Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աջակցություն են ստանում հերթական ներդրումային ծրագրերը

Հոկտեմբեր 16,2014 13:49

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 2014թ. հոկտեմբերի 15-ի «2014 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» թիվ ՆՀ-544-Ն հրամանագրի՝ ՀՀ կառավարությունը որոշել է ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, աշխատանքների համակարգման նպատակով՝ մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովներ, հաստատել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը: ՀՀ պաշտպանության նախարարին, ՀՀ նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ:
Գործադիրը հավանություն է տվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն ներկայացվող ՀՀ երկրորդ ազգային զեկույցին, ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել մինչև ս.թ. հոկտեմբերի 22-ը ապահովել զեկույցի թարգմանությունը:

Երկրորդ զեկույցի նպատակն է ներկայացնել երկրի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև ցույց տալ նախորդ դիտարկումից՝ 2010 թվականից մինչև օրս մարդու իրավունքների ոլորտում ՀՀ ձեռքբերումներն ու մարտահրավերները:

Կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինակության վերահսկողության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին իր նախկին որոշման մեջ, «Կառուցվածքային ստորաբաժանումներ բաժինը շարադրելով նոր խմբագրությամբ:

Կառավարությունը հավանություն է տվել ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի ազգային դիտողական ցանցի զարգացման ծրագրին, որի նպատակն է գնահատել ստորերկրյա ջրերի որակական և քանակական փոփոխությունները, ապահովել դրանց պահպանումը և ռացիոնալ կառավարումը՝ շահագործման ընթացքում: Հանրապետության տարածքի ազգային ցանցում ծրագրով նախատեսվում են 128 դիտակետեր:
Մեկ այլ որոշմամբ հաստատվել է սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության ոլորտներում պետական վերահսկողության շրջանակներում իրականացվող նմուշառման կարգը, ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 19-ի «Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» թիվ 598-Ն որոշումը:
Որոշման ընդունմամբ ակնկալվում է սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության գործընթացները դարձնել առավել ամբողջական և հասցեական, հստակեցնել սահմանային վերահսկողության առանձնահատկությունները, դրանք համապատասխանեցնելով ՀՀ նոր օրենքների պահանջներին:

Աջակցություն ներդրումային ծրագրերին

Կառավարությունը հավանություն է տվել «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծին: ՀՀ կառավարությունը, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, VSEI ձեռնարկությունների խումբը և «Ալյոտիգ» ՍՊԸ-ն հանդես են գալիս մի ծրագրի շրջանակում, որի նպատակն օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած լցակույտերի (պոչամբարներ) ապարների վերամշակումն է: Նախնական հաշվարկներով ներդրումները կարող են կազմել շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլար, կստեղծվի շուրջ 1800 աշխատատեղ:
Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի ռետրոակտիվ ֆինանսավորման նպատակով կառավարությունը որոշել է հատկացնել նախագծային և մրցութային փաստաթղթերի առաջանցիկ պատրաստման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, որոնք հետագայում կվերադարձվեն ՀՀ պետական բյուջե դոնոր կազմակերպության վարկային միջոցներից:

Ներդրումային ծրագրի շրջանակում «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ հարկի գումարի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին որոշմամբ նախատեսված ծրագրի իրականացման ընթացքը ապահովելու նպատակով կառավարությունը լրացումներ է կատարել իր 2012թ. մարտի 22-ին ընդունած թիվ 329-Ա որոշման մեջ, ճշգրտելով ներմուծվող սարքավորումների ցանկը:
Հաշվի առնելով պետության կարիքների համար կնքված պետական գնման պայմանագրերի կողմերի կամքից անկախ գործոնների առկայությունը, կառավարությունը որոշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին լիազորություն տալ փոփոխություն կատարելու Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հաղորդակցուղիների տեղափոխման աշխատանքների և աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացման պետական գնման պայմանագրերում:

Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարությունը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի և Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությունը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած բարձրագույն կրթություն ունեցող անձանց ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ:

Նախագծով առաջարկվող հարցի առավել ճշգրիտ կարգավորումն ապահովելու նպատակով կառավարությունը կարգավորման առարկան առաջարկել է իր կողմից ներկայացված խմբագրությամբ, միաժամանակ կարծիք հայտնել, որ խնդիրը մեկ այլ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորման խնդիր է և օրենքի նախագիծը ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկության ընդունման դեպքում:

Քննարկելով ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին», «Արտոնագրային վճարների մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, կառավարությունը կիսել է հեղինակների մտահոգությունն ու նպատակադրումները սահմանային համայնքների տնտեսական ակտիվության բարձրացման, սոցիալական խնդիրների լուծման կապակցությամբ, առաջարկել կատարել մի շարք հստակեցումներ, ապա ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայացված առաջարկությունները նույնությամբ կրկնում են ՀՀ կառավարության օրենսդրական փաթեթի նպատակադրումն ու ուղղությունները, հեղինակներին առաջարկել բարձրացված խնդիրների լուծմանն անդրադառնալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության շրջանակում:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Կիրականացվի կրթության գերազանցության ազգային ծրագիրը

Կառավարությունն իր պահուստային ֆոնդից «Այբ» կրթական հիմնադրամին նվիրաբերության պայմանագրով տրամադրելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 213 միլիոն 838 հազար դրամ: «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, սկսում է իրականացնել Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի արդյունքում մեկ տասնամյակի ընթացքում կհավաստագրվի շուրջ 2 հազար միջազգային որակավորման ուսուցիչ: Նրանք կդառնան փոփոխություններ իրականացնողներ, կստեղծեն դպրոցներում դասավանդման նորագույն մոտեցումների տարածումը խթանող ցանց:

Բարձրագույն կրթության ոլորտում պետության և բուհերի կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման գործընթացը կանոնակարգելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել 2006թ. հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշման մեջ, ինչի շնորհիվ կհստակեցվեն տարբեր սոցիալական խմբերի ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման տրամադրման պայմաններն ու ժամկետները:

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների սոցիալապես անապահով և սահմանամերձ համայնքների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով կառավարությունը նվիրաբերության պայմանագրով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 140 միլիոն դրամ:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ՀՀ 2014թ. պետբյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու միջոցով հնարավորություն է ստեղծել Երևանի թվով երեք և Արթիկի մեկ դպրոցներում իրականացնել վերանորոգման անհետաձգելի աշխատանքներ:
Գյուղական համայնքների 4-րդ համաժողովի նախապատրաստման և անցկացման նպատակով գործադիրը համապատասխան գումար է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը:

ՀՀ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների աշխատանքային պայմանների բարելավման, տեխնիկական հագեցվածության ապահովման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, սահմանելով, որ նախատեսված աշխատանքների գնումը իրականացվելու է բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:
Կառավարությունը 2014թ. հոկտեմբերի 25-31-ը անցկացվող «ՌեԱնիմացիա» Երևանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի կազմակերպմանն աջակցելու նպատակով հատկացրել է 5 միլիոն դրամ, որը ՀՀ մշակույթի նախարարության միջոցով որպես նվիրաբերություն կտրամադրվի «ՌեԱնիմացիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» հասարակական կազմակերպությանը:
Սահմանամերձ համայնքի հոգսը կթեթևանա
Փոփոխություն կատարելով իր նախկին որոշման մեջ, կառավարությունը Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր համայնքն ընդգրկել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող համայնքների ցանկի մեջ, հողի հարկի վճարման և ոռոգման ջրի դիմաց 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով լրացուցիչ այդ համայնքի համար հատկացնելով շուրջ 3 մլն 257 հազար դրամ:

Կառավարությունը Շիրակի մարզի Գեղանիստ գյուղական համայնքին նվիրաբերել է 0.72 հա մակերեսով հողատարածք՝ մանկապարտեզ և մարզադահլիճ կառուցելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ ավազակոպճային խառնուրդի հանքավայրը հատկացվել է Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց համայնքին, ինչը հնարավորություն կտա համայնքի վարչական տարածքում գտնվող հողատարածքն օգտագործել նպատակային:
Փախստականների բնակարանային ապահովման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով կառավարությունը հստակեցրել է իրավական ակտերում կիրառվող կացարան/հանրակացարան եզրույթների սահմանումները, փոփոխություններ և լրացումներ կատարելով նախկինում ընդունված մի շարք որոշումներում:
ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի կողմից զբաղեցրած շենք-շինությունների և հողատարածքների նկատմամբ պետական գրանցում իրականացնելու նպատակով կառավարությունը Պետական գույքի կառավարման վարչությանը գումար է հատկացրել չափագրման աշխատանքներն ավարտին հասցնելու համար, «Վիքիմիեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությանը և «Սատար» հաշմանդամների ՀԿ-ին տարածք տրամադրելու թույլտվություն տվել:
Մեկ այլ որոշմամբ «Աշտարակ ՃՇՇ» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած անշարժ գույքը թույլատրվել է ներկայացնել մասնավորեցման՝ դասական աճուրդով, իսկ «Ընդերքաբան» ԲԲԸ-ի գույքը թույլատրել է մասնակի հատուցմամբ օտարել, սեփականության իրավունքով անհատույց բնակարաններ հատկացնելով բնակիչներին:

Կառավարությունը պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրել է կառավարչական հիմնարկին մի շարք պետական ընկերությունների լուծարման արդյունքում ամրացված գույքը օտարել, ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին թույլատրել է Երևանի թիվ 60 դպրոցի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:
Այլ հարցեր

Կառավարությունն ընդունել է Արագածոտնի մարզի Ջամշլուի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:

Կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, Շվեյցարիայի ֆեդերալ տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտ Մուրադ Թովմասյանի և Երևան քաղաքի բնակիչ, նույն ինստիտուտի ասպիրանտ Հայկ Սարգսյանի՝ զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամկետը երկարացվել է մինչև ուսումնառության ավարտը՝ 2018թ. ամառային զորակոչը:

Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու համար և ցանկություն ունի իր աշխատանքը շարունակել մասնավոր սեկտորում, հետագայում նույնպես կհամագործակցի կառավարության հետ: Վարչապետն Արմեն Գևորգյանին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել ապագա աշխատանքում: Արմեն Գևորգյանն ասել է, որ անչափ զգացված է իր այս որոշմանը ըմբռնումով մոտենալու համար: Նա խորին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, գործընկերներին, միջազգային կազմակերպություններին, հանրապետության նախագահին՝ այս տարիներին այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար. «Ես իրոք բավարարվածության մեծ զգացումով եմ հեռանում և հուսով եմ, որ իմ գետելիքներն ու ընդունակությունները նույնպես շարունակելու եմ ծառայեցնել մեր ընդհանուր գործին»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031