Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ թեժ պայքար է սպասվում». Արմեն Մարտիրոսյան

Հոկտեմբեր 16,2014 16:52

Երևանում այսօր մեկնարկեց Միջազգային կոմունիկացիոն երկօրյա բիենալեն, որի նպատակներն են աշխարհի տարբեր անկյունների գովազդային ընկերությունների միջև կապերի զարգացումն ու ամրապնդումը, եվրոպական և ասիական գովազդային գործակալությունների միջև փորձի և գիտելիքների փոխանակումը, ինչպես նաև ուսանողների և գովազդային ոլորտի աշխատողների մասնագիտական աճը:
Բիենալեին ներկայացված մոտ 320 աշխատանքների 10%-ը Հայաստանից են:
«Սա բավականին մեծ թիվ է,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի միջազգային կոմունիկացիոն բիենալեի նախագահ Արմեն Մարտիրոսյանը,- համեմատաբար ավելի շատ աշխատանքներ կան Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, կան աշխատանքներ նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Լատվիայից, Էստոնիայից, Իրանից, Սինգապուրից և այլ երկրներից: Ընդհանուր առմամբ, բիենալեին մասնակցում են մոտ 17 երկրների ներկայացուցիչներ»:

Պարոն Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ բիենալեին ներկայացված աշխատանքները կմրցեն ինը անվանակարգերում, որոնք են՝ հեռուստատեսային և վիդեո գովազդ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր մեդիա, ռադիո գովազդ, գրաֆիկ դիզայն, մարքեթինգային արշավներ, ՓիԱռ արշավներ, գիրք, սոցիալական գովազդ:

Յուրաքանչյուր անվանակարգում կտրվի մրցանակ լավագույն աշխատանքի համար, կշնորհվի նաև բիենալեի «Գրան պրի»: Ենթաանվանակարգերում մրցող աշխատանքները մրցատյանի որոշմամբ կարժանան առաջին, երկրորդ և երրորդ մրցանակների:
«Մեզ թեժ պայքար է սպասվում,- համոզված է միջազգային կոմունիկացիոն բիենալեի նախագահը,- քանի որ բիենալեին ներկայացված աշխատանքների մեծ մասն արդեն հաղթել է այլ փառատոների ժամանակ: Ամենակարևորն այն է, որ հայաստանցի ստեղծագործողը պայքարի, մրցակցի աշխարհի ստեղծագործողների հետ, իր աշխատանքների թերությունները նկատի և առավելությունները զգա»:
Հավելենք, որ Միջազգային կոմունիկացիոն բիենալեն կտևի մինչև հոկտեմբերի 18-ը: Այդ ընթացքում նաև վարպետաց դասեր կանցկացվեն Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031