Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Ցոլակյանի դիտողությունները` հայ լրագրողներին. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2014 21:07

Aravot.am-ը Շիրակի գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին` որպես տպագիր թերթերն ու բոլոր էլեկտրոնային կայքերը հետևողականորեն ուսումնասիրող ու լրագրողների հետ մշտապես շփվող պաշտոնյայի, խնդրեց իր գնահատականը հնչեցնել լրագրողների աշխատանքի մասին:

«Ընդհանուր առմամբ ես գիտեմ, որ միջազգային կառույցների կողմից ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանը  մամուլի ազատության առումով ավելի գերադասելի, բարձր տեղ է զբաղեցնում, քան հարևան երկրները և ուրիշ երկրներ: Կա այդպիսի բան, որ Հայաստանում մամուլն առավել ազատ, համենայնդեպս անուն ունի, այդպես էլ կա իրականում: Բազմաթիվ լրատվամիջոցներ ունենք, և լրատվամիջոցների  աշխատանքի համար արգելքներ չեմ տեսնում, վերցենք Շիրակը, ես Շիրակի մարզի հետ կապված կարող եմ խոսել: Շիրակը երևի հանրապետության այն մարզն է, որտեղ լրատվության դաշտի բոլոր ներկայացուցիչները կան. կա և սուր քննադատող մամուլ, և կա չափավոր և կա ավելի, այսպես ասեմ, իրականությանը համընթաց գնացող մամուլ, տարբերություններ կան նույնիսկ էս փոքր մասշտաբի մեջ, շատ մեծ տարբերություն կա մամուլի տարբեր միջոցների միջև: Իրենց կարգավիճակի հետ կապված ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ասել, որ մենք` որպես իշխանության մարմին, որևէ մեկի նկատմամբ որևէ ոտնձգություն կատարած լինենք կամ որևէ մեկին ինչ-որ տեղ արգելք հանդիսացած լինենք որևէ հարց լուսաբանելու հարցում: Ընդհառակը մամուլի հետ մեր հարաբերությունները շատ բաց են, ազատ են, և էս հարաբերությունների արդյունքում շատ հարցեր կարող են լուծում ստանալ մարզում, որոնք կարող էին առանց մամուլի ձգձգվել կամ ավելի ուշ ինֆորմացիա ունենայինք կամ օպերատիվ չլիներ այդ տեղեկությունը, և այլն և այլն»,- ասում է Ֆելիքս Ցոլակյանը:

Մարզպետը կարծում է, որ հայոց պետականության ստեղծման ժամանակաշրջանից սկիզբ առած մամուլի ու այսօրվա մամուլի միջև շատ նմանություն կա: Ըստ նրա, եթե 20 թվականի այդ ժամանակաշրջանի թերթերը ընթերցենք, հետաքրքիր կապ կտեսնենք , վերջիններիս հաղորդած տեղեկությունները շատ իրար նման են: «Հետաքրքիր նմանություններ կգտնեք հոդվածների, քննադատության ուղղվածության կամ նույնիսկ հայտարարությունների միջև: Ես այստեղից եզրակացնում եմ, որ բավականին քիչ բան է փոխվել մեր կյանքում, ավելի շատ տեխնիկայի զարգացման առումով է բան փոխվել, մարդու ապրելակերպն է փոխվել, արժեքներն են փոխվել բավականին շատ, բայց հիմնական մարդկային գործոնը, մարդկային հարաբերությունները, գրեթե նույնն են մնացել: Էն ժամանակ էլ համարյա թեմաները նույնն էին, էսօր էլ նույն են մնացել: Էսօր մամուլի տեխնիկական հնարավորությունները շատ ավելի մեծ են մամուլի և դրանք թույլ են տալիս, որ տեղեկատվությունը ստանան շատ օպերատիվ»:

Ֆելիքս Ցոլակյանն ասում է, որ ինքը հին սովորություն ունի առավոտյան տպագիր թերթեր կարդալու, որից հետո նոր միայն անցնում է կայքերի ուսումնասիրմանը: Մարզպետը, շնորհավորելով մամուլի աշխատակիցներին, ցանկացավ, որ լրագրողներն ավելի օբյեկտիվ լինեն և որ ժուռնալիստիկայով զբաղվեն պրոֆեսիոնալները, շփման կարողություն ունեցող մարդիկ: Լրագրողներն էլ իրենց վրա շատ աշխատեն:  Նա պատմեց, թե ինչպես են վերջերս աղավաղել իր խոսքը, իրադարձությունը լուսաբանող լրագրողներից մեկը   այնպիսի մի խոսք է  գրել մարզպետի անունից, որը վերջինս զարմացել է: Մարզպետն ասում է, թե ինքը այդպես էլ չհասկացավ, թե ինչու է այդպես վարվել լրագրողը. չէ որ բոլոր լրագրողներն են ներկա եղել այդ հանդիպմանը, լսել են , թե ինչ է հնչել: «Շատ են սիրում գնահատական տալ, ես կարծում եմ, որ լրատվամիջոցների մեծ մասի խնդիրը պետք է լինի ուղղակի տեղեկատվություն  տալը: Գնահատականը թողնենք ընթերցողին, որովհետև պատահում է` ոչ տնտեսագետը տնտեսագիտության հետ կապված է գնահատական տալիս, ոչ իրավաբանը իրավաբանության հետ կապված է գնահատական տալիս, այստեղ արդեն հարցեր են առաջանում, կարդացողը , մասնագետը տեսնում է, որ այստեղ արդեն սխալներ կան, էստեղ կորցնում է օբյեկտիվությունը և ամեն ինչը»,- ասում է Շիրակի մարզպետը:

Մանրամասները` տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031