Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ է Միջազգային տեղեկատվական ակադեմիան. «168 ժամ»

Հոկտեմբեր 16,2014 12:17

Նախ նշենք, որ անվանումը հայերենով արդեն իսկ ժպիտ է առաջացնում։ Անգլերենում այն կոչվում է International Informatization Academy: Informatization–ը պետք է թարգմանել կամ ինֆորմատիզացիա, կամ տեղեկատվայնացում։ Մինչդեռ այդ ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղը պետռեգիստրի կայքում գրանցված է որպես «Միջազգային տեղեկատվական ակադեմիա», իսկ Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ՝ «Միջազգային տեղեկատվայնության ակադեմիա»։

Անցնենք առաջ։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այս ակադեմիան։ Այն ունի պաշտոնական կայք՝ www.iia.ca, որտեղ նշվում է, որ այն հ/կ է։ Նշվում է նաև, որ այն ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (Economic and Social Council- ECOSOC) կողմից ունի ընդհանուր խորհրդատվական մարմնի կարգավիճակ։ «ՄԱԿ-ը 1995 թվականին ճանաչում և բարձր կոչում շնորհեց։ Այսպիսի նախադեպ չկար։ Սա շեշտում է մեր ակադեմիայի մակարդակն ու լրջությունը»,- հարցազրույցներից մեկում ասել է Ազատ Վարդանյանը։

Ակադեմիայի կայքում ամեն հարմար տեղ ՄԱԿ-ի լոգոն է, ամեն կերպ փորձ է արվել ակադեմիան կապել ՄԱԿ-ի հետ։

Իրականում, գիտական կոչում շնորհող կառույցը պետք է հավատարմագրված լինի, իսկ ECOSOC -ը հավատարմագրող (ակրեդիտացիա) անող կառույց չէ։ Իսկ չհավատարմագրած ակադեմիան իրավունք չունի դոկտորի կոչում շնորհել։ Այս «ակադեմիան» իրավունք չունի որևէ մեկին անգամ միջնակարգ կրթության ատեստատ տալ։ Միգուցե նրանք իրավաբանորեն պաշտպանված են, սակայն նրանց տրամադրած «կոչումը» ոչ մի արժեք չի ներկայացնում:

Ինքը՝ Ազատ Վարդանյանը, իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է: «Ազգային ակադեմիաների համակարգը հիմնականում գործում է Եվրոպայում, որտեղ անդամ դառնալու համար հարկավոր է նախ գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունենալ, որից հետո միայն անձը կարող է դիմել եւ դառնալ սկզբում՝ ակադեմիայի թղթակից անդամ, այնուհետեւ՝ ակադեմիկոս: Իսկ Հյուսիսային Ամերիկայում այդ տեսակ կոչում չկա»,- ասել էր նա:

Ա. Վարդանյանը նաեւ նշել էր, որ իրենք նոր պիտի կառույց ստեղծելով՝ փոխել են չափանիշները, թե ով կարող է դառնալ ակադեմիայի անդամ։ Կարճ ասած, այնպես են արել, որ բացի դասական գիտնականներից, ում ցանկանան՝ կարողանան ակադեմիայի անդամ դարձնել. « Մեզ համար կարևոր է անձի ինֆորմացիոն դաշտում կատարած ներդրումը։ Դրա համար էլ չափանիշը փոխվեց և դարձավ հետևյալը՝ ով իր ասպարեզում ճանաչում է ձեռք բերել՝ կարող է դառնալ մեր ակադեմիայի անդամ… Այսպիսով, պահպանելով առաջին խումբը՝ ակադեմիական գիտությունների դոկտորների (որոնք մեզ մոտ կազմում են 75%-ը), ավելացավ մյուսը՝ իրենց ոլորտում հայտնի մարդկանց խումբը։ Այդպիսի մարդկանց խումբը կազմում է մոտ 15%»։ Այդ 15%-ից մեկն էլ, ինչպես կռահեցիք, Սուրիկ Խաչատրյանն է։

Կարճ ասած, Ազատ Վարդանյանը կարող է ակադեմիայի անդամի (կամ եթե կուզեք՝ ակադեմիկոսի) կոչում շնորհել ցանկացած մարդու՝ անկախ տարիքից, մասնագիտությունից, կրթությունից և ձեռքբերումներից։ Փոխարենը, նա «Հայկական ժամանակի» հետ զրույցում սկսել է բացատրել, թե ինչ է փիլիսոփայության դոկտորը, որ Հայաստանում նման կոչում չկա, բայց դա Արևմուտքում տարածված է, և այլն։ Իրականում, Հայաստանում շատ լավ գիտեն՝ ինչ է PhD-ն։ Գիտեն նաև (թերևս, միայն Ս. Խաչատրյանից բացի), որ Ազատ Վարդանյանի ակադեմիայի տված PhD-ով կարելի է հպարտանալ միայն անչափահասների մոտ։ Միգուցե Սուրիկ Խաչատրյանն իրոք 600 էջանոց թեզ է գրել և պաշտպանել՝ տպավորելով Ազատ Վարդանյանին ու նրա ակադեմիայի անդամներին։ Սակայն, եթե անգամ նման բան չի արել, ապա միևնույն է՝ Սյունիքի մարզպետին պետք է շնորհակալություն հայտնել։ Չէ՞ որ, եթե նա (թերևս, միամտորեն) չհրապարակեր իր կոչման մասին հավաստող փաստաթուղթը, մենք երբեք չէինք իմանա, թե ինչ «հուժկու» գիտակրթական կենտրոններ են ստեղծում մեր հայրենակիցներն արտերկրում։ Ստացվում է, որ Սուրիկ Խաչատրյանը նպաստում է փուչիկների պայթեցման պատասխանատու գործին։ Փուչիկների, որոնք ընդունված է անվանել՝ «degree mill» կամ «կոչումների ջրաղաց (ֆաբրիկա)»։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031