Սպիտակ տունը համաձայնել է ցուցադրության հանել հայ որբերի գործած պատմական գորգը: Այն հնարավոր կլինի տեսնել նոյեմբերի 18-23 ԱՄՆ նախագահի նստավայրի՝ այցելուների սրահում, հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
1920-ականներին գործած Ղազիր գորգը 1925թ. նվեր էր ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին՝ Հայոց ցեղասպանությունից տուժածներին օգնություն ցույց տալու համար: Գորգը ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ Սպիտակ Տունը մերժել էր այն տրամադրել 2013թ. դեկտեմբերի 16-ի Սմիթսոնյան ինստիտուտի ցուցահանդեսին՝ Հակոբ Մարտին Դերանյանի՝ «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի շնորհանդեսին ցուցադրելու համար:
Ամերիկայի հայ համայնքը և մի շարք կոնգրեսականներ իրենց բողոքն էին հայտնել գորգը տրամադրելու Սպիտակ տան մերժման կապակցությամբ: Այս տարվա ապրիլին կոնգրեսական Ադամ Շիֆն ասել էր, որ նախագահի նստավայրում համաձայնել են ցուցադրության հանել գորգը, բայց չեն մանրամասնել, թե երբ և որտեղ հնարավոր կլինի այն տեսնել:
Թեմային են անդրադարձել ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Վաշինգտոն փոստը», «Լոս Անջելես թայմս»-ը, «Ֆրեզնո Բի»-ն, «Գլենդեյլ նյուզ փրես»-ը և այլք:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ