Լրահոս
Օրվա լրահոսը

Այն մասին, թե ինչպես Սադամ Հուսեյնը ճաշկերույթի հրավիրեց Աղասի Շաբոյանին ու Գյումրու կուլտուրայի բաժնի վարիչին. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2014 19:28

Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, որը երկար տարիներ գլխավորել է Գյումրու, այնուհետ մարզի մշակութային ոլորտը, Գյումրու տոնին ընդառաջ Aravot.am-ին հետաքրքիր մի դրվագ պատմեց  այս քաղաքի մշակութային կյանքից: Ըստ Հասմիկ Կիրակոսյանի, 1993 թվականին, երբ ինքը Գյումրու կուլտուրայի բաժնի վարիչն էր, Աղասի Շաբոյանի պարային համույթի հետ մեկնեց  Իրաք պարի միջազգային փառատոնին մասնակցելու:

IMG_4003

«Հերթական պարային համույթների փառատոնն էր Իրաքում` Բաբելոնում: Հետաքրքրությունն այն էր, որ փառատոնը տեղի պիտի ունենար հին ամֆիթատրոնում, որը պատմական արժեք ուներ, այդտեղից մի քիչ հեռու գտնվում էր Նինվեն` Շամիրամի նստավայրը` իր 7 արքայական դռներով: Շատ հետաքրքիր տարածք է, պատմական: Ես գնացել էի իմ շատ սիրելի վարպետի` Աղասի Շաբոյանի հետ: Դուք գիտեք, որ Շաբոյանի ոգին այնպիսին էր, որ եթե նա ներկա էր, հայոց պարը պիտի դոփեր այնպես, որ աշխարհը լսեր: Փառատոնին ներկա էր լինելու Իրաքի ղեկավար Սադամ Հուսեյնը`իր երկու զավակների հետ: Նրանցից մեկը հաշմանդամ էր, դժվարությամբ էր տեղաշարժվում, իսկ մյուսը` բավականին ջահել, կարճահասակ էր: Իմիջայլոց, ասեմ, որ իրենց դայակը հայ էր , և տղաները բավականին շատ հայերեն երգեր գիտեին, և հայերեն բառեր գիտեին, հիմնականում դրական, լավ իմաստ արտահայտող բառեր`դու սիրուն ես, դու լավն ես, Հայաստանը լավն է, ահա այսպիսի բառեր: Դա դայակի դաստիարակության արդյունքն էր:

Պարային համույթները շարքերով պտտվում էին փողոցներում, հետո իրենց դրոշներով, ղեկավարների ուղեկցությամբ շարժվում էին դեպի համերգային սրահ`աֆիաթատրոն: Փառատոնին ավելի շատ Արևելքն էր գերիշխում, Արևելքի երկրների մասնակցությունը, ու ես մտածում էի` ի՞նչ անենք, որ մեզ գերազանցող չլինի: Ես լսեցի, որ մեզանից առաջ Թուրքիան էր ելույթ ունենալու, հետաքրքրվեցի` մե՞ծ անսամբլ են բերել, մե՞ծ համույթ է, ադմինիստրատորը մեզ պատասխանեց, որ իրենք փորձն են նայել Թուրքիայի, մի քանի նվագարաններ են, երգող էլ չունեն: Էդպես է ներկայանալու Թուրքիան: Երբ իմացա այս մասին, սկսեցի հայկական մեծ դրոշ փնտրել, մեր տարած դրոշը, եռագույնը փոքր էր: Ճիշտ է` փոքր դրոշով մեծ գործեր կարող ես անել, որովհետև դա Հայաստանի դրոշն է, բայց բոլոր դեպքերում դրոշն էլ պիտի մեծ լինի: Եվ հետաքրքրվեցի, որ Դաշնակցության տեղի գրասենյակում կա մեծ դրոշ, գիշերով գնացի, մեքենայով բերեցի, Շաբոյանի աղջիկներին արդուկել տվեցի, հատակին փռած արդուկեցին, տարա տվեցի տեխնիկական աշխատողին: Համապատասխան երկաթյա ձողը մտցնել տվեցինք դրոշի մեջ, փաթաթել տվեցինք,և ես ասացի` հենց հնչի հայոց զուռնան, անպայման էդ պահին դրոշը թող դանդաղ վերևից իջնի:

Ասեմ, որ մեզանից առաջ Թուրքիան բեմ բարձրացավ` շատ անշուք, մոխրագույն մի ելույթով: Բայց հենց զիլ զուռնան հնչեց, ոչ մի երկրի պատվիրակություն ելույթ չուներ, հաղորդավարներն էին միայն խոսում, ես գնացի, ասեցի` ես ուզում եմ խոսք ասել և թարգմանչի միջոցով ես բեմ դուրս եկա: Բեմ դուրս եկա ու երկու ձեռքս երկինք պարզած ասի` ողջո՛ւյն հայեր, չեք պատկերացնի` ինչ կատարվեց ,ամբողջ ջահերը, կրակները վառվեցին ամֆիթատրոնի տարբերտրիբունաներից և էնպիսի գոռոց բարձրացավ.  Հա~յա~ստա~ն էին վանկարկում, կարծես ողջ ժողովուրդն էր վանկարկում , բայց չէ՞ որ բոլորը հայրեր չէին: Հայերի գոռոցն էնքան շատ էր, որ ներառեց իր մեջ բոլորին, էնպիսի տպավորություն ստեղծվեց, կարծես Հայաստանն էր մենակ ներկա: Ես ջերմ խոսք ասացի` ուղղված Սադամ Հուսեյնին, ասացի, որ նա դարավոր թշնամի ժողովուրդների, ազգերի բերել ու բարեկամացնում է, և բարեկամությունը պիտի իշխի աշխարհում, ոչ մի սերունդ չի ծնվել շուտ մեռնելու, արհեսատական մեռնելու համար, թող հնչեն մուսաները, թող լռեն թնդանոթները», -պատմում է տիկինը:

Նրա ներկայացմամբ, իր խոսքի ժամանակ Սադամ Հուսեյնը ոտքի է կանգնել ու սկսել է ծափահարել, որից հետո ծափահարություններով ոտքի են կանգնել բոլոր ներկաները : Իսկ երբ Հասմիկ Կիրակոսյանի խոսքից հետո հնչել է զուռնան ու բեմ է բարձրացրել Շաբոյանի պարային խումբը, ամֆիթատրոնը քարացել է: «Իմ խոսքից հետո զուռնայի տակ մտավ բեմ բարձրացավ Շաբոյանի խրոխտ, այդ հրաշք պարային համույթը, քոչարի պարեցին մի քանի դհոլների հարվածների տակ: Տեսնել էր պետք, թե ինչ կատարվեց…Մենք շատ հոգնած վերադարձանք հյուրանոց , որ վայելեինք էդ օրվա հաճույքը: Դեռ տեղ չէինք հասել, երբ մարդիկ եկան ու ասացին`տիկնոջը ու Աղասի Շաբոյանին այդ հրաշք ելույթի համար Սադամ Հուսեյնը հրավիրում է ճաշկերույթի:Մենք սիրով գնացինք, և այդ օրը ես Սադամ Հուսեյնից ականջողեր նվեր ստացա: Այսպիսին է Գյումրին`իր մշակույթով… », ասում է Հասմիկ Կիրակոսյանը:

Մանրամասները` տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruzan says:

    ՆՈՒՆՈՒ ՋԱՆ ; փշաքաղվեցի–էս ինչ պատմություն էր,,,,,ապրե՛ս

  2. Գագիկ Վարդանյան says:

    բռավոոոոոոո,դուք հրաշք եք տիկին

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031