23.08.2014 թվականին «Առավոտը» «Մոսկովյան 8 եւ Մաշտոցի 48 շենքերի բնակիչները դեմ են, որ իրենց համատիրությունը «խոշորացվի» վերնագրով հոդված էր հրապարակել, որտեղ այս հասցեների բնակիչները դժգոհություն էին հայտնել, որ «Մոսկովյան 8» համատիրության նախագահ Ալեքսան Գալստյանը համատիրության գրասենյակը տիկնոջ՝ Նելլի Հարությունյանի անունով սեփականացրել է: Բնակիչները մի օր պարզել էին, որ համատիրության տարածքը քաղաքապետարանի թեթեւ ձեռքով աճուրդի է դրվել, որը 2012թ. հուլիսին գնել, ապա սեփականաշնորհել է նրա կինը: Բնակիչները նաեւ հայտնել էին, որ փաստացի արդեն երկու տարի է, ինչ համատիրությունը՝ ի դեմս քաղաքային իշխանությունների, վարձակալության պայմանագիր է կնքում համատիրության նախագահ Ալեքսան Գալստյանի տիկնոջ հետ: Այս առիթով ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննիչ Ա. Ավագիմյանը նյութեր էր նախապատրաստել, ապա քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Նշենք նաեւ, որ բնակիչները միաժամանակ իմացել էին, որ իրենց փոխարեն կայացվել է որոշում՝ միանալու այլ համատիրության:
Երեկ Մոսկովյան 8 հասցեի բնակիչները համատիրության նախագահի գործունեությունից ներկայացրին նոր դրվագներ: Մեզ հետ զրույցում Մոսկովյան 8 եւ Մաշտոցի 48 շենքերի բնակիչները հայտնեցին, որ ստեղծել են նախաձեռնող խումբ՝ 10 հոգուց բաղկացած, հրավիրել ժողովի նիստ՝ դատարանում վիճարկելու համատիրության գրասենյակի օտարման օրինականության հարցը: Նրանց խոսքերով. «Գրավոր հարցման եղանակով 2 շենքերից ընտրվել են վեց լիազոր ներկայացուցիչներ, որոնք սեփականատերերին պետք է իրազեկեն ժողովների հրավիրման օրվա, օրակարգի մասին, ինչպես նաեւ հարկ եղած դեպքում ներկայացնեն լիազորողների տեսակետներն ու դիրքորոշումները:
Մինչ «Մոսկովյան 8» համատիրության այս 2 շենքերի բնակիչները զբաղված էին նման լուրջ գործերով՝ անգործ չի մնացել համատիրության նախագահ Ալեքսան Գալստյանը, որը, օգտվելով «Մոսկովյան 8» համատիրության նախաձեռնող խմբի հրավիրած ժողովի նիստում արտահայտված դիրքորոշում-տեսակետից՝ Մոսկովյան փողոցի 8 եւ Մաշտոցի 48 շենքերի բնակիչները դեմ են այլ համատիրության մտնելուն, այցելել է Մոսկովյան փողոցի 21, 25, 27, Տերյան 83 շենքերի սեփականատերերին եւ նրանց խնդրել է ստորագրել, իբր թե, իր պաշտոնաթողության մասին դիմումի տակ՝ հավելելով, որ վերոնշյալ 2 շենքերի սեփականատերերը իբր դեմ են, որ Մոսկովյան փողոցի 21, 25, 27, Տերյան 83-ը մնան «Մոսկովյան 8» համատիրության կազմում: Երբ, մոլորության մեջ գցելով մարդկանց, հավաքել է բավականաչափ ստորագրություններ, դիմել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Նորք-Մարաշ տարածքային բաժին, որտեղ 06.10.2014-ին գրանցել է Մոսկովյան փողոցի 21, 25, 27, Տերյան 83 շենքերի՝ «Մոսկովյան 8» համատիրության կազմից դուրս գալու եւ «Եռանկյունի» համատիրությանը միավորվելու մասին կանոնադրական փոփոխությունը: Ամենազավեշտալին այն է, որ պարոն Գալստյանը պետռեգիստր է ներկայացրել, որ իբր թե «Մոսկովյան 8» համատիրության կանոնադրական փոփոխությունը հաստատված է համատիրության՝ 30.09.2014-ի ընդհանուր ժողովում, ինչի մասին սեփականատերերը իմացել են միայն գրանցող մարմնի հիշատակումից:
Գրանցումից 8 օր անց՝ 14.10.2014-ին, պարոն Գալստյանը Երեւան համայնքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է հանձնել «Մոսկովյան 8» համատիրության կլոր կնիքը՝ հավանաբար ի նշան բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի լիազորությունների դադարեցման: Այսպիսով՝ «Մոսկովյան 8» համատիրության առայժմ գործող նախագահը (ընդհանուր ժողովի որոշմամբ միայն կարող է դադարեցվել նրա լիազորությունները) խախտել է օրենքների մի քանի պահանջ՝ նա «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի 4-րդ կետի ա) ենթակետի համաձայն՝ համատիրության կանոնադրության փոփոխություն կարող էր իրականացնել միայն ընդհանուր ժողովի միջոցով, այլ ոչ թե իրազեկման ձեւով, այն էլ մոլորության մեջ գցելով սեփականատերերին (հիմք՝ Մոսկովյան փողոցի 21, 25, 27, Տերյան 83 շենքերի սեփականատերերի ստորագրությունները): «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի «Բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի լիազորությունների դադարումը» հոդված 26-ի 1-ին կետի համաձայն՝ «Շենքի կառավարման մարմնի լիազորությունները դադարում են»՝ ա) շենքի կառավարման մարմնին լիազորագրով կամ պայմանագրով տրված լիազորությունների ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, բ) ժողովի որոշմամբ շենքի այլ կառավարման ձեւ կամ մարմին ընտրվելու հաջորդ օրվանից: «Մոսկովյան 8» համատիրության պարագայում բացառվում է որեւէ նման բան: Երեւան համայնքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմն էլ, իր հերթին, անցել է իր լիազորությունների սահմանը՝ ընդունելով «Մոսկովյան 8» համատիրության կլոր կնիքը՝ այն դեպքում, երբ «Մոսկովյան 8» համատիրությունը գործում է, բնակիչները վճարում են սպասարկման վարձի գումարները, սակայն հաշվապահ Ռիտա Սարուխանյանը, գանձելով վճարները, չի կարողանում դրանք վավերացնել «Մոսկովյան 8» համատիրության կլոր կնիքով:
Ի լրումն վերոշարադրյալի՝ «Մոսկովյան 8» համատիրության նախագահ Ա. Գալստյանը խախտել է նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները. կնոջը՝ Նելլի Սարգսի Հարությունյանին 2003 թ.-ի հոկտեմբերից ընդունել է աշխատանքի մինչեւ 2014թ.-ի հունիսը՝ որպես հավաքարար, նրա համար վճարելով սոցվճարներ, սակայն փաստացի որպես հավաքարար աշխատեցնելով Ջեմմա Պողոսյանին եւ տիկին Թամարային:
Հուսով ենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ծանոթանալով սույն հոդվածին, կիրականացնի անաչառ քննություն»:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
16.10.2014