ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իր իրավունքների պաշտպանության համար դիմել է «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի նախկին ֆինանսիստ Գ. Բ.-ն: Գ. Բ.-ի ներկայացրած խնդիրը, ինչպես պարզվեց, շատ ավելի խորն արմատներ ունի, քան կարելի էր պատկերացնել:
«Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի գլխավոր ֆինանսիստ Գ. Բ.-ի աշխատանքից ազատման համար որպես հիմք հանդիսացել է Գեղարքունիքի մարզպետարանի վերստուգող Սոնյա Սիմոնյանի կողմից իրականացված ստուգման արդյունքում բացահայտված խախտումը: Ինչպես հետագայում հարուցված քրեական գործի շրջանակներում է պարզվել, ֆինանսիստը որևէ խախտում չի կատարել: Այս առումով արդարությունը վերականգնվել է, սակայն հենց նույն քրեական գործի շրջանակներում թույլ են տրվել մի շարք ակնհայտ խախտումներ:
Այսպես, ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում 2013 թ. առաջին կիսամյակի աշխատանքային ծրագրով նախատեսված հիմքով ուսումնասիրվել են «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի դեմ ներկայացված դատական հայցերը:
Հարուցվել է քրեական գործ, որով հետազոտվել են մի քանի հանցագործություններ, այդ թվում վերոհիշյալ դեպքը, որի վերաբերյալ քննիչ Դ. Վ. Շահբազյանի կողմից կայացվել է որոշում՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս քրեական գործի շրջանակներում քննարկվել են նաև 2 այլ խախտումների դեպքեր՝ «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրեն Հասմիկ Ղազարյանի և նույն հաստատության գլխավոր հաշվապահ Զ. Ալավերդյանի կողմից իրականացված: Այսպես, 2011 թ. հունիսի 23-ին Հասմիկ Ղազարյանը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.8 հոդվածով ենթարկվել է վարչական տույժի 161.100 ՀՀ դրամի չափով:
2012 թ. դեկտեմբերի 26-ին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 236-րդ հոդվածով Հասմիկ Ղազարյանը ենթարկվել է 60000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի: Թե՛ առաջին, ու թե՛ երկրորդ դեպքերում Հասմիկ Ղազարյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հանձնարարել է կազմակերպության գլխավոր հաշվապահին վերոհիշյալ տուգանքները վճարել «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի միջոցներից, այն է՝ պետական սեփականություն հանդիսացող գումարից: Այս պատմության ամենաուշագրավ մասը՝ վերոնշյալ մասով նույնպես քրեական գործը կարճվել է հաշվապահի դեպքում համաներման կիրառմամբ, իսկ տնօրենի դեպքում՝ իրադրության փոփոխման հիմքով:
Թե ինչպես է իրադրությունը փոխվել և ինչ պատճառներով է Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Դ. Շահբազյանը կայացրել այսպիսի որոշում, մնում է անհասկանալի: Դատական պրակտիկայում դժվար կլինի գտնել այսպիսի գործ, երբ նման իրավիճակում քրեական գործը կարճվի նախաքննության փուլում, առանց դատական կարգով քրեական գործի լուծման: Տվյալ դեպքում ակնհայտ է քննիչի և քրեական գործով մեղադրվող տնօրենի միջև համաձայնության առկայությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ