Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանությունները փակում են ՀՀ-ի եւ ԼՂ-ի միջեւ մաքսակետի տեղադրման թեման

Հոկտեմբեր 17,2014 12:00

Միջնորդները նախապատրաստում են Սարգսյան-Ալիեւ
հերթական եռակողմ հանդիպումը

Հոկտեմբերի 27-ին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ ծրագրված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Փարիզում: Օրեր առաջ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն հաստատելով նշյալ՝ ավելի վաղ մամուլում հրապարակված տեղեկությունը՝ հավելել էր, որ Ֆրանսիան ձգտում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման. «Կողմերը իրենք պետք է որոշեն, թե ինչպիսին պետք է լինի համաձայնագիրը: Միջնորդները օգնում են նրանց, բայց չեն կարող նրանց փոխարեն որոշում ընդունել»:

Հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը Փարիզում նախատեսված նախագահների եռակողմ հանդիպումից լուրջ տեղաշարժ է ակնկալում: Նա նշել է, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խաղաղության մեծ պայմանագրի «արագացված նախապատրաստման» կողմնակից է: Ապա Մամեդյարովը հայտնել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել մի քանի հարց ընդգրկող առաջարկներով: «Մենք հանգեցինք այն որոշմանը, որ կարող ենք անցնել խաղաղ պայմանագրի մշակմանը կառուցվածքային առաջարկների հիման վրա, որոնք ներառում են նաեւ հողերի ազատումը եւ փախստականների վերադարձը: Մենք լիովին պատրաստ ենք նոր փուլին եւ նույնպիսի քայլի ենք սպասում նաեւ Հայաստանից»,- ըստ ադրբեջանական գործակալությունների՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով. «Ադրբեջանը պատրաստ է մասնագետների մակարդակով այդպիսի բանակցություններ սկսել»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 15-ից տարածաշրջանում են: Թե որքանով են ճշգրիտ Մամեդյարովի հայտարարությունները՝ կապված համանախագահների կողմից արված առաջարկների հետ, թերեւս պարզ կլինի նրանց՝ Հայաստան այցելությունից հետո: Իսկ «խաղաղության մեծ պայմանագրի» մասին պաշտոնական Բաքուն խոսում է ոչ առաջին անգամ: Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի իշխանությունները հնչեցնում են, թե պատրաստ են «խաղաղության մեծ պայմանագրի» մշակման, մինչդեռ ակնհայտ է, որ նրանք որեւէ զիջման ուղղակի պատրաստ չեն՝ անգամ ընթացող բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները հարգել:

Մինչ նախապատրաստվում է Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը, շարունակում է բաց մնալ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետի տեղադրման հարցը Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելուց հետո:

Ամեն ինչ նախ սկսվեց Ղազախստանի նախագահի հայտնի հայտարարությունից ամիսներ առաջ, երբ Աստանայի գագաթնաժողովում նա վկայաբերեց Ալիեւի նամակը՝ ուղղված ԵՏՄ անդամ երկրների ղեկավարներին: Այժմ հենց Նազարբաեւը հասկացնել տվեց, թե ամեն ինչ հարթվել է:

Պաշտոնական Երեւանը փորձում է վերջակետ դնել այս հարցին: Օրերս «Ռ-Էվոլյուցիա» հեռուստածրագրի եթերում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ մաքսակետ տեղադրելու հարցը բանակցությունների առարկա չի եղել. «Ավելին՝ պայմանագրում դրա մասին որեւէ բան չկա: Ինձ զարմացնում է, երբ որ լինում են վերլուծություններ, որոնք ասում են, որ պայմանագրից այդպիսի բան է բխում: Այնտեղ ընդամենը նշվում է շատ տրամաբանական ձեւակերպում այն մասին, որ մաքսային տարածքը դա իրենց տարածքն է: Այսինքն` մաքսային տարածքը համընկնում է պետության տարածքի հետ: Դա է ֆիքսվում, ու դա վերաբերում է բոլոր անդամ պետություններին: Ընտրովի մոտեցում Հայաստանի Հանրապետությունը իր նկատմամբ, բնական է, չէր կարող ընդունել, որպեսզի ավելի կոշտ նման ձեւակերպում լինի. իրենք չունեն դա»: Իսկ Նազարբաեւի՝ օրերս արած ակնարկի առիթով Շ. Քոչարյանը նկատել է. «Խնդիրը հետեւյալն է. այստեղ փոխզիջման մասին չի խոսքը: Մենք ընդամենը վերահաստատել ենք այն մոտեցումը, որը Հայաստանը ունեցել է ի սկզբանե՝ անկախության օրերից: Այսինքն՝ Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի մաս: Մենք մեր հարաբերությունները Ղարաբաղի հետ կառուցում ենք որպես դե ֆակտո կայացած պետության՝ չճանաչելով դե յուրե, եւ մեր հարաբերությունները հորիզոնական են»: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության պայմանագրում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետ տեղադրելու մասին կետ չկա, եւ որ Հայաստանի բոլոր պայմանագրերում նշված է՝ «ՀՀ սահմաններ»:

Մինչդեռ ռուսաստանցի փորձագետները շարունակում են տեսակետներ հնչեցնել, թե մաքսակետեր կլինեն: Ռուսաստանցի փորձագետ, «Ռեգնում» գործակալության նախկին գլխավոր խմբագիր, այժմ` REX լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովն, օրինակ, վստահ է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետեր լինելու են. «Մաքսային ծառայության ներկայացուցիչն էլ անպայման լինելու է Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ արդեն գոյություն ունեցող սահմանին»: Նա, սակայն, հավելել է, թե ակնհայտ է նաեւ, որ ղարաբաղյան արտադրությունը այսօր եվրասիական շուկա է դուրս գալիս հայաստանյան ապրանքի անվան տակ, եւ այդպես էլ շարունակվելու է. «Եթե այդ ապրանքի վրա նշված լինի, որ այն արտադրվել է Հայաստանում, որեւէ խնդիր չի առաջանա»: Իսկ 1in.am-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ, հրապարակախոս, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Անդրեյ Պիոնտկովսկին նույնպես կարծիք է հայտնել, որ մաքսակետ Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ կտեղակայվի. «Ֆորմալ կերպով այն կտեղակայվի, գուցե այնտեղ մաքսային կանոնները չգործեն, բայց դա ֆորմալ կերպով տեղակայվելու է: Սա ունենալու է քաղաքական նշանակություն եւ ոչ՝ տնտեսական: Մաքսակետի բացառման Ղազախստանն ու Բելառուսը չէին գնա: Նրանք չեն կարող ստորադասել իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ: Իսկ Ռուսաստանը երկակի խաղ է խաղում Հարավային Կովկասում, ուստի սա ձեռնտու է նաեւ Ռուսաստանին»:
Մաքսակետի լինել-չլինելու հարցում որ պնդումներն են իրականությանը մոտ` ցույց կտա ժամանակը: Սակայն պետք է նշել նաեւ, որ ռուսաստանյան մամուլում այս օրերին նաեւ հրապարակումներ եղան այն մասին, թե Մոսկվան ձգտում է հարթել Ադրբեջանի հարաբերությունները ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո, այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել էր Բաքու: Նման տեղեկություն էր հայտնել «Կոմերսանտ»-ի` Կրեմլին մոտ կանգնած ռազմական աղբյուրը:

Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական նոր թափ առնող համագործակցությունը եւ որոշ տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը 5 տարում Ռուսաստանից կստանա եւս 5 միլիարդ դոլարի սպառազինություն, թե ինչու պետք է համարժեք «մխիթարանք» համարել` Ադրբեջանին հանդարտեցնելու առումով, մեղմ ասած` այնքան էլ հասկանալի չէ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031