Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հերքեց խոսակցությունները, որ 2015-ին պաշտպանական ոլորտին հատկացված գումարները նվազել են: «Այլ բան է, որ շեշտակի ավելացման մասին չենք կարող խոսել»,- ասաց նա` հավելելով, որ ոլորտին հատկացվող գումարները իրականում բյուջեում տեսակարար կշիռ են կազմում, խնդիրն այն է, որ նկատի ունենալով բոլոր ռիսկերն ու խնդիրները, դրանց կառավարումն ավելի արդյունավետ դարձվի:
Պատասխանելով սպառազինությանը վերաբերվող ծախսերի մասին հարցին էլ, Կորյուն Նահապետյանն ասաց, որ հնարավորություններն իրականում այդքան էլ մեծ չեն եւ պատրաստվում են հարցը քննարկել հանձնաժողովում կայանալիք բյուջետային փակ քննարկման ժամանակ եւ իրավիճակը գնահատելով` որոշումներ կայացնել:
Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս է վերաբերվում ինքն այն հանգամանքին, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ն, ըստ էության, ռազմական համագործակցության առաջարկ արեց Ադրբեջանին` Կասպից ծովի ավազանում նախատեսվող համագործակցությամբ, դա Հայաստանի համար սպառնալիք չի՞ ներկայացնում, Կորյուն Նահապետյանն ասաց, որ դա չի դիտարկում Հայաստանի համար սպառնալիք, քանզի մենք ՌԴ-ի հեռ ունենք ռազմական եւ ռազմատեխնիկական արդյունավետ համագործակցություն. «ՌԴ-ն իր շահերից ելնելով համագործակցում է տարբեր երկրների, այդ թվում նաեւ Ադրբեջանի հետ: Այլ բան է, որ մենք պետք է առավել ակտիվ եւ նոր ջանքեր գործադրենք ՌԴ-ի հետ մեր ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը մեծացնելու համար»:
Հարցին` Ռուս-ադրբեջանական այլանսը կարելի՞ է դիտարկել հետեւյալ տեսանկյունից`այն ինչը, որ ՌԴ-ին դեմ չէ, Հայաստանի համար սպառնալիք չէ, Կորյուն Նահապետյանն ասաց. «Ես դա չէի բնութագրի, որպես ալյանս: Այդ համագործակցությունն ամենեւին ուղղված չի լինելու Հայաստանի դեմ եւ ռուս մեր գործընկերների հետ տարբեր մակարդակներում եւ ձեւաչափերում քննարկումների ժամանակ դա շատ պարզ ձեւակերպվում է»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ