Հայաստանն իսկապե՞ս զիջում է իր անկախությունը՝ միանալով Եվրասիական միությանը, թե՞ գնահատականները «փոքր-ինչ չափազանցված են»։ Որքանո՞վ ենք մենք կարևորում անկախության գաղափարը, այն պետք է ապրի ամեն մի քաղաքացո՞ւ մեջ, թե՞ դրա պահպանումը ժողովրդի և պետության վերնախավի խնդիրն է։ Եվ ամենակարևորը՝ արդյո՞ք այդ վերնախավն իրականացնում է իր այդ գործառույթը։ Այս թեմայի շուրջ է մեր զրույցը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանի հետ։
– Մի պարզ հարցադրում կա՝ եթե համարում ենք, որ այս իշխանությունն օրինական չէ, ուրեմն նրա քայլերը նույնպես անօրինական են։ Այդ դեպքում ինչո՞ւ այս իշխանության կողմից ԵՏՄ-ի պայմանագիրը ստորագրելն անօրինական չէ, այլ անշրջելի է։
– Խնդրում եմ՝ այդ հարցն ուղղեք դա ասողներին, որովհետև ես համաձայն եմ ձեր հարցի հետ։ Ես մի կարևոր հարց բաց թողեցի, որը վերաբերում է Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետի հարցին։
ԵՏՄ-ի կողմնակիցները
բավական լուրջ դեմքով խոսում են անվտանգության հարցերի մասին։ Մի րոպե ընդունենք, որ նրանք ճիշտ են այդ հարցում։ Այդ դեպքում միանգամից երկու հարց է առաջանում։ Մի քանի օր առաջ Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրեցին ռազմական սերտ համագործակցության մասին հերթական համաձայնագիրը։ Ինչո՞վ է սա ապահովում մեր անվտանգությունը՝ ինձ համար հարցական է։
Երկրորդը, շրջանցվեց Ղարաբաղի և Հայաստանի սահմանին մաքսատուն դնելու հարցը։ Եթե նույնիսկ այսօր դրան բանի տեղ չեն դնում, հետագայում՝ տարբեր քննարկումների ժամանակ, այդ տնտեսական միությունը ձայների մեծամասնությամբ կարող է որոշել, որ այնտեղ պետք է դրվի մաքսատուն, և մաքսավորները լինեն ղազախներ, բելառուսներ և ռուսներ։ Այդ դեպքում մենք կորցնում ենք ոչ միայն մեր ինքնիշխանությունը, այլև Ղարաբաղը։ Եվ դրա մասին նույնպես ընդդիմությունը չի խոսում։
Կարդացեք նաև
Հարց է առաջանում՝ իսկ ՀՀ իշխանություններն ինչո՞ւ չեն բարձրացնում հարցը՝ եթե այնտեղ մաքսատուն է դրվելու, մենք չենք մտնում ԵՏՄ, կամ, եթե մաքսատուն է դրվում, ապա թող դրվի նաև Հյուսիսային Օսիայի, Աբխազիայի և Ղրիմի տարածքներում, որոնք նույնպես ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքներ չեն։ Կամ արդյոք դրվելո՞ւ է մաքսակետ ՌԴ-ի և արևելյան Ուկրաինայի (Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ) սահմանին։ Բայց իշխանությունները վախենում են խոսել դրա մասին, ընդդիմությունը նույնպես լռում է, որովհետև չեն ուզում նեղացնել Ռուսաստանին՝ այն ուժին, որի միջոցով կա՛մ իշխանությունն են պահում, կա՛մ իշխանության են ուզում գալ։
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում