Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեւանի երաժշտական կամերային պետական թատրոնն իր հիմնադրի վերադարձից հետո ամեն ինչ սկսելու է 0-ից

Հոկտեմբեր 17,2014 14:30

Առիթ ունեցել ենք նախկինում ակնարկելու, որ մեր մշակութային օջախների ղեկավարների մեծ մասն իրենց դիրքը դիտում են որպես «կաթողիկոսական աթոռ», ասել է թե՝ ցմահ: Այդուհանդերձ, կան մասնագետներ, որոնք անփոխարինելի են: Այս դեպքում խոսքը մեզանում հազվադեպ հանդիպող մասնագիտության՝ երաժշտական թատրոնի ռեժիսորի մասին է, մասնավորապես՝ Արմեն Մելիքսեթյանի, որը Երեւանում 1997թ. հիմնադրեց երաժշտական կամերային պետական թատրոնը՝ ղեկավարելով մինչեւ 2006թ.: Պաշտոնավարման տարիներին նա բեմադրեց Կարլ Օրֆի «Բեռնաուերի դուստրը», Լոյդ Վեբերի «Կատուները», Պլամանդոնի եւ Կոչիանտեի «Քվազիմոդո եւ Էսմերալդան» եւ այլ ներկայացումներ: Ընդ որում, ռեժիսորը բեմ հանեց նաեւ հայ հեղինակի՝ Արամ Սաթյանի «Լիլիթ» փոփ-օպերան: Ընդ որում, Մելիքսեթյանի՝ թատրոնից հեռանալուց հետո մշակութային այս օջախը փոխեց իր ուղղվածությունը երաժշտականից՝ դրամատիկական:
Ութ տարի անց Արմեն Մելիքսեթյանը հրավիրվել է ղեկավարելու իր հիմնած թատրոնը: Այդ ընթացքում առիթ ունեցել ենք դիտելու ռեժիսորի աշխատանքներն այլ թատրոններում, այդ թվում՝ Բերթոլդ Բրեխտի «3 գրոշանոց» օպերան Համազգայինի բեմում, Ա. Այվազյան-Գ. Երիցյան «Ուշ լինի, նուշ լինի»-ն Կոմեդիայի թատրոնում, Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողական բեմում, Մեթերլինգի «Կույրերը» ռոք-օպերան եւ այլն: Իսկ ֆրանսիական մամուլից 2008թ. տեղեկացանք Ազատ Մանուկյանի «Չարի վերջը» մելիքսեթյանական մանկական մյուզիքլի մասին, որը ռեժիսորն իրականացրել է Նիցցայի «Bon Voyage» թատրոնում՝ տեղի քաղաքապետարանի հրավերով:

«Առավոտը» հանդիպեց ռեժիսորին: Նախ հետաքրքրվեցինք՝ այս պահին իր մասնագիտական կարծիքը թատրոնի մասին: «Նոր-նոր եմ սկսել դիտել ներկայացումները, իսկ դրանք խաղացանկում 7-ն են: Հանդիպել եմ դերասանական կազմի հետ: Մի բան ակնհայտ է. թատրոնը փոխել է իր ուղղվածությունը, դարձել դրամատիկ թատրոն: Դիտել եմ 2 մանկական ներկայացում (Մելիքսեթյանից հետո խաղացանկից հանվել են նրա բոլոր բեմադրությունները): Ասել, թե դրանք զուտ երաժշտական են՝ չեմ կարող, որովհետեւ ընդամենը համեմված են երաժշտությամբ, այն էլ՝ ոչ կենդանի կատարումով: Այս պահին ինձ առաջին հերթին հետաքրքրում են դերասանները, նրանք պետք է համապատասխանեն երաժշտական թատրոնի արտիստի չափանիշներին, այսինքն՝ տիրապետեն վոկալ արվեստին, պարարվեստին եւ խոսքին: Նշեմ, որ վերջնագիր չեմ դրել դերասանների առջեւ. եթե նրանք կբավարարեն պահանջները, բնականաբար, կշարունակեն աշխատանքը թատրոնում, թեեւ առաջիկայում կհայտարարվի մրցույթ: Այսօրվա դրությամբ ավելին չեմ կարող ասել»,- հայտնեց Արմեն Մելիքսեթյանը: Ինչի՞ց է սկսելու կամ ո՞րն է լինելու առաջին աշխատանքը հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Պարզ է, որ խաղացանկում պետք է լինեն միայն երաժշտական ներկայացումներ: Մտադիր եմ բեմադրել նաեւ կամերային օպերաներ, մյուզիքլներ, այդ թվում՝ նաեւ մանկական: Ցանկություն ունեմ վերականգնել ժամանակին թատրոնի խաղացանկում եղած որոշ բեմադրություններ: Պատրաստ եմ համագործակցել մեր կոմպոզիտորների հետ: Խնդրեմ, նրանք կարող են ներկայացնել իրենց ռոք, փոփ օպերաները կամ երաժշտական այլ ուղղվածության գործեր: Թատրոնն այսօր չունի առաջին անհրաժեշտության հաստիքներ, այդ թվում՝ դիրիժորի, կոնցերտմայստերի եւ այլն»: Ռեպլիկին՝ իսկ կամերային նվագախումբ…, մեր զրուցակիցն ասաց, որ դա իր հետագա պլանների մեջ է մտնում, բայց ոչ թե կամերային նվագախումբ, այլ երաժիշտների կամերային կազմ, նշելով, որ կենդանի նվագակցությունն այլ հաճույք է՝ առաջին հերթին արտիստի համար: Մի խոսքով՝ ամեն ինչ պետք է սկսել զրոյից:

Արմեն Մելիքսեթյանը 1992թ. հրավիրվել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտ, այսօր նա պրոֆեսոր է, մեներգի եւ բեմական շարժման ամբիոնի վարիչը: Դիտարկմանը՝ իր արվեստանոցում ուսում առած երաժշտական թատրոնի դերասանները հավանաբար կհրավիրվեն Երաժշտական կամերային թատրոն, ռեժիսորն ասաց, թե իր ուսանողներից ոմանք արդեն իրենց գտել են այլ թատրոններում, ոմանք էլ Հայաստանում չեն, մի քանիսն աշխատում են իրենց մասնագիտությամբ, 1-2-ն էլ այս պահին շարունակում են ուսումը արտերկրյա համալսարաններում:

Պարոն Մելիքսեթյանից ցանկացանք լսել կարծիք՝ բացի իր ղեկավարած թատրոնից, նաեւ թանկ հաճույք համարվող մեր երաժշտական մյուս թատրոնների (օպերա, կոմեդիայի թատրոն) մասին: «Իսկապես թանկ հաճույք է, մշակութային այս օջախներին անհրաժեշտ են բարձրակարգ լուսա-ձայնային տեխնիկա, շքեղ հագուստներ, դեկորներ: Մենք, իհարկե, կձգտենք դրան հասնելուն: Հուսով եմ, որ մեր թատրոնի նորանշանակ տնօրենը՝ Վարդան Գրիգորյանը, որն իրազեկ է ոլորտից, կաշխատի այդ ուղղությամբ, ստեղծելով անհրաժեշտ, հետագայում նաեւ՝ շքեղ պայմաններ, ինչը կարեւոր է թատրոնի առաջընթացի, զարգացման համար: Այս ամենն, իհարկե, խոսքից գործ կդառնա՝ համագործակցելով մշակույթի նախարարության հետ»,- հայտնեց Արմեն Մելիքսեթյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031