Եռյակի ներսում կան լուրջ տարաձայնություններ, օրինակ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք հրաշալի քառյակում անելիք չունեն, Րաֆֆի Հովհաննիսյանը News.am-ին ասել էր, որ միասնական օրակարգ եռյակը չունի: Aravot.am-ը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին հարցրեց՝ այս տարաձայնությունները չե՞ն խանգարի միասնական օրակարգ ձեւավորելու եւ նպատակին հասնելու համար: Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Չեմ կարծում: ՀՅԴ-ի մեջ էլ իշխանափոխության խնդիրը առկա է: Իրենք առաջինն էին, որ ասում էին, որ մեզ պետք է համակարգային փոփոխություն: Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ-ի հետ կապված ունի ուրույն դիրքորոշում, բայց հիմա գիտեք, դա էական չի: Հասարակությունն ինքն է դարձել քաղաքական ուժերին թելադրող: Ինձ համար կոնկրետ ոգեւորիչ է, որ ԲՀԿ-ն, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, ինքն է այդ գործընթացների հիմնական լոկոմոտիվը եւ իրենք, ի պատիվ իրենց, ասել են, որ մինչեւ վերջ տանելու են այս շարժումը»:
Մեր դիտարկմանը, որ եռյակում լիդերներ չկան, երեք ուժերն էլ վստահեցնում են, որ իրենք հավասար իրավունքներ ունեն, եւ հավասար դիրքերում են՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Այնտեղ բոլոր որոշումները, ես գիտեմ, որ ընդունվում են կոնսենսուսով: Եթե որոշակի խնդիրներ են առաջանում ֆինանսական, միկրոֆոնների տեղադրման եւ այլն, եւ այլն, դե թող բոլորն էլ հավասար մասնակցություն ունենան»:
Մեր հարցին՝ այսինքն, փողի առումով քանի որ հավասար չեն, ուրեմն լոկոմոտիվը Գագիկ Ծառուկյա՞նն է՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Ոչ միայն փողի առումով, այլեւ գաղափարական, քաղաքական ելույթների, հեռուստատեսության, հազար ու մի խնդիր կա, ռեսուրսների առումով է: Շարժումը պատկերացնել առանց ռեսուրսների՝ այսօր շատ դժվար է: Մարդիկ գտնվում են շատ ծանր վիճակում»:
Մեր հարցին՝ Արծվիկ Մինասյանն ասել է, որ սա մարդափոխություն է լինելու՝ Գառնիկ Իսագուլյանը հակադարձեց. «Ընդհակառակը: Սա այն շարժումն է, որտեղ մարդափոխության խնդիր չկա, կա համակարգային փոփոխության խնդիր: Եթե այդ համակարգային փոփոխության խնդիրը չլինի, մնացած խնդիրները պարոն Ծառուկյանն այդ մասին այնքան հստակ ասեց, ասեց, որ վերարտադրության խնդիրը պետք է կանխել: Այդ մարդն ասաց, որ ինքը որեւէ ամբիցիա չունի, եթե ժողովուրդը կորոշի, որ ինքը պետք է առաջադրվի, ինքն ուղղակի աջակցելու է»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք, իսկ ինչ եք կարծում, ժողովուրդը պահանջո՞ւմ է՝ պարոն Իսագուլյանը պատասխանեց. «Հիմա դա արդեն պիտի գնալ ժողովրդից հարցնել, ես իրավունք չունեմ ժողովրդի անունից ասել: Ես իմ անունից կարող եմ ասել, որ բազմաթիվ անգամներ հանդիպել եմ այդ մարդուն եւ այն տպավորությունը, որ շատերը փորձում են փոխանցել հասարակությանը՝ կապված պարոն Ծառուկյանի հետ, իմ զրույցներով, ես տնտեսական խնդիրների վերաբերյալ, արտաքին քաղաքականության խոչընդոտների վերաբերյալ եւ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, շատ հրաշալի պատկերացումներ ունի եւ շատ հրաշալի առաջարկներ նաեւ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ