Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցողին չեն թույլատրել դիսկոտեկ, ու նա դատի է տվել

Հոկտեմբեր 17,2014 13:30

«IDEAS. ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար» թեմայով համաժողովի մասնակիցները հետաքրքիր դրվագներ ներկայացրին

Կիեւում շարունակվում են Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ եւ ԵՄ աջակցությամբ հոկտեմբերի 13-ից մեկնարկած «IDEAS. ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար» թեմայով համաժողովի աշխատանքները: Համաժողովը կավարտվի հոկտեմբերի 17-ին:

Միջոցառման ժամանակ անդրադարձ եղավ այն հարցին, թե ինչպես է լուսաբանվում հաշմանդամության թեման մասնակից երկրներում: Պարզվեց՝ վիճակը հիմնականում նույնն է խորհրդային տարածքի բոլոր երկրներում՝ մամուլում հաշմանդամություն ունեցող անձը կամ հերոսացվում է, կամ ներկայացվում իբրեւ խղճահարության արժանի մեկը:
Մեծ Բրիտանիան ներկայացնող մարզիչ Ջոֆ Ադամս-Սթինկը նշեց, որ երկու ձեւով աշխատելն էլ արդյունավետ չէ, պետք է տուրք չտալ ծայրահեղություններին: Նրա խոսքով, եթե լրագրողները գրում են նման թեմաներով, կոռեկտ նյութ պատրաստելու համար պետք է հարցնել հաշմանդամություն ունեցողին, ինչպես է հարմար նրանց ներկայացնել հաղորդման կամ հրապարակման մեջ:

Հայաստանի ներկայացուցիչները նշեցին, որ ներառական թեմաներով հրապարակումներում պետք է հավասարակշռված լինել, ներկայացնել հաջողված պատմություններ, օգտագործել ճիշտ բառեր ու եզրույթներ: Կարելի է այլ «հնարքի» եւս դիմել, օրինակ՝ կոռուպցիայի կամ մշակութային որեւէ միջոցառման մասին գրելիս, կարելի է մեկնաբանություն ստանալ նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանցից՝ առանց ուղիղ նշելու այդ մասին. բավական է տեղադրել տեսանյութ: «Ունիսոն» հ/կ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանը դեռեւս միջոցառման բացմանը փաստել էր, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորելն ավելի շատ բարեգործության ընկալում ունի, քան նրանց մասնագիտական որակները գնահատելու արդյունք է: Նա նաեւ ցավով նշեց, որ հաճախ միայն սայլակով տեղաշարժվող մարդկանց են ասոցացնում հաշմանդամության հետ, իրականում հաշմանդամության տեսակներն ու կարիքները տարբեր են եւ երբ խոսքը գնում է հարմարեցման մասին, պետք է հաշվի առնել յուրաքանչյուր անձի կարիքները:
Բազմաթիվ կարծիքներ հնչեցին, որ հաշմանդամություն ունեցող անձինք եւս պետք է հետեւողական լինեն իրենց իրավունքների հարցում: Օրինակ, Ուկրաինայի ներկայացուցիչները պատմեցին, որ իրենց երկրում հաշմանդամություն ունեցող աղջիկը ցանկացել է դիսկոտեկ գնալ, նրան չեն թույլատրել: Աղջիկը, սակայն, չի ընկրկել: Նա դատի է տվել դիսկոտեկը եւ շահել դատը:

Համաժողովի բոլոր օրերի առանցքում այն միտքն էր, որ ներառական թեմայով որոշումների կայացման ժամանակ պարտադիր է հաշմանդամություն ունեցողների մասնակցությունը: Ընդ որում, ինչպես նշեց հաշմանդամություն ունեցող մարզիչ Սաադիա Նիլսոնը, եթե կա որեւէ խնդիր, դա ոչ թե հաշմանդամություն ունեցողի խնդիր է, այլ համակարգի ու հասարակության:

Միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ 100 եւ ավելի երկրներ միացել են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային, որտեղ առկա է նաեւ համապատասխան տերմինաբանությունը, որը իրավական փաստաթուղթ լինելուց բացի, յուրատեսակ այբբենարան է հիշեցնում՝ ոլորտում աշխատողների համար:
Ադրբեջանի ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ հաշմանդամություն ունեցողները իրար հետ նույնպես պետք է ճիշտ եզրույթներով խոսեն, այլապես, նրա ձեւակերպմամբ, արդարացի չէ, որ հաշմանդամություն ունեցողին դա թույլատրելի լինի, չունեցողին՝ ոչ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կիեւ-Երեւան

«Առավոտ» օրաթերթ
16.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031