Կանադահայ ֆեմինիստ, տեսախաղերում կանանց կարծրատիպերի դեմ պայքարող Անիթա Սարգսյանի դասախոսությունը Յուտայի համալսարանում չեղյալ է հայտարարվել, այն բանից հետո, երբ անհայտ անձը միջոցառման կայացման դեպքում սպառնացել է ահաբեկչություն իրականացնել համալսարանում, հայտնում է «Պոլիգոն» պարբերականը:
Սարգսյանի դասախոսությունը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 15-ին: Համալսարանի կանանց և գենդերային հետազոտությունների բաժնից հայտնել են, որ հոկտեմբերի 14-ին էլ-փոստի միջոցով իրենց սպառնալիքներ են ուղարկել հետևյալ բովանդակությամբ՝ «Եթե նրա դասախոսությունը չեղյալ չհայտարարեք, խոստանում եմ Մոնրեալի սպանդի ոճով վերացնել ներկաներին»:
Մոնրեալի պոլիտեխնիկի սպանդը տեղի ունեցել 1989թ.: Այդ ժամանակ ֆեմինիզմի դեմ պայքարի անունից Մարկ Լեպինը սպանել է 18 հոգու, որոնցից 14-ը՝ կին, իսկ հետո ինքնասպանություն գործել:
Հաղորդագրություն ուղարկողը պնդել է, որ Յուտայի համալսարանի ուսանող է ու ավելացրել. «Դուք ինձ երբեք չեք գտնի, բայց շուտով կիմանաք իմ անունը»:
Համալսարանի Թվիթերյան էջում նշվում է, որ ոստիկանությունը դեպքի առիթով հետաքննություն է սկսել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ