում «վկա»

Հոկտեմբեր 17,2014 10:14

Այս վերնագիրն ինձ հուշեց վերջերս կատարված բազմաթիվ «համացանցային» դեպքերից մեկը, երբ մի կնոջ վրա, որի ընտանիքը հիմա դժվար օրեր է ապրում, սոցիալական ցանցում հարձակվել էր կուսակցական քարոզիչների ոհմակը եւ ներկայանալով տարբեր «ֆեյքերով»՝ վիրավորանքներ էր գրում նրա հասցեին՝ այն պատճառով, որ նա կասկածի տակ է առել իրենց առաջնորդի «հանճարը»:

Ինչո՞ւ են մարդիկ մտնում կուսակցությունների մեջ: Հավանաբար, նրանք ունեն ինչ-որ համոզմունքներ, որոնք կիսում են մի խումբ այլ մարդկանց հետ, իրենց այդ համոզմունքները ձեւակերպվում են որպես ծրագրեր, եւ կուսակցական հարթակում պայքար մղում՝ իշխանության գալու եւ այդ ծրագրերը կյանքի կոչելու համար: Քաղաքական կյանքի կազմակերպման ավելի լավ ձեւ մարդկությունն առայժմ չի հորինել:

Դժվարություններն առաջանում են այն ժամանակ, երբ կուսակցականությունը վեր է ածվում քաղաքական մոլագարության: Ինչպես գրում էր անգլիացի գրող Չեսթերտոնը՝ մոլեռանդը, ֆանատիկը նա չէ, ով ունի իր համոզմունքները, պաշտպանում է դրանք եւ կրքոտ բանավիճում ընդդիմախոսների հետ: Մոլեռանդը, ըստ գրողի, նա է, ով բացառում է, որ իր ընդդիմախոսը նույնքան անկեղծ է, որքան ինքը: Հենց քո մեջ առաջանում է այն համոզմունքը, որ քեզնից տարբեր մտածողություն ունեցող մարդը «ծախված է», «պատվեր է կատարում» եւ ոչ թե, ենթադրենք, պարզապես սխալվում է, դու դառնում ես քաղաքական աղանդավոր, «վկա»: Որովհետեւ այդպիսով քո ականջներն ու ուղեղը փակվում են այլընտրանքային տեսակետների համար, եւ քո սահմանը գծվում է «կուսակցական ընկերների» նեղ շրջանակներում:

Քաղաքական աղանդն ունի բազմաթիվ հատկանիշներ, բայց ամենակարեւորը երեքն են: 1. Ոչ մի րոպե չպիտի դադարի թշնամիների փնտրտուքը: Խոսքը, բնականաբար, ոչ միայն առերեւույթ, այլեւ գլխավորապես ծպտյալ թշնամիների մասին է, որոնք ձեւանում են, թե թշնամիներ չեն, բայց քանի որ նրանք երբեմն ինչ-որ հարցերում «կուսակցական գծի» հետ համաձայն չեն լինում, պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում «պատռել նրանց դիմակները»: 2. Ժամանակ առ ժամանակ պետք է կազմել «պրոսկրիբցիոն» ցուցակներ, որտեղ ընդգրկված կլինեն գլխավոր թշնամիները, որպեսզի վերջիններս իմանան, թե ինչ է իրենց սպասվում, եթե նրանք շարունակեն թեկուզ փոքր, «երանգային» հարցերում հակադրվել իրենց կուսակցական դոգմաներին (իրենց եզրաբանությամբ՝ «ժողովրդի իղձերին»): 3. Քաղաքական աղանդը պետք է ունենա ծայրահեղ նարցիսիզմով տառապող առաջնորդ. «Ո՞նց թե, դուք կասկածո՞ւմ եք, որ Դելֆյան պատգամախոսն եմ: Հըլը մի հատ «ֆաս», տղերք»: Այդպիսով նրա շուրջը հավաքվում են չկասկածողներ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. alexander says:

    Երևի այս հոդվածը վերաբերում է իսկական կուսակցություննեին և կուսակցականներին: Ե’վ խորհրդային և’ հետխորհրդային կուսակցությունները և կուսակցականները դասական չեն. դրանք ոչ թե ընդանուր գաղափարներով են առաջնորդվում, այլ զուտ նյութական շահերով; Դրանք “թայֆաներ’ են: Իշխանությունը գրաված մարդկանց խումբ, որը գալիս է աղքատ և հեռանում հարուստ կամ շատ հարուստ; Դա շատ հեշտ է տեսնել. խորհրդային տարիներին ընդունվում էին կուսակցություն հենց դրա համար, այսօր նույնպես; Դասական կուսակցությունները լինում են աջ, ձախ և կենտրոնի; Որևէ հետխորհրդային երկրում նման բան չկա: Եվ այսպես կոչված կուսակցականները հեշտությամբ փոխում են կուսկցությունները, առանց փոխելու իրենց “գաղափարական” համոզմունքները; Մենք մի քանի անգամ սա տեսել ենք և հաստատ էլի կտեսնենք; Եվ այդ այսպես կոչված “մոլեռանդ” կուսկցականները իրականում ոչ թե գաղափարներն են պաշտկանում, այլ իրենց տեղը կերակրատաշտի մոտ;

    • Գալուստ Ենոքյան says:

      Կարծում եմ որ այդ «կերակրատաշտի» վիրուսը խոհրդային տարիներից սկսած վարակել էր մեզ բոլոտիս այս կամ այն չափով եվ դա համարվում էր բնական երեվույթ…իհարկե վախի մթնոլորտում…հետո պարզվեց թերեվս որ դա մուտացիայի ձեվով տեղ է գտել մեր բոլորի DNK ի մեջ… այն որ մարդիկ 5000 դրամով ընտրում են: 90 ականներին լյուստրացիան կոգներ ազատվել հենց դրանից…ես ինքս էս Ամերիկա գալով քիչ թե շատ փորձում եմ ազատվել…երբեմն նկատում եմ որ դեռ իրեն զգացնել է տալիս… Հարգելի Արամի տեսակետը թե պետական մտածողությունը մեր մեջ պակասում է հենց գալիս է ես վիրուսից…վրացիները դրանից շուտ ազատվեցին…փառք իրենց…

      • alexander says:

        “…մեզ բոլորիսի հետ…’ համաձայն չեմ: Կարգին մարդիկ Հայստանում եղել եմ և կան Նրանք սովորաբար կուսակցական չեն:

        • Գալուստ Ենոքյան says:

          Լիովին համաձայն եմ քեզ հետ, օրինակ Շանթը, նրա հայրն ու որդին…խոսքս մեր նման սովորական «մահկանացուների» մասին է…տարիներ առաջ, խորհրդային տարիներին «աշխատում» էի Հնագիտության եվ Ազգագրության ինստիտուտում, այնտեղ էր աշխատում նաեվ խորհրդային դիսսիդեներից հայ հայտնի գիտնական պատմաբան, որ դասավանդում էր նաեվ մանկավարժականում… ցավոք ազբանունը լավ չեմ հիշում, Հարությունյան կամ …Հ ով էր սկսվում: Մեր տղաներից մեկը ճիշտ նկատել էր որ միակ մարդը էդ հիմնարկում որ գլուխը բարձր ման գալու իրավունք ուներ հենց այդ մարդն էր… մենք բոլորս գրելով հույս ունեմ որ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ կնայենք մեր հոգու խորքին, կփորձենք ինքամաքրվել…ինչքան էլ որ աստվածահավատ չեմ, այնումենայնիվ կարծում եմ որ բոլորիս հոգիները բաց գիրք են աստծո աչքերում…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031