Տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի թափուր տեղի համար, ինչպես այսօր գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը, կառավարության ներսում կատաղի պայքար է ընթանում: Ըստ նույն աղբյուրի հիմնական հավակնորդը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է: Թերթը նշել է, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի թեկնածության շուրջ էլ խոսակցություններ կան:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստին Արմեն Գեւորգյանն ազատվեց տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնից` իր դիմումի համաձայն:
Aravot.am-ն այսօր Հարություն Մեսրոբյանից հետաքրքրվեց` որպես կառավարման փորձագետ ինչ կարծիք ունի Գագիկ Բեգլարյանի թեկնածության մասին:
-Ինձ, որպես կառավարման փորձագետ, ամբողջությամբ չի հետաքրքրում այս իրավիճակը, դա կառավարման հետ որեւէ կապ չունի: Եթե վարորդը վարորդ չէ, ինձ նրա ազգանունը չի հետաքրքրում: Այսպես կոչված` վերնախավի 98%-ը, լինի դա իշխանական, թե` ընդդիմադիր, կամ ոչ իշխանական, ընդհանրապես հետաքրքիր չէ, եւ որեւէ արդյունք նրանց անունների տակ մի փնտրեք: Ի՞նչ տարբերություն` Պողոսն է տապալելու, թե` Պետրոսը:
Կարդացեք նաև
-Ի՞նչ եք կարծում` միշտ տարբեր պաշտոններ զբաղեցրած Գագիկ Բեգլարյանը կտապալի՞, թե ոչ այդ նախարարության ծրագրերը:
-Մեզ մոտ բոլոր ոլորտները տապալված են, որովհետեւ 1991 թվականից ստեղծվել է փակ համակարգ, որը, 23 տարի իշխանության թեւում են, ընդդիմադիր թեւում են, եւ այլն, եւ հիմա մենք ունենք այն երկիրը, որն ունենք: Հիմա ի՞նչ պետք է լինի, որ նույն ազգանունների տեր մարդիկ, հանկարծ իրենց միտքը, հոգին փայլատակի եւ Հայաստանը սկսի ծաղկել:
Հիշեցնենք, որ 2010 թվականին, երբ Գագիկ Բեգլարյանը Երեւանի քաղաքապետն էր, ծեծել է ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգային բաժնի աշխատակից Արամ Կանդայանին: Վերջինս համարձակվել էր Բեգլարյանի տիկնոջը խնդրել տեղափովել այլ նստարան հանրահայտ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի Երեւանում կայացած համերգի ժամանակ, ինչն էլ զայրացրել էր Բեգլարյանին, ու ծեծի ենթարկել երիտասարդին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ