Երևանում Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի շենքի նախկին տարածքում ՀԱՊԿ ակադեմիայի շինարարության աշխատանքները շարունակվում են: Սակայն մասնագետները և հուշարձանների պաշտպանությամբ զբաղվող փորձագետները ահազանգում են, որ այն կատարվում է ի հաշիվ պատմամշակութային արժեք համարվող դպրոցի շենքի: Մտահոգություններ կան, որ շենքի ճակատը քանդվել է շինարարության ընթացքում: Ուշագրավ է նաև այն, որ շենքը կառուցվում է «Պահպանելով հինը` կառուցենք նորը» խորագրով: Նշենք նաև, որ մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր է նշանակվելու ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Aravot.am-ը ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց` իսկապե՞ս քանդվել է շենքի ճակատը և եթե այո, ապա ինչպե՞ս են պահպանելու շենքը, քանի որ դա նախապես խոստացվել է: Պարոն Մարգարյանը պատասխանեց. «Ոչ թե քանդվել է, այլ շենքի ճակատային մասը փլուզվել է: Երբ շենքերը անուշադրության են մատնվում, դրանք փլուզվում են: Ինչ վերաբերում է շինարարական աշխատանքներին, ապա ամեն ինչ ընթացել է օրենքով սահմանված կարգով, համարակալվել են բոլոր քարերը, որ հնարավոր լինի պատմաճարտարապետական տեսքը վերականգնել: ՀԱՊԿ ակադեմիան միջազգային, կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, և մեծ ջանքեր է գործադրվել, որ բոլոր ՀԱՊԿ անդամ երկրներից այն կայանա ու գործի հենց Հայաստանում»:
Այնուհետև պարոն Մարգարյանը հավելեց, թե «դպրոցի նախկին շենքը 30-ականների շենք էր, այն ամբողջությամբ ֆիզիկապես կայունությունը կորցրել էր և ենթակա էր փլուզման: Նման շենքերը երբեմն կարող են փլուզվել նաև քամուց»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց` արդյոք հնարավո՞ր է շենքի պատմամշակութային տեսքը պահպանել, երբ ճակատային մասը փլուզվել է, պարոն Մինասյանը պատասխանեց. «Հնարավոր չէ: Ընդհանրապես ճարտարապետական այդպիսի կառույցը, որ նշանակություն ունի, երբ համադրվում է որևէ կազմակերպության հետ, քանի որ նրանք ավելի մեծ հակումներ ունեն վերակառուցման և այլն, որոշվում է, որ այդ պատմամշակութային հուշարձանի միայն ճակատն է մնում, որը ամենավտանգավորն է և որը վերջին տարիներին ձեռք բերած «չակերտավոր» հաջողություններից է»:
Պարոն Մինասյանին փոխանցեցինք` Հովհաննես Մարգարյանի այն պատճառաբանությունը, թե շենքը 30-ականների էր, այն ժամանակին չէր պահպանվել, ուստի կարող էր անգամ քամուց փլուզվել, պարոն Մինասյանը պատասխանեց. «Շենքը կայուն էր և նրան պետք էր միայն ամրացնել»:
Մեր հստակեցմանը, կարելի՞ է ասել, որ Երևանում պատմամշակութային ևս մեկ հուշարձան կորցրինք, ճարտարապետն արձագանքեց. «Այո, կարելի է ասել կորցրինք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ