Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Glendale Life show»-ն կեսգիշերից առա՞ջ ցուցադրել, թե՞ հետո

Հոկտեմբեր 16,2014 19:20

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունը հոկտեմբերի 6-ին բաց նամակ է հղել ՀՀ նախագահին, Հանրային խորհրդի նախագահին և Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահին:

Առիթը «Հ2» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Glendale Life show» հաղորդումն է, որում, ըստ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնության անդամներ Պավել Սարգսյանի և Տիգրան Մարտիրոսյանի, մի շարք խախտումներ կան՝ սկսած ցուցադրման ժամից մինչև գործածվող լեզուն. «Այս հաղորդումը չի կարելի կեսգիշերից շուտ ցուցադրել, մինչդեռ այն ցուցադրվում է 22:10-ին: Եվ մենք նամակով պահանջում ենք, որ կանխվի «Glendale Life show»-ի ցուցադրությունն այդ ժամին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:

«Ըստ ձեզ՝ այդ հաղորդումը էրոտի՞կ է»,- հարցրեց «Հ2» հեռուստաընկերության լրագրողը:

«Այո, էրոտիկ է»,- պատասխանեց Տ. Մարտիրոսյանը:

«Իսկ ինձ համար էրոտիկ չէ»,- եղավ լրագրողի պատասխանը:

«Հեռուստաընկերությունները հիմնականում առաջնորդվում են վարկանիշ (ռեյտինգ) ասվածով: Եվ դա բնական է,- ասաց Տ. Մարտիրոսյանը,- նրանք իրենց շահույթի համար այդ վարկանիշը պիտի ապահովեն, բայց մեր կարծիքով այդ ռեյտինգը չպետք է լինի հասարակության բարոյազրկման հաշվին: Այսինքն՝ պետք է սահմանված չափորոշիչներ լինեն, որոնք դեռ չկան, եղածներն էլ հստակ չեն»:

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնության անդամները վերջին շրջանում դրական տեղաշարժեր էլ են նկատում. «Օրինակ՝ «Հ1»-ն արդեն ունի լավ հաղորդումներ: Մեկ տարի առաջ այն լրիվ այլ հեռուստաալիք էր,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տ. Մարտիրոսյանը,- նախորդ տարի, երբ առաջին անգամ դիտեցի «Հայադարան» հաղորդաշարը, այն ինձ համար իսկապես բացահայտում էր, շատ տպավորված էի: Դրանից հետո լավ հաղորդումները շատացան, ինչպես, օրինակ, Ցվետաննա Պասկալևայի «Նվիրյալներ» հաղորդաշարը: Ճիշտ է, լավ չէ, որ ռուսերեն է. ցավոք, Պասկալևան էլ հայերենի խնդիր ունի, բայց իմ կարծիքով արժե, որ հենց նա վարի այդ հաղորդումը»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, «Հ1»-ից բացի, մշակութային բավականին լավ հաղորդումներ ունեն նաև «Ար»-ը և «Երկիր մեդիան». «Մյուս հեռուստաընկերություններն էլ են, կարծես թե, սկսել այդ սկզբունքով առաջնորդվել»,- հավելեց նա:

Ըստ Տ. Մարտիրոսյանի՝ հեռուստատեսությունը հիմա ամենաշատը մանկական հաղորդումների պակաս ունի. «Ժամանակին «Հայրենիք» հեռուստաալիքը լրացնում էր այդ բացը և շատ լավ էր լրացնում: Հիմա այդ բացն զգալի է»,- ասաց նա:

Մեր զրուցակցի կարծիքով հեռուստաեթերն ուղղակի հագեցած է շոուներով ու սերիալներով. «Չափից շատ են շոուները: Ճիշտ է, մարդկանց դա գրավում է, բայց ամեն գրավիչ բան չէ, որ պիտի անընդհատ մատուցես ու մատուցես,- համոզված է Տ. Մարտիրոսյանը,- իսկ սերիալները, անիմաստ լինելուց բացի, նաև բացասական ազդեցություն ունեն: Եթե գոնե չեզոք լինեին, չէինք բողոքի: Չեմ ասում՝ սերիալներ մի նկարեք, բայց կարելի է, չէ՞, որակով սերիալներ նկարել»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031