Հայաստանի ողջ տարածքում հեռուստատեսային հեռարձակման անալոգային համակարգից 2015թ. հուլիսի 10-ից անցում կկատարվի թվային համակարգի։
Թվայնացման գործընթացն իրականացնում է հայտարարված մրցույթում հաղթող
ճանաչված շվեդական «Էրիքսոն» կազմակերպությունը։ Այն ոլորտի շատ հայտնի
ներկայացուցիչներից մեկն է և ենթակապալային պայմանագրեր ունի համաշխարհային
ճանաչում ունեցող այլ արտադրողների հետ։
Գործընթացը մոտենում է եզրագծին։ Աշխատանքների ավելի քան 80 տոկոսը
կատարված է։ «Էրիքսոն» ընկերության կողմից առաքվել է պայմանագրով
նախատեսված սարքավորումների 88 տոկոսը։ Թվայնացման տեխնիկական առաջադրանքը
12 մլն դոլար էր գնահատվել, որից անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների
ձեռքբերման համար նախատեսված է ավելի քան 8 մլն դոլար:
Ենթակառուցվածքի նախապատրաստման միջոցառումների շրջանակում «Հայաստանի
հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի (ՀՀՌՑ) կողմից ավարտվել է
Երևանի գլխամասային կայանի և մարզային 5 կայանների տեխնիկական տարածքների
վերանորոգման և համապատասխանեցման աշխատանքները։ Մարզային
միկրովերահաղորդիչ կայաններում տեղադրելու համար ձեռք է բերվել 95 նոր
աշտարակ և 150 հեռահաղորդակցման խցիկ։
Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում ավարտվել են նոր
հեռուստաաշտարակների հիմքերի տեղադրման աշխատանքները: Մյուս մարզերում
ընթացքի մեջ է հիմքերի փորման, զուգահեռաբար՝ նաև դրանց տեղադրման
գործընթացը։
Հայաստանում ամբողջական հեռուստածածկույթ ապահովելու նպատակով ավելի քան
95 նոր հեռուստակայան կստեղծվի։ Այդ բոլոր աշխատանքները կավարտվեն
սահմանված ժամկետներում։
Հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելուց հետո Երևանի և
մերձակա բնակավայրերի բնակիչները, հնարավորություն կունենան բացառապես
անվճար դիտելու 18, իսկ մարզային բնակավայրերում՝ 9 հեռուստածրագրեր։
Ներկայում գոյություն ունեցող բոլոր ալիքները ներառված կլինեն սոցիալական
փաթեթի մեջ։
Թվային հեռարձակման փուլում վերազինման և վերակազմավորման
անհրաժեշտություն կունենան նաև հեռուստաընկերությունները, ինչը կենթադրի
հավելյալ ներդրումներ։
Ավարտվել է Երևանի գլխամասային կայանի մոնտաժման աշխատանքների առաջին
փուլը։ Աշտարակի 270մ մակարդակում, որը մոտավորապես 100 հարկանի շենքի
բարձրություն է, ներկայում մոնտաժվում է 96 պանելներից բաղկացած համակարգը,
որը պահում է անտենայի պանելային գոտիները։ Կայանի վերջնական մոնտաժը և
թեսթավորումը կիրականացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում։
Հայաստանի բնակչության ունեցած հեռուստացույցների մեծ մասը թվային չէ։
Թվային հեռուստատեսություն դիտելու համար մարդիկ պետք է նոր հեռուստացույց
գնեն կամ ձեռք բերեն դեկոդեր, որը թվային ազդանշանը կդարձնի անալոգային։
Սոցիալական բաղադրիչ ունեցող անապահով ընտանիքներին դրանք կտրամադրվեն
անվճար, մյուսներին՝ մատչելի գներով:
Թվայնացման դրական արդյունքներն ակնհայտ տեսանելի կլինեն մարզային
բնակչության համար։ Հատկապես այն մարզերում, որտեղ դիտում են ընդամենը 2-5
հեռուստածրագիր՝ 9-ը հեռուստածրագրերի երաշխավորված հեռարձակումը մեծ
առաջընթաց կլինի։
Հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելու գործընթացն
իրականացվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աջակցության և խիստ
վերահսկողության ներքո։ Նախարարությունը փուլ առ փուլ ապահովում է
ֆինանսական բոլոր հոսքերը, համագործակցությունը միջազգային գործընկերների
հետ։ Ուշադրության կենտրոնում են գործընթացի 3 հիմնական՝ իրավական,
տեխնիկական, սոցիալական բաղադրիչները։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն