Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեսրոպագիր. Վատ շրջապատում ենք հայտնվում

Հոկտեմբեր 17,2014 17:00
mesrop Harutyunyan

Հեռավոր 1980-82 թվականներին ես ծառայում էի խորհրդային բանակում՝ Հեռավորարեւելյան զինվորական օկրուգում: Ամեն օր՝ օրը հարյուր անգամ զինվորներիս աչքին էր ընկնում նախազգուշացնող ցուցանակը. «Զինվո՛ր, զգոն եղիր. մինչեւ սահմանը 60 կիլոմետր է»: Սովետն էդ ժամանակ դեռ Չինաստանի հետ վատ հարաբերություններ ուներ, եւ Հեռավորարեւելյան զինվորական օկրուգում ծառայողներին շաբաթը երկու անգամ անցկացվող քաղպարապմունքների ժամերին ներշնչում էին, թե մեր ոխերիմ թշնամին Չինաստանն է: Անգամ խոշոր զորախաղերը, որոնց մասնակցել եմ, ուղղված էին Չինաստանի դեմ. դրանց ժամանակ մենք ընդհուպ՝ մինչեւ 8 կմ մոտեցանք չինական սահմանին՝ ցուցադրելով ողջ ռազմական արսենալը… Իմ ընկերներին, որ այլ սահմանային գոտիներում են ծառայել, նույն կերպ թշնամաբար են տրամադրել սահմանից այն կողմ գտնվող երկրների նկատմամբ:

Սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանում ոչինչ չի փոխվել. էնտեղ էլի շարունակում են ամենուր թշնամիներ փնտրել… Ու բոլոր ձախողումների համար մեղավոր են թշնամիները՝ միջազգային իմպերիալիզմ կամ այլ անվանումով:

Հիմա Ռուսաստանի «գլխավոր թշնամիները», «համաշխարհային իմպերիալիզմից» զատ, նաեւ դրա «գործակալ» ժողովրդավարությունը, ազատ խոսքը եւ ազատ մամուլն են: Հեռարձակվող եւ տպագիր մամուլի ոլորտում նա իր հարցերը լուծել է (ոչ թե ընդդիմադիր, այլ պարզապես պաշտոնականից տարբերվող կարծիք էստեղ շատ քիչ կլսես), եւ արդեն մեկ տարի է անցել ցանցային լրատվամիջոցներին՝ այսպես կոչված, «Ռոսկոմնադզորի» միջոցով ճնշելով ինտերնետային կայքերին, արգելափակելով դրանք: Սա էլ բավական չէր, հիմա էլ անցել է «համաշխարհային իմպերիալիզմի» «լրտեսներին». 2015 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում կարգելվի այֆոնների եւ այփադների (iPhone եւ iPad) օգտագործումը: Պատճառները կարեւոր չեն անգամ, որովհետեւ դրանք մտացածին են (տվյալների բազան պիտի պահպանվի ռուսական սերվերներում, իսկ եթե ոչ՝ արգելել): Նույն կերպ «Ռոսկոմնադզոր» կոչվածը պատրաստ է արգելափակել նաեւ Ֆեյսբուքը, Թվիթերը, Գմայլը: Ըստ նույն աղբյուրի՝ «Ռոսկոմնադզորի» ղեկավարությունն այդ սոցիալական ցանցերին ծանուցել է, որ նրանք պիտի գրանցվեն իբրեւ ռուսաստանյան տեղեկատվություն տարածողներ: Իսկ եթե չգրանցվեն, ապա երկրորդ ծանուցումից 15 օր հետո այդ ցանցերը պարզապես կարգելափակվեն:

Սա Ռուսաստանն է՝ ամենուր թշնամիներ փնտրող իր դարավոր մարազմատիկ քաղաքականությամբ:

Դառնանք Բելառուսին եւ Ղազախստանին:

Այս երկու երկրները ժողովրդավարական կոչելու համար երեւի թե պիտի առնվազն Լուկաշենկո կամ Նազարբաեւ լինես: Ավելի ճիշտ՝ դրանք ժողովրդավարական անվանելը նույնն է, թե Մարսի վրա հայտնաբերված ջրի հետքերը համարես այդ մոլորակում կյանքի առկայության ապացույց: Ներողություն, ավելի շուտ Մարսի վրա կյանքի առկայությունը կապացուցվի, քան թե այսօրվա Բելառուսում կամ Ղազախստանում ժողովրդավարության, ազատությունների առկայությունը:

Հայաստանը 1990-ականների սկզբներից համարվում էր հետխորհրդային տարածքի ժողովրդավարական կղզի: Եվ թեպետ 1995 թվականից սկսած այս առումով որոշակի նահանջին՝ այսուհանդերձ, Եվրասիական կոչվող այդ միության անդամ պետությունների համեմատ Հայաստանի գերազանցությունն ակնհայտ է: Եվ սա ոչ թե Սերժ Սարգսյանի շնորհիվ է, այլ տարիների պայքարի, այդ թվում նաեւ՝ այնպիսի օրենքների մշակման ուղղությամբ, որոնք Հայաստանում ապահովում են որոշակի ազատություններ: Այսուհանդերձ, ազատությունները սահմանափակելու նորօրյա դրսեւորումները (հիշենք թեկուզ դատախազության հայտարարությունը կամ տեղեկատվության աղբյուրը բացահայտելը պարտադրելը) գալիս են ապացուցելու, որ Հայաստանի ներկա ղեկավարությունը հակված է ընդօրինակելու այն ամեն վատը, որ կա այդ ապագա միության անդամների մոտ:

Ստացվում է պարադոքսալ իրավիճակ. դու շատ առումներով առաջ ես ապագա իբր գործընկերներից, սակայն միանում ես իրենց ու հետ ես գնում դեպի խորհրդային անցյալի նորօրյա դրսեւորումները:

Սա շատ նման է թաղային տղայական հարաբերություններին. երբ դու հնարավորություն ունես ընտրելու՝ ընկերանալ «թաղի խուժանի» (մի «ամենախուժանի» գլխավորությամբ) կամ նույն բակի քիչ թե շատ նորմալ (դե, ասենք, սովորող, կարդացող, լավ երաժշտություն լսող, ժամանակը նաեւ կինոյում կամ թատրոնում անցկացնող) տղաների հետ: Կամ՝ որ ավելի ճիշտ կլիներ, երկուսի հետ պահպանելով լավ հարաբերություններ՝ ապրել սեփական կյանքդ: Եվ ահա՝ այս ընտրության հնարավորությունն ունենալով՝ ընտրում ես խուժանին, ընդ որում՝ այդ շրջապատում դառնալով «շեստյորկա»՝ միայն ու միայն նրա համար, որ ինքդ էլ իշխես մի քիչ ավելի փոքրերի վրա:

Հենց այսպիսի ընտրություն է կատարել Սերժ Սարգսյանն անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին: Եվ հենց այդ ընտրությունը նա վավերացրեց իր ստորագրությամբ այս տարվա հոկտեմբերի 10-ին: Այսինքն՝ նա ընտրեց վատ շրջապատը, որովհետեւ միայն այդ շրջապատում կարող է պահպանել իր իշխանությունը Հայաստանում: Հայաստանն ու նրա շահը էս պարագայում Սերժ Սարգսյանի համար վերացական բաներ են:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031