Այսօր Հայկական մամուլի օրն է, եւ դա լավ առիթ է՝ մեր մեդիադաշտի մասին մի քանի նշում անելու: Սկզբում վատի մասին. լրագրողներ Անի Գեւորգյանի, Մարինե Խաչատրյանի եւ Թագուհի Հովհաննիսյանի դեմ բռնություններն անպատիժ են մնացել՝ իրավապահները ցանկանում են այս գործերը կոծկել: Երկու ատյանների դատարանները, խախտելով Հայաստանում գործող օրենքները, պահանջել են «Հրապարակից» եւ ilur-ից բացահայտել լրատվության աղբյուրները՝ դա հայկական մամուլի պատմության մեջ առաջին դեպքն է:
Իսկ հիմա հարաբերականորեն լավի մասին. ես հիշում եմ անկախ Հայաստանի այն ժամանակները, երբ կար մեկ՝ պետական հեռուստաընկերություն, որտեղ ընդդիմադիրների մուտքը գրեթե արգելված էր: Ես հիշում եմ նաեւ այն ժամանակները, երբ 2002-ի ապրիլին «Ա1+»-ը փակելուց հետո կար 17 հեռուստաընկերություն, որոնք իրենց պահում էին ճիշտ այդ մեկ՝ պետական հեռուստաընկերության նման: Այսօր իրավիճակը սկզբունքորեն այլ է. իշխանությունից դուրս գտնվող երեք կուսակցություններ՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը, ունեն իրենց հեռուստաընկերությունները, որտեղ կարող են քարոզել իրենց գաղափարները եւ, այսպես ասած՝ «հակաքարոզել» իշխանություններին: (Քննարկումն այն մասին, թե ով որքանով է ընդդիմադիր, այս հոդվածի թեմայից դուրս է): Այդ հեռուստաընկերությունների պոտենցիալ լսարանը 100-ապատիկ գերազանցում է կայքերին եւ թերթերին:
Բացի վերոհիշյալ 3 հեռուստաընկերություններից՝ մնացածներն այսօր որեւէ ցանկություն չունեն խառնվելու «իշխանություն-ընդդիմություն» կռիվներին, եւ դրանով, ի դեպ, իրավիճակը տարբերվում է 2002-2008 թվականներից, երբ ընդդիմության ամեն մի հանրահավաք ուղեկցվում էր բոլոր հեռուստաընկերությունների, ավելի լավ բառ չեմ գտնում՝ վայրահաչոցներով, եւ դա, բնականաբար, արվում էր Բաղրամյան-26-ի հրահանգով: Ինչ մնում է մնացած լրատվամիջոցներին, ապա որոշ թերթեր եւ կայքեր կռիվ են տալիս իշխանության դեմ, որոշները՝ ընդդիմության դեմ, եւ այստեղ ուժերը մոտավորապես հավասար են:
Այսպիսով՝ հեռուստատեսության դաշտում մենք ունենք երեք պոտենցիալ կուսակցական «մարտիկներ» եւ մնացածները, որոնք քանակով ավելի շատ են, բայց ներքաղաքական թեմաներից խուսափում են, ինչը հեռուստաեթերում ստեղծում է որոշակի հավասարակշռություն: Իսկ մեդիայի մնացած հատվածներում կան փոխադարձ «քլնգողներ», որոնք «իրար չեզոքացնում են»: Կան նաեւ մի քանիսը մեզ նման, որոնք ոչ «կարմիրների» (հեղափոխականների), ոչ էլ «սպիտակների» (հակահեղափոխականների) կողմից են եւ փորձում են երեւույթները լուսաբանել բազմակողմանիորեն:
Իրավիճակը իդեալական չէ: Մասնավորապես, կուսակցական հեռուստաընկերությունների առկայությունը լավագույն լուծումը չէ: Բայց, մյուս կողմից, իրավիճակն ավելի լավն է, քան նույնիսկ 3-4 տարի առաջ, քանի որ այսօր եթերից հստակ հնչում է ընդդիմության ձայնը, ինչը հնարավորություն է տալիս քաղաքացիներին համեմատելու տարբեր հասարակական խնդիրների վերաբերյալ մոտեցումները:
Կարդացեք նաև
Բայց այս իրավիճակը հավերժ չի ձգվի: Մերֆիի հայտնի օրենքներից մեկի համաձայն՝ չկա մի դրություն, որը հնարավոր չէ վատացնել: Մենք՝ հայերս, դրա մեծ վարպետներն ենք:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
“Կան նաեւ մի քանիսը մեզ նման, որոնք ոչ «կարմիրների» (հեղափոխականների), ոչ էլ «սպիտակների» (հակահեղափոխականների) կողմից են եւ փորձում են երեւույթները լուսաբանել բազմակողմանիորեն:”
🙂 Չեմ կարծում, թե կգտնվի մի լրատվամիջոց, որն իր մասին հակառակը պնդի.
Չէ, շատերը հակառակն են պնդում: