ՀՀ գլխավոր դատախազի կողմից, քրեական գործ է հարուցվել «Սևան» նոտարական տարածքի նոտար Արմինե Բեջանյանի կողմից խարդախության եղանակով զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Նոտար Արմինե Բեջանյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասով կատարած հանրորեն վտանգավոր արարքի հիմնավոր կասկածի առկայությամբ, քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ: Դատախազի որոշմամբ, նոտարի պաշտոնավարումը դադարեցվել է:
ԱԱԾ նախապատրաստած նյութերով պարզվել է, որ 2013թ հոկտեմբերից մինչև 2014թ մայիս Ա. Բեջանյանը նյութական օգուտ ստանալու նպատակով, օգտագործելով իր ծառայողական դիրքը՝ նոտարական գործողությունների կապակցությամբ իրեն դիմած քաղաքացիներին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել նոտարի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափի վերաբերյալ, նրանցից պահանջել ու ստացել ՀՀ օրենսդրությամբ սահմանված նոտարական ծառայությունների և պետական տուրքի համար նախատեսված գանձումների չափերը գերազանցող գումարներ՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն:
Գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ Արմինե Բեջանյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նախաքննությունը շարունակվում է:
Հարգելի քաղաքացիներ, ՀՀ դատախազությունը հիշեցնում է, որ նոտարական գործողությունների համար գանձվող պետական տուրքի և նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները, ինչպես նաև դրանց՝ նոտարական գրասենյակում՝ նոտարական ծառայություններից օգտվողների համար տեսանելի տեղում փակցված լինելը, սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ: Հետևաբար նոտարի կողմից, սահմանվածից ավելի գումար պահանջելն ապօրինություն է և քաղաքացին կարող է այդ մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին:
ՀՀ դատախազություն
Կարդացեք նաև