Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկեցին ԵՏՄ-ի օգուտներն ու վնասները

Հոկտեմբեր 16,2014 22:33

«Եվրասիական տնտեսական նոր հարաբերությունները կբերեն Հայաստանում արտադրության ընդլայնման ու արդիականացման, կձեւավորվի տնտեսական գոտի, որտեղ զրոյացված կլինեն  մաքսային վճարները: Էներգակիրները, այդ թվում վառելիքը կներկվի հատուկ շուկայականից ցածր գներով»,- այսօր Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության  նախաձեռնած «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները» խորագրով համաժողովի ժամանակ ասաց դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Նա մեջբերեց  եվրասիական զարգացման բանկի ուսումնասիրությունը՝ ԵՏՄ-ին  Հայաստանի անդամակցության օգուտները պարզելու վերաբերյալ: Ըստ այդ ուսումնասիրության, Հայաստանը միայն գազի ցածր գնի՝ 185 դոլար եւ մաքսավճարի զրոյացման պարագայում տարեկան կտնտեսի 140 միլիոն դոլար, իսկ ՀՆԱ-ի արտադրանքի ցուցանիշը կավելանա մինչեւ 4,5 %: Պարոն Սարգսյանի համոզմամբ,  սոցիալտնտեսական նոր քաղաքականությունը կխթանի տեղական արտադրությանը, ինչը կբերի նոր աշխատատեղեր ու կկրճատի արտագաղթը, կավելանան ներդրումները: Ռուսական երկաթուղի ընկերությունն էլ մտադրվել է հայկական երկաթգծի արդիականացման համար ներդնել 500 միլիոն դոլար:

Քաղաքացիներից մեկն էլ հետաքրքրվեց, այդ պարտքի մեջ մտնելով (նկատի ունի ԵՏՄ-ի անդամակցությունը) նույն խնդիրները չե՞ն լինելու ներմուծման ու արտահանման ժամանակ,քանի որ չունենք ընդհանուր սահման, այդ երկրների հետ: Քաղաքացին մտահոգություն հայտնեց, որ ներմուծվող ապրանքների գները  կրկնապատկվելու են: Նա նաեւ հիշեցրեց, որ  երկու օր առաջ էլ մեծ-մեծ գումարներով Ռուսաստանը զենք վաճառեց Ադրբեջանին:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ վստահեցրեց, որ գազի համար վճարողներն իրավունք ունեն նման հարցեր բարձրացնել. «Տեղին է ու ժամանակավրեպ չէ այդ հարցը բարձրացնել, գնի մեջ ի՞նչ է ներմուծվում»:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ դժգոհեց, որ այդպես էլ թափանցիկ տեղեկատվություն չստացավ գազի սակագնի վերաբերյալ.«Թե ինչպես է 179 դոլարը դառնում 400 դոլար: Արեք դրա մասին խոսենք: Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին Արամ Գասպարյանը բազմաթիվ բաներ ասաց, բայց չասաց, որ դա նաեւ վերահսկողություն է, որ հանկարծակի տեղական իշխանությունները իրենց համար գներ չսահմանեն: Դա բիզնես է ու ոչ մի կանոնի մեջ չի տեղավորվում: Եվ մենք՝  հարկատուներս, իրավունք ունենք ասել՝ բացատրեք մեզ, միգուցե լավ չենք հասկանում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031