Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Նախագահը կարևորել է Եվրամիության շարունակական աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են բանակցային գործընթացի վերջին զարգացումներին՝ Սոչիի և Նյուպորտի գագաթնաժողովների, ինչպես նաև ամռանը Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածության մեծացման համատեքստում:
Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը երկուստեք համոզմունք են հայտնել, որ խաղաղ բանակցային ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ հնարավոր ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Հերբերտ Զալբերը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանն ու բոլոր այն գործնական քայլերին, որոնք կարող են ձևավորվել խաղաղ բանակցային գործընթացում և նպաստել հակամարտության հանգուցալուծմանը: ՀՀ Նախագահը շեշտել է, որ հարցի արդար կարգավորման առանցքը Ղարաբաղի ժողովրդի կողմից ազատ կամարտահայտության միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է:
Կարդացեք նաև
ԵՄ հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ այս փուլում բանակցությունների արդյունքների վերաբերյալ սպառիչ տեղեկությունների և որոշակի պարզաբանումների համար՝ նշելով, որ ստացած տեղեկությունները կզեկուցի ԵՄ անդամ պետություններին:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ս.թ. հոկտեմբերի վերջին Փարիզում Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից ակնկալիքների վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ