Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը պաշտպանեց Զարուհի Փոստանջյանի իրավունքները

Հոկտեմբեր 16,2014 15:39

Եռյակի ուժերի`ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ, խորհրդարանում կայացած այսօրվա նիստի օրակարգում առաջիկա քառօրյայի միասնական մարտավարության հարցն էր: Հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց նաև, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հետ կապված տեխնիկական հարցեր էլ են քննարկվել:

Լրագրողներից մեկի հարցին, հնարավո՞ր է, որ քառօրյայի ընթացքում եռյակը դիմի նաև բոյկոտի, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ցանկացած հարց քննարկելի է, այդ թվում նաև բոյկոտը, որը քաղաքական գործիք է, բայց այս պահին թույլ տվեք մեր նախաձեռնությունները նախապես չբացահայտել»:

Ինչ վերաբերում է նրան` եռյակն այս պահին քառյա՞կ է, թե՞ եռյակ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ այս պահին եռյակ է, սակայն իրենք արդեն ասել են, որ հնարավոր է ընդլայնում:

Ինչ վերաբերում է երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հայտարարություններին, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ չի պատրաստվում դրանք մեկնաբանել. «Ժառանգության» մեր գործընկերները ասել են, որ «Ժառանգության» պաշտոնական տեսակետը կարող է արտահայտել կուսակցության նախագահը, խմբակցության ղեկավարն ու մամուլի քարտուղարը, այլ հայտարարությունները մասնավոր են և պետք չէ դրանց արձագանքել, այնպես որ ես հետևելու եմ դրան: Ինձ ազատեք այդ կնոջ ասածները մեկնաբանելուց»:
Միևնույն ժամանակ Նաիրա Զոհրաբյանը պաշտպանեց Զարուհի Փոստանջյանի բողոքն ուղղված ԱԺ նախագահին, ով կրճատել էր պատգամավորի ելույթը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խորհրդարանական ժամ» հաղորդման ժամանակ: «Ես պաշտպանում եմ Զարուհի փոստանջյանի իրավունքը, որովհետև ոչ ոք իրավունք չունի կրճատել, մոնտաժել կամ գրաքննության ենթարկել պատգամավորի ելույթը, եթե այնտեղ չեն հնչել պատերազմի կոչեր: Ես դա համարում եմ բացարձակապես անընդունելի»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ եռյակը չի քննարկել սահմանադրական փոփոխությունների արդեն հրապարակված հայեցակարգը, այն պարզ պատճառով, որ սահմանադրական փոփոխությունների հարցը եռյակի օրակարգում չկա, ուստի անիմաստ է մտնել բովանդակային քննարկման մեջ:

Հարցին` եռյակը գործելո՞ւ է ժողովրդի պահանջներին համապատասխան, մանավանդ որ անցած հանրահավաքի ժամանակ անտեսվեցին ժողովրդի որոշ կոչեր ու պահանջներ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.«Եռյակը առաջ է գնալու սթափ, սառը ու կշռադատված քայլերով և չի ենթարկվելու որևէ պրովոկացիայի: Մենք հստակ գիտենք ժողովրդից եկող պահանջների մասին:

Նա նշեց, որ հաջորդ հանրահավաքի առանցքային պահը լինելու է Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթը: Նաիրա Զոհրաբյանը չկարողացավ հստակ պատասխանել, թե երբ է լինելու եռյակի լիդերների հանդիպումը, բայց չբացառեց այդ հանդիպման հավանականությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031