Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է կամքի ինքնավարության վրա էլ

Հոկտեմբեր 17,2014 15:30

Մինչ այս հայցը, պատասխանողի հետ չեն ունեցել թե աշխատանքային եւ թե գիտական ոչ մի վեճ ու վիճաբանություն կամ էլ՝ որեւէ այլ բնույթի պաշտոնական տարաձայնություններ։

Արգամ Այվազյան եւ Աշոտ Փիլիպոսյան վեճը գիտական վերլուծություններից հետո հանգրվանել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում:
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ «Իրատես de facto» թերթի 2013 թվականի ապրիլ-մայիս ամիսների 28-31-րդ համարներում հրապարակվել է «Ապոլոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» գրախոսական հոդվածաշարը:
Հայցվոր Արգամ Այվազյանը, որը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, հայտնել էր, որ վերլուծություններ է կատարել «Քարաշամբի դամբարանադաշտի նյութական մշակույթը (մ.թ.ա. II-I հազարամյակներ)», «Սարուխանի «Պալի տակ» դամբարանադաշտի նյութական մշակույթը (մ.թ.ա. II-I հազարամյակներ)» կատալոգներում, «Վահանավանքի վանական համալիրը» գրքույկում, «Գլաձորի համալսարան» տեսաֆիլմում, «Ուղեցույց Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի» գրքույկում տեղ գտած թերությունների, տեղեկատվական տվյալների աղավաղումների, իրական փաստերի խեղաթյուրումների մասին։

Մասնավորապես, խոսք էր գնացել «Վահանավանքի վանական համալիրը» գրքույկի տեքստի կեսը «գրագողության» տեսքով արտագրվելու մասին, այն է՝ 1984թ. հրատարակված Գ.Գրիգորյանի «Վահանավանք» բուկլետից։ Նրանում XIII դ. պատմիչ Ստ. Օրբելյանի «100-ի հասնող միաբանություն» ունենալու իմաստն աղավաղվել ու տրվել է՝ «Ավելի քան 100 վարդապետ ունեցող մեծահարուստ վանքին» իմաստը։
Ըստ հայցվորի, «Գլաձոր» տեսաֆիլմում էլ ասվել է, որ Գլաձորի համալսարանը գոյատեւել է 60 տարի։ Մինչդեռ այն գոյատեւել է 104-106 տարի։ Արենիի Ս. Աստվածածին եկեղեցին անվանվել է Ս.Գրիգոր Նահատակ, որն ակնհայտ անճշտություն է։
Պատասխանող Աշոտ Փիլիպոսյանը «Իրատես de facto» թերթի 2013թ. հունիսի 38-39 համարներում, պատասխանի իրավունքով հրապարակված «Եղիր գիտունին գերի, մի եղիր անգետին սիրելի» հոդվածում, «ծաղրանքի ենթարկելու» եղանակով, «իր անունը արատավորող սուտ տեղեկություններ տարածելու միջոցով» հրապարակայնորեն վիրավորել է հայցվորին, նրան անվանել «պատահական գրչակ», «չար կայմական»…, «զրպարտել է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը»։
Արգամ Այվազյանը հայցադիմումում գրել էր, թե «Պատասխանողին ճանաչում է շատ վաղուց` առնվազն 1980-ական թվականների սկզբներից։ Համատեղ` ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Մինչ այս հայցը, պատասխանողի հետ չեն ունեցել թե աշխատանքային եւ թե գիտական ոչ մի վեճ ու վիճաբանություն կամ էլ՝ որեւէ այլ բնույթի պաշտոնական տարաձայնություններ»։

Հայցվորը հայտնել էր, որ իր մատենախոսությունում քննարկված հարցերը բացառապես գիտական են, եւ ինքը ոչ մի անգամ դուրս չի եկել քննարկվող հարցերի մատենախոսական շրջանակից կամ էլ որեւէ վիրավորական կամ զրպարտչական արտահայտություններ հրատարակել նրանց հեղինակներին:

Աշոտ Փիլիպոսյանն էլ առարկել էր հայցի դեմ, հայտնելով, որ հայցն ամբողջությամբ անհիմն է եւ ենթակա է մերժման: Ըստ պատասխանողի, հայցադիմումում բերված պնդումներն իրականում օբյեկտիվորեն եւ անաչառ չեն ներկայացնում իրենց կողմից «Իրատես de factoե» թերթի 2013թ. հունիս ամսվա թիվ 38-39 համարներում հրապարակած «Եղիր գիտունին գերի, մի եղիր անգետին սիրելի» հոդվածում ներկայացված այն բազմաթիվ խնդիրները, որոնք որպես պատասխան տպվել են Ա. Այվազյանի նույն թերթի 2013թ. ապրիլ-մայիս ամիսների թիվ 28-31 համարներում հրապարակած «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» կողմնակալ հոդվածաշարին ի պատասխան։ Պատասխանը բնավ էլ Ա. Այվազյանի արժանապավությունը վիրավորելու կամ համբավը նսեմացնելու նպատակ չի հետապնդել, «Ազգ» եւ «Իրատես de factoե» թերթերում նրա հրապարակավ արված միտումնավոր գրավոր հրապարակումներին ի պատասխան, օբյեկտիվորեն ներկայացրել է խնդրի իրական եւ խորքային հիմնահարցերը։

Ըստ պատասխանողի, Ա. Այվազյանն այդ մասնագետը չէ. «նա այլ ոլորտի մասնագետ է, ինչը ֆիքսված է նաեւ բուհից ստացած նրա դիպլոմում։ Ուստի հայցադիմումի 4-րդ էջում նրա կողմից բերված «իմ մատենախոսությունում քննարկված հարցերը բացառապես գիտական են» արտահայտությունը բնավ էլ չի առնչվում նրա մասնագիտական պատրաստվածությանը։ Չի կարծում, որ նման իրողության փաստումը պետք է, որ վիրավորի Ա.Այվազյանի պատիվն ու արժանապատվությունը»։

Ինչ վերաբերում էր Ա.Այվազյանի արտահայտածին՝ «Ա. Փիլիպոսյանը անտակտ եւ ոչնչով չպատճառաբանված կարգով, գիտական բանավեճի սահմանները հատելով… անդրադարձումներ է կատարել իր աշխատանքային գործունեությանը», պատասխանողը գրել էր, որ նա «ուզում է հայտնել, որ Ա. Այվազյանի հետ ինքը որեւէ գիտական բանավեճեր չի ունեցել, դա ինքը որպես հնագետ եւ պատմական գիտությունների դոկտոր կատարում է միայն իր ոլորտի մասնագետների հետ։ Դրանց թվին Ա. Այվազյանը չի պատկանում։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված՝ «անտակտ պահվածքին», ապա ուզում է հստակ հաստատագրել, որ մինչեւ իր վերոնշյալ հոդվածի հրապարակումը, Ա. Այվազյանը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի եւ նրա գործունեությանն առնչվող մի շարք այլ կազմակերպությունների մասնագետների հասցեին եւ թերթերում, եւ խորհրդակցություններում գրավոր եւ բանավոր կերպով, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել (դրանց մի մասը ֆիքսված են նաեւ վերոնշյալ խորհրդակցությունների արձանագրություններում)»:

Դատարանին պատասխանողը հայտնել էր, որ Ա. Այվազյանը տեղյակ չէ, որ 1980-ական թթ. ինքն աշխատել է Քարաշամբի դամբարանադաշտում եւ կորստից փրկել սեփական հողամասերի համար հատկացված տարածքների տակ մնացող հարյուրավոր դամբարաններ։

Հայցվորը պահանջել էր, որպեսզի պատասխանողը ենթարկվի պատասխանատվության, նշյալ լրատվականի միջոցով լրիվ հրապարակվի դատարանի վճիռը, նկատի ունենալով, որ վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, վիրավորանքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով փոխհատուցում վճարել իրեն։

Իսկ զրպարտության մասով, նույն լրատվության միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, դրանք են` պատասխանողը հանիրավի իրեն զրպարտել է որպես «շարունակական քննադատող-վարկաբեկող հրապարակումներ կատարող», «ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտից դուրս մնացած», ՊՈԱԿ-ում 2007-2010թթ. որպես տնօրենի գիտական գծով աշխատած տարիներին «որեւէ էական գործ չձեռնարկող», ՊՈԱԿ-ի գործունեությունը «քննադատող ու վատաբանող»…, զրպարտության մասով սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել իրեն։

Պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով իրեն պատճառված գույքային վնասները` 784.000 դրամի չափով, ներառյալ ողջամիտ դատական ծախսերը եւ իր խախտված իրավունքների վերականգնման համար կատարված ողջամիտ ծախսերը։

Վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով իրեն պատճառված վնասները առաջացել են դատական ծախսերից` վճարել է 4000 ՀՀ դրամ պետական տուրք, իր խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել է փաստաբանական ծառայության, որի համար պետք է վճարի 300.000 դրամ։

Դատարանը մերժել է հայցը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031