«Հույսի կամուրջ» հ/կ նախագահի անսովոր ցանկությունը
«Հույսի կամուրջ» հ/կ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը, որը օրերս նշեց իր ծննդյան տարեդարձը, որոշել էր անձամբ ընտրել իր նվերները: Դիմելով գործընկերներին, բարեկամներին ու ընդհանրապես բարի մարդկանց՝ Սուսաննա Թադեւոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդես էր եկել հետեւյալ հայտարարութամբ՝ «Այսօր իմ ծննդյան օրն է: Ես առանձնապես իմ ծննդյան օրը նշել չեմ սիրում, բայց այս տարի որոշել եմ այն բարուն ծառայեցնել: «Հույսի կամուրջ» կազմակերպությունը զբաղեցնում է իմ կյանքի կարեւորագույն 18 տարիները: Այս 18 տարիների ընթացքում ես հանդիպեցի հազարավոր հրաշալի մարդկանց, գործընկերների եւ ընկերների, ովքեր օգնեցին ինձ, իմ «Հույսի կամուրջ» ընտանիքին եւ շահառուներին` կառուցելու ներառական, արդար եւ ընդունող հասարակություն մեր փոքրիկ Հայաստանում, մի հասարակություն, ուր ամեն ոք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք, ապրում են արժանապատիվ կյանքով: Ես հպարտ եմ, որ մաս եմ կազմում «Հույսի կամուրջի»` կազմակերպության, որ անվերապահորեն պայքարում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների համար:
Ինձ համար ամենամեծ նվերը կլինի, որ իմ ծննդյան օրը դուք գոնե մեկ ծաղիկի գումար նվիրատվություն անեք «Հույսի կամուրջի» Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Իջեւան եւ Նոյեմբերայն քաղաքների համայնքային կենտրոններին` հոգալու 5-6 ամիսների ջեռուցման ծախսերը: Խնդրում եմ հաշվի առնել իմ ծննդյան այս անսովոր ցանկությունը: Միասին մենք կարող ենք տաք ձմեռ պարգեւել մեր կենտրոնների ծառայություններից օգտվող շուրջ 1200 հաշմանդամություն եւ այլ սոցիալական, կրթական եւ հոգեբանական հատուկ կարիքներ ունեցող երեխաների եւ երիտասարդների»:
«Առավոտը» Սուսաննա Թադեւոսյանից նրա անսովոր ցանկության առնչությամբ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ որոշեցիք այդպիսի նվեր խնդրել եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք: Արդեն քանի՞ հոգի է Ձեր ուզած ձեւով շնորհավորել, եւ որքա՞ն գումար կկարողանա հավաքել: «Տավուշի մարզի մեր 4 կենտրոնների ջեռուցումը մեզ համար լուրջ ֆինանսական խնդիր է: Տարածքները մեծ են` յուրաքանչյուրը 300 քմ է եւ ավելի, դրանք ջեռուցելու համար մեզ աջակցություն է պետք: Միջինը՝ յուրաքանչյուր կենտրոնի ջեռուցման ծախսը կազմում է 150000-ից մինչեւ 180000 ՀՀ դրամ: Այդ պատճառով որոշեցի խնդրել իմ բոլոր ընկերներին՝ իմ ծննդյան օրը իրենց նվիրատվությունները կատարեն մեր կենտրոններին: Իհարկե, ես չեմ ակնկալում նվիրատվությունների մեծ չափ, բայց առնվազն ուրախ կլինեմ, որ նման մշակույթ ձեւավորվի եւ մարդիկ նախընտրեն նվեր տալու այդ տարբերակը: Դժվարանում եմ ակնկալվող գումարի չափ գրել, սա առաջին անգամ է, եւ ես նման փորձ նախկինում չեմ ունեցել»,- պատասխանեց նա՝ հավելելով, որ անկախ գումարի չափից, իրենք նվիրաբերված գումարի մասին մանրամասն հաշվետվություն են ներկայացնելու: Սուսաննա Թադեւոսյանն ավելացրեց, որ նույն խնդրանքով դիմել է նաեւ արտասահմանյան գործընկերներին:
Կարդացեք նաև
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Բոլոր նրանք, ովքեր դեռ ցանկություն ունեն օգնելու «Հույսի կամուրջին», կարող են իրենց նվիրատվությունը կատարել հետեւյալ հաշվեհամարին` HSBC Բանկ Հայաստան, «Հույսի կամուրջ» հ/կ: Հաշվեհամար` 217-001-029263-007:
«Առավոտ» օրաթերթ
16.10.2014