Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք իշխանափոխության հրամայական կա՞

Հոկտեմբեր 16,2014 17:30

Առցանց «Առավոտի» եթերում խնդիրը քննարկում են «Ժառանգություն» կուսակցության խորհրդի անդամ Սուսաննա Մուրադյանը եւ Ազգային ժողովի պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը (ՀՀԿ):

Արամ Աբրահամյան.- Սկզբում մի պատմություն պատմեմ: 1994 թվականի ամռանը ընդդիմությունը՝ ԱԺՄ-ն եւ Աշոտ Մանուչարյանը, հանրահավաքներ էին անում եւ պահանջում էին նախագահի անհապաղ հրաժարական, քանի որ, նրանց կարծիքով, երկիրը կործանվում էր: Մենք էլ՝ լրագրողներս, համառորեն հարցնում էինք՝ բա ե՞րբ է տեղի ունենալու իշխանափոխությունը: Աշոտ Մանուչարյանը, որը հումորի լավ զգացողություն ունի, մի անգամ պատասխանեց՝ իշխանափոխությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, ժամը 17.30-ին: Հիմա նույն հարցն եմ ուզում տալ՝ ե՞րբ է տեղի ունենալու իշխանափոխությունը:

Սուսաննա Մուրադյան.- Ես, իհարկե, Նոստրադամուսը չեմ, որ օրով ու ժամով ասեմ, թե երբ կլինի իշխանափոխությունը, բայց իշխանափոխության հրամայականը արդեն օդում կախված է, դա ժողովրդական մեծ զանգվածների պահանջն է: Ուրեմն, լինելով «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, շատ հաճախ շրջաններում լինելով, հատկապես վերջերս շրջելով հանրապետության մարզերով` ես անձամբ հասկացա, որ դա հետաձգել չի կարելի, որովհետեւ դա արդեն ուղղակի սպառնում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

Ա. Ա.– Հրամայական կա՞ իշխանափոխության, թե՞ չկա:

Լեռնիկ Ալեքսանյան.– Իշխանափոխությունը երբեք ինքնանպատակ չի լինում, դա ունենում է սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվն այն է, որ իրոք դժգոհություն պետք է լինի, կառավարման համակարգը պետք է խախտվի, սուբյեկտիվը դրա համար հարմար պահ է եւ հարմար ուժը, որը կարող է ավելի լավ կառավարել, քան իշխանությունը: Ես այսպես եմ հասկանում իշխանափոխության պահանջը: Այսօր, երբ խոսում ենք իշխանափոխության մասին եւ կապում ենք անձի հետ, ես հենց դա չեմ ընդունում: Իշխանափոխությունը երբեք մի անձով պայմանավորված չի: Դրանք համակարգային փոփոխություններ, մեխանիզմներ են պահանջում եւ հստակ ծրագրեր, իսկ իշխանափոխություն պահանջողը պետք է հստակ իմանա, թե ինքը ինչ է ուզում, ինչու է գնում իշխանափոխության, ոնց պետք է լինի: Ես բացարձակ ձեր կարծիքին չեմ, որ քանդվում է, կործանվում է եւ այլն, իհարկե՝ կան դժգոհություններ, իհարկե՝ կան շատ սխալներ, իհարկե՝ կա կոռուպցիա եւ այլն: Ինչո՞ւ հանրահավաքը, իմ գնահատմամբ, հաջողված չէր՝ անկախ մասսայի քանակությունից. որովհետեւ չկար ձեւակերպված սցենար, նպատակներ:

Ա. Ա.– Անձո՞վ, թե՞ ոչ անձով է պայմանավորված:

Ս. Մ.- Ոչ, համակարգային փոփոխություններ են պետք, բայց Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պետք է հեռանա իշխանական բուրգը, որովհետեւ տարածաշրջանում մենք դարձել ենք անմրցունակ երկիր: Եկեք համեմատեք Վրաստանում աղքատությունը, մեզ մոտ եւ Ադրբեջանում, համեմատեք տնտեսական աճը Վրաստան-Ադրբեջան-Հայաստան, համեմատում ենք արտագաղթը Հայաստան-Վրաստան-Ադրբեջան, բնակչության թվից ելնելով` քանի տոկոսն է կազմում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 40 տոկոսին մոտեցող աղքատություն, աղքատների մեջ շատ աղքատների թիվը կրկնապատկվել է, ծայրահեղ աղքատներինը նույնպես կրկնապատկվել է, այսինքն` Սերժ Սարգսյանի խոստումը տարիներ առաջ, որ մենք 5 տարի հետո երկու անգամ ավելի լավ ենք ապրելու, ուրեմն 360 աստիճանով հակառակը ստացվեց, մենք սկսեցինք ավելի վատ ապրել: Միջին աշխատավարձ, մինիմալ աշխատավարձ, կենսաթոշակ, կենսապահովման նվազագույն զամբյուղ, մեր ամենաբարձր ստացող կենսաթոշակառուի կենսաթոշակը չի հասցնում հասնել մինիմալ զամբյուղի հետեւից, որովհետեւ չարդարացված գնաճ է լինում, եւ որպես իրեն չհարգող երկիր՝ մենք չընդունեցինք ինդեքսացիայի մասին օրենքը, այսինքն՝ փոխհատուցումը սոցիալապես անապահով խավերին արդարացված կամ չարդարացված գնաճի դեպքում:

Քննարկումն`  ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031