Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՏՄ-ն մեզ համար «անշրջելի» չէ»

Հոկտեմբեր 17,2014 17:30

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ ուժերն
ու գործիչները դեռ պայքարելու են դրա դեմ՝ տարբեր միջոցներով

Ինչպես իշխանության, այնպես էլ, ըստ էության, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումը անշրջելի հայտարարած «ոչ իշխանության» ներկայացուցիչները վերջին մի քանի օրերին տարբեր հարթակներով հայտարարեցին՝ եթե մեր հասարակության մեջ կան հակաԵՏՄ-ական ուժեր, ապա ո՞ւր էին նրանք, ինչո՞ւ որեւէ ակցիա չարեցին ընդդեմ հոկտեմբերի 10-ին Մինսկում Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության որոշման ստորագրման: Եվ իսկապես, ինչո՞ւ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությանը դեմ հանդես եկող մեր փոքրաթիվ քաղաքական ուժերն ու անհատները, որոնք համարձակություն ունեն խոսելու այդ մասին, որեւէ, թեկուզ փոքրամասշտաբ ակցիա չարեցին, ասենք՝ Սերժ Սարգսյանին օդանավակայանում չդիմավորեցին պաստառներով կամ գոնե որեւէ լուռ ակցիա չարեցին նախագահականի դիմաց եւ այլն…: Արդյոք պատճառն ա՞յն է, որ ԵՏՄ-ն իրականում «անշրջելի» գործընթաց է, թե՞ պարզապես ռեսուրսներ, ժամանակ չունեին, նպատակահարմար չէր եւ այլն, ի՞նչն էր պատճառը:

Այս հարցով «Առավոտը» դիմեց մարդկանց, ովքեր բացահայտ հանդես են եկել հակաԵՏՄ-ական դիրքերից:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը մեր այս հարցին ի պատասխան՝ ասաց. «Մինչ այժմ ինքս բավական ակտիվ եմ եղել 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո կազմակերպված բոլոր այն հանրային միջոցառումներում, որոնք վերաբերել են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Դեռեւս սեպտեմբերի սկզբներին ինձ մոտ կար ցանկություն հանդիպել համախոհ մարդկանց եւ քննարկել հոկտեմբերի 10-ին որեւէ միջոցառում կազմակերպելու հարցը: Ի սկզբանե հնարավոր տարբերակների մեջ տեսնում էի ոչ միայն հրապարակային միջոցառումը, այլ նաեւ մեծ ֆորում կամ նման մի բան: Սակայն անակնկալ էր, երբ հայտարարվեց այդ նույն օրը Ազատության հրապարակում ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» համատեղ հանրահավաքի մասին: Այդ օրը հավաքվել որեւէ այլ հրապարակում՝ կնշանակեր թույլ տալ համեմատություններ անցկացնել ԵՏՄ-ին անդամակցելու «դեմ» եւ «կողմ» զանգվածների միջեւ՝ ի վնաս առաջինների, քանի որ հաստատապես այդ միջոցառմանը ավելի շատ մարդ չէր գալու, քան Ազատության հրապարակ բերվեց: Եվ ակամայից ստացվելու էր, որ, իրոք, Հայաստանի անդամակցության կողմերը հազարներ են, իսկ դեմերը՝ մի քանի տասնյակ ջղաձգվողներ՝ ինչպես Տեր-Պետրոսյանը իրեն թույլ տվեց արտահայտվել: Դրա համար այդ գաղափարի ուղղությամբ այլեւս չմտածեցի, որովհետեւ այն, ինչ արվեց հանրահավաք հրավիրած ուժերի միջոցով, ուղղակի փայլուն կազմակերպված օպերացիա էր, եւ չեմ կարող չխոստովանել, որ դրա հեղինակները մեզանից «առաջ անցան»: Իմ պասիվության պատճառը թերեւս սա է եղել: Սակայն դա չի նշանակում, թե առաջիկայում որեւէ բան չեմ նախաձեռնելու: Շուտով իր մեկնարկը կունենա իմ հիմնադրած Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը, եւ մենք զեկույցներով, քննարկումներով ու ֆորումներով կշարունակենք գոնե մեր դիրքորոշումը հասցնել հանրությանը»:

Armenia Today լրատվական-վերլուծական գործակալության համակարգող, «Բագին» փաստաբանական գրասենյակի գործադիր տնօրեն Արգիշտի Կիվիրյանը, որն ակտիվորեն մասնակցել է նախորդ տարվա ընթացքում ընդդեմ Մաքսային միության տարբեր ակցիաների, ասաց, որ ամենեւին համամիտ չի այն պնդմանը, թե «ԵՏՄ-ն «անշրջելի» գործընթաց է». «ԵՏՄ-ն «անշրջելի գործընթաց չէ», այն ընդամենը Ռուսաստանի կայսերապաշտության վերջին խիմեռաներից մեկն է: Ռուսաստանը չունի այն տնտեսական եւ ռազմավարական ռեսուրսները, որ կարողանա այդ գործընթացը հասցնել ավարտին, եւ ավելի շատ զբաղված է նրանով, որ փորձի այս կերպ նախկին սովետական հանրապետություններից ոմանց մինչեւ վերջ պահել իր ազդեցության ոլորտում: Իսկ Հայաստանում Սերժ Սարգսյանի կողմից ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման օրը չեղան ակցիաներ հավանաբար այն պատճառով, որ մարդկանց մի մասի մոտ արդեն իսկ հասունանում է գիտակցությունը, որ «ակցիա հանուն ակցիայի» գործընթացն ինքնին անպտուղ է, եւ պետք է մտածել ավելի լուրջ գործընթացներ նախաձեռնելու մասին, որոնք կտան իրական արդյունքներ եւ կխափանեն Հայաստանի նեոգաղութացումը: Նաեւ պետք է հաշվի առնել, որ ԵՏՄ-ի դեմ պայքարի նոր գործընթացը կընթանա բավականին բարդ, քանի որ փաստացի ոչ միայն իշխանությունները, այլ նաեւ ներկայումս առկա առաջատար ընդդիմությունը փաստացի ընդունել են ԵՏՄ-ի «անշրջելիությունը» եւ գլոբալ առումով պայքարում են նրա համար, թե ով ներկայիս Հայոց մայրաքաղաքի բանալիները կհասցնի իրեն «Երրորդ Հռոմ» հռչակած Մոսկվա…»:

ԵՏՄ դեմ բացահայտ հանդես եկած քաղաքական ուժերից է «Քաղաքացիական պայմանագիրը», որի կառավարման խորհրդի անդամ Արսեն Խառատյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ եւ մամուլի ասուլիսով, որտեղ հստակ նշել է իր դիրքորոշումը վերջին շրջանի զարգացումների եւ մեր հետագա անելիքների վերաբերյալ: Մեր հիմնարար փաստաթղթում մենք ձեւակերպել ենք ինչպես Եվրոպական, այնպես էլ Եվրասիական միություններին այս պահին չմիանալու պատճառները: Այդ թվում նշել ենք՝ քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հարցը, Հայաստանը չպետք է դիտարկի ոչ Եվրոպական միությանը եւ ոչ էլ Եվրասիական միությանն անդամագրվելու հարցը»: Ինչ վերաբերում է կոնկրետ ակցիաներին, ապա, ըստ Արսեն Խառատյանի՝ «Հոկտեմբերի 10-ին, դրան նախորդած եւ հաջորդած գործընթացների շուրջ «Քաղաքացիական պայմանագիրը» արձագանքում կամ գործողություններ է իրականացնում ելնելով նպատակահարմարությունից: Կոնկրետ այս պարագայում որեւէ բողոքի ակցիա չի քննարկվել, եւ ապա հոկտեմբերի 10-ից հետո որոշվել է հանդես գալ հայտարարությամբ եւ մամուլի ասուլիսով: Ինչ վերաբերում է անդառնալիության վերաբերյալ հարցին, ապա ասեմ, որ Եվրասիական կամ որեւէ այլ միությանը ինտեգրվելու կամ վարչակարգի կողմից մեկ գիշերվա մեջ Հայաստանի համար կայացրած վճռորոշ այլ որոշումները անդառնալի չենք համարում: Այսինքն՝ ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ որոշումներ կարող են փոփոխվել իշխանափոխությունից հետո»:

Ընդդեմ Մաքսային միությանն անդամագրվելու տարբեր ակցիաների ակտիվ մասնակիցներից է նաեւ Վանաձորի Հելսինկյան ասամբլեայի նախագահ Արթուր Սաքունցը, ով մեր հարցին ի պատասխան՝ զարմացավ, թե ինչո՞ւ ենք որեւէ մեկի ասածներին ուշադրություն դարձնում, եւ հավելեց, որ բոլորովին չի կարեւորում իրենց պասիվության մեղադրանքներ առաջադրողների կարծիքները. «Մենք Մաքսային միությանն անդամակցելուն մեր դեմ լինելը անցած տարվա ընթացքում բազմաթիվ ակցիաներով ներկայացրել ենք, եւ անձամբ ինձ համար հոկտեմբերի 10-ը անակնկալ չէր: Մենք գիտեինք, որ այդ համաձայնագիրը պետք է ստորագրվի: Մեր գործողություննեը ԵՏՄ մտնելու անընդունելիության վերաբերյալ շարունակվելու են, եւ դա պայմանավորված չէ որեւէ մեկի կամ որեւէ ուժի՝ մեր հասցեին արված գնահատականներով: Մենք մեր գործողությունները չենք պլանավորում այս կամ այն անձի կամ ուժի խոսքերին արձագանքելու միտումով: Ես ինքս զերծ եմ մնում ինձ համար այլեւս գոյություն չունեցող գործոնների վրա ուշադրություն դարձնելուց: Այսօր մենք ունենք մարտահրավեր՝ ոչ լեգիտիմ իշխանություն եւ նրա կողմից խայտառակ գործունեություն՝ Հայաստանը բռնապետական ակումբին անդամագրելը, ու մեզ համար առաջնային խնդիր է դրա դեմ պայքարը: Դա պրոցես է, որը մեկ օրով չի ավարտվում»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031