«Ես ոստիկաններին ասում եմ հանցագործ, ստոր, սրիկա…Նրանք այդպիսին են: Եվ ունեմ բազմաթիվ փաստեր սրա վերաբերյալ: Վիրավորանք, ըստ օրենսգրքի, չի կարող համարվել այն, ինչ համապատասխանում է իրականությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Վարդգես Գասպարին:
Ոստիկանության Կենտրոն բաժինն ամիսներ առաջ հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Վարդգես Գասպարիի՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ վկայակոչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածն ու պահանջը ձևակերպելով 172.3-րդ հոդվածով: Ըստ հայցի, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարող ոստիկանին Գասպարին նաև վիրավորել է:
Ուսումնասիրելով հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը՝ Վարչական դատարանը, դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, որոշել է, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման` պատճառաբանությամբ, որ պատասխանողի կամ դատավարության մասնակիցների բնակության (գտնվելու) վայրով հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենների հանձնումն անհնարին է իրականացնել:
Սակայն այսօր կայանալիք դատական նիստը անորոշ ժամանակով հետաձգվեց՝ դատավորի հանրապետությունում չլինելու պատճառով:
Ապրիլի 4-ի ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նրա ընկերների երթի վերջնակետում՝ ՀՀ դատախազության մոտակայքում, Գասպարին պաստառ բռնած փորձել է անցնել մայթը՝ հետիոտնի համար թույլատրելի մասով՝ ակցիան շարունակելու համար. «Ոստիկանները փորձեցին ինձ հրելով տանել փողոցի մյուս մայթ, հրելով վայր գցեցին, այնուհետև բերման ենթարկեցին և արդեն հայց ներկայացրին:
Կարդացեք նաև
Ինձ վրա վարչական ու ֆինանսական ուժ են կիրառում այն բանի համար, որ ես իշխանությանը՝ մասնավորապես ոստիկանությանը մատնացույց եմ անում իրենց արած հանցագործությունները: Երբ ասում եմ, որ ոստիկանը մարդ է սպանում՝ ինձ վրա տույժեր են կիրառում, որպեսզի ես դա չասեմ:
Իշխանության յուրաքանչյուր ներկայացուցիչ իր վերադասի առջև ոչնչություն է, և այդպես էլ պահանջում է քաղաքացիներից: Ոստիկանության համար էական չէ, թե Գասպարին ինչ է, ինչ հայացք ունի, ինչ մոտեցում ունի: Նրանք ուզում են, որպեսզի ես իրենց նման ոչինչ լինեմ: Սա է մեծագույն խնդիրը»,- հավելեց նա:
Սյունե ՍԵՎԱԴԱ