Վերջին՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցել է մոտ 16 000 մարդ:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Ըստ նրա, ոստիկանությունը ապակուսակցական մարմին է, եւ գերխնդիրն էլ մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունն է:
Նա նշեց, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում զանգվածային միջոցառումների ժամանակ գրանցվել է 13 766 դեպք, որից 61-ը կատարվել է տարբեր հասարակական վայրերում, 29-ը՝ Երեւանի հասարակական վայրերում:
Փոխոստիկանապետը 9 ամիսների աշխատանքն ամփոփեց 6 րոպեի ընթացքում, ապա պատասխանեց հարցերին: Եթե գնահատելու լինենք նրա ներկայացրածը, ապա այն ավելի քան լավատեսական էր:
Կարդացեք նաև
Պատասխանելով հնչեցված հարցերից մեկին, թե Սիսիանի քաղաքապետն ասել է, որ ոստիկանության մեքենաներն իրենց քաղաքինը չեն եղել վերջերս տեղի ունեցած հավաքի ժամանակ, նա ասաց՝ ոստիկանները կարող են լինել ցանկացած վայրում. հանցագործության աշխարհագրությունն այլ է.
«Առաջին եւ վերջին անգամ չէ, որ հանրահավաք է լինում, մենք մեր գործն ենք անում»:
Ըստ նրա, հանրապետությունում վերահսկվել է իրավիճակը:
302 դեպքով աճել են բնակարանային գողությունները, նվազել են առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելու, թրաֆիքինգի, սեռական բռնությունների դեպքերը:
9 ամիսների ընթացքում 402 դեպք է գրանցվել, կապված զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության հետ:
Առգրավվել է 790 միավոր զենք:Նկատելի է, հրազենով, հրազենի գործադրմամբ կատարված դեպքերի բացահայտման աճ:
Փոխոստիկանապետի տեղեկացմամբ, նվազել են նաեւ խմբային՝ խմբերի կողմից կատարված հանցագործությունները:
Ինչ վերաբերում է բացահայտմանը, մասնավորապես, նվազել են անձնական գույքի գողության, խարդախության գործերով բացահայտումները:
Գործընկերներիցս մեկի հնչեցրած հարցին, թե «Հավատո՞ւմ է Իջեւանի ոստիկանապետին», որի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նա ասաց՝«հավատը իրավական կատեգորիա չէ, գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում, կա անմեղության կանխավարկած, սպասենք»:
Փոխոստիկանապետին տրվեցին հարցեր, մասնավորապես, վերջին շրջանում կատարված սպանությունների հետ , մասնավորապես, Արարատի մարզում, եւ նա պատասխանում էր, որ նախաքննություն է ընթանում:
Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 1192 ծառայողական քննություն է եղել, 90-ով ավելի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
600 ոստիկան ենթարկվել է ծառայողական տույժի, 24-ին զբաղեցրած պաշտոնի համար անհամապատասխան են ճանաչել:
72 ոստիկան աշխատանքից ազատվել է: Ի դեպ, 26 ոստիկան դատապարտվել է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ