Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. Եռյակը իշխանափոխություն կատարելու համար անհրաժեշտ ռեսուրս եւ նախադրյալներ չունի

Հոկտեմբեր 16,2014 13:36

«Որեւէ նոր հարցադրում չէր հնչել այդ հարթակից»,- այսօր՝ հոկտեմբերի 16-ին «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ԱԺ ոչ իշխանական եռյակի հանրահավաքին, հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ, «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նա նշեց, որ հանրահավաքի ընթացքում որեւէ նոր կամ զարմանալի բան չի տեսել. «Սա հանրահավաք էր, որոշ բաղադրիչներով վերլուծության արժանի, բայց ոչ ավելին: Ես չեմ կարծում իշխանությունները այս հանրահավաքի հետ կապված ինչ-որ քայլեր կարձանագրեն»:

Պարոն Հարությունյանը նկատեց, որ տեղի ունեցած հանրահավաքը վերջին շրջանում տեղի ունեցած հանրահավաքներից ամենածավալունն էր: Բայց վերլուծելով մինչեւ այդ արած հայտարարությունները, ըստ նրա, պետք է ենթադրել, որ հանրահավաքի կազմակերպիչների ցանկությունները եւ մտադրությունները չարդարացան.

«Կազմակերպիչները առայժմ վստահ չեն իրենց կարողությունների վրա, եւ հավանաբար անցյալից դասեր են քաղել եւ չեն ուզում անիրականալի սպասելիքներ ձեւավորել: Այդ իսկ պատճառով Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատեց, որ «Հիմա՛» կարգախոսը, որը գործում էր 2007-2008 թվականներին, օգտակար չէ: Այսինքն՝ ասել անհապաղ իշխանափոխություն, անիրականանալի է, կազմակերպիչներն անհրաժեշտ ռեսուրս եւ նախադրյալներ չունեն»:

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ ձեւավորված շարժումը հեռանկար չի կարող ունենալ, որովհետեւ այն ձեւավորված է ընդդեմ ինչ-որ մեկի. «Սա ապագա չունի: Երբ որ մի բան ուղղված է կոնկրետ մեկի դեմ, այդ դեպքում հանրությունը ընդամենը գործիք է դառնում խնդիրը լուծելու համար: Եվ պատահական չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պայման դրեց, որ որոշումը միայն չորս հոգով են կայացնելու, իսկ հանրության խնդիրն է միշտ այնտեղ լինել: Ես կարծում եմ, որ այս մոդելը շատ կարճ ժամանակահատվածում իրեն սպառելու է, որովհետեւ հանրությունը, այդուհանդերձ, իր մեջ սպասելիքներ է կուտակել եւ այդ սպասելիքների բավարարմանն է սպասում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031