Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, տեղի ունեցավ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի պատրաստած «Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացի մասին զեկույցի» շնորհանդեսը: Շնորհանդեսի ընթացքում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ թվայնացման ընթացքում գործում է երկու մոդել:
Առաջին մոդելը հենվում է այն երեւույթի վրա, որ երկրում հեռարձակվող լրատվամիջոցների արդյունաբերությունը այնքան է զարգացած, որ ինքն է շահագրգռված եւ պատրաստ ներդրումներ անել, իսկ պետությունից կախված է միայն օրենսդրական ապահովումը:
Իսկ երկրորդ մոդելի դեպքում հեռարձակվող լրատվամիջոցների արդյունաբերությունը այդքան էլ զարգացած չէ, եւ ինքը իր ռեսուրսներով չի կարողանում ապահովել թվայնացման գործընթացի հետեւողական եւ արդյունավետ իրականացումը: Այդ դեպքում պետության դերն էլ շատ ավելի մեծ է.
«Փաստորեն, վերջին տաս տարիների ընթացքում երկրորդ մոդելը Հայաստանում հանդիպեց բավականին շատ դժվարությունների: Այդ դժվարությունները կապված էին նրա հետ, որ շատ էին անորոշությունները եւ ոչ հետեւողական մոտեցումները»:
Կարդացեք նաև
Նա համարում է, որ անհրաժեշտ է լուրջ իրազեկման աշխատանքներ կատարել, որպեսզի արդյունաբերության ներկայացուցիչները եւ հանրությունը հասկանան, թե ինչպիսի միջավայրում է այդ գործընթացը տեղի ունենալու: Բորիս Նավասարդյանը բերեց Վրաստանի օրինակը, որտեղ նույնպես ուշացումով են սկսվել իրազեկման աշխատանքները. «Ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանում ապահովվեց բոլոր գործող հեռուստաընկերությունների շարունակական աշխատանքը, այսինքն՝ այնտեղ չստեղծվեց իրավիճակ, եւ նույնիսկ մարզային լրատվամիջոցները անորոշ վիճակում հայտնվեցին եւ չգիտեն արդյոք նրանք շարունակելու են աշխատել իրենց լսարանի համար, թե՞ ոչ: Մեր վրացի գործընկերները դրան կարողացան հասնել նրա շնորհիվ, որ խորհրդարանում ընդունվեց որոշում, ըստ որի հնարավորություն ընձեռվեց ստեղծել մասնավոր մուլտիպլեքսներ: Դա հնարավորություն տվեց մարզային լրատվամիջոցներին ձեւավորել իրենց փոքր եւ սահմանափակ հզորության մուլտիպլեքսները»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ