Ոստիկաններն էլ ամրագոտու կամ բջջայինի համար չեն «կպռշկվում»
Ամենից ուշագրավ փաստը Լիբանանի երթեւեկության մասին՝ այդպես էլ թԸԼ մնացած, մեր ճանապարհային ոստիկանության նմանակի իսպառ բացակայությունն է: Այս մեկ տարվա ընթացքում չեմ տեսել մի դեպք, որ մեքենա կանգնեցնեն, վարորդական իրավունք պահանջեն, «հո» անել տան, կամ ինչպես ասում են՝ «կպռշկվեն» ամրագոտու կամ բջջայինի համար: Ինչպես մեր ԱԺ-ում են սիրում ասել, այդպիսի գործառույթ չկա: Կան տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ոստիկաններ՝ «զինված» միայն համազգեստով, ռադիոհաղորդիչով ու սուլիչով, որոնք լուսացույցների փոխարեն, երբեմն էլ լուսացույցին զուգահեռ՝ կարգավորում են խճողված խաչմերուկները ու դրա համար, ասում են, ամսական ստանում են մոտ 800 ԱՄՆ դոլար: Եթե ասվածին ավելացնեմ, որ մեքենայախեղդ, համարյա 2 միլիոնանոց Բեյրութի ագլոմերացիայում շատ քիչ են լուսացույցներով կարգավորվող խաչմերուկներն ու երթեւեկելի մասի գծանշումները, իսկ բարձրադիր նշաններից օգտագործվում են միայն ամենահիմնականները, ու մայթեր կամ չկան, կամ շատ նեղ են, ապա կարող է տպավորություն ստեղծվել, որ այստեղ երթեւեկողի համար իսկական դժոխք է:
Բայց այդպես չէ, շատ ավելի քիչ ավտովթարներ եմ տեսնում, քան Երեւանում: Մարդիկ հարմարվել են, միջազգային կանոնները մի կողմ թողած կամ դրանց զուգահեռ՝ իրենց կանոններն են մշակել: Օրինակ՝ աջից հարված, ձախին չզիջել, նման բաներ չկան՝ հերթով իրար զիջելով, իրար դեմ կտրելով շարժվում են: Չնայած ամենաթողությանը եւ անպատժելիությանը՝ մեքենա վարողները քիչ թե շատ կարգապահ են, բայց բառիս բուն իմաստով՝ զահլա տանող, բազմահազար ու բազմատեսակ մոտոցիկլետների ու մոպեդների, որոնց բոլորին այստեղ մոբիլետ են ասում, վարորդները թքած ունեն բոլոր կանոնների վրա: Լուսացույցներն իրենց համար չեն, անտանելի ոռնոցով դեմդ դուրս կթռնեն թե՛ աջից, թե՛ ձախից, կսլանան երթեւեկությանը հակառակ, իսկ երբ բանուկ մասն այնքան է խճողված, որ մեքենաների արանքով էլ չես սողոսկի, կելնեն մայթերը:
Այ, հետիոտները մեղք են: Երեւանում եղածները հիացմունքով են խոսում մեր լեն ու բոլ մայթերի մասին: Այստեղի նեղլիկ կամ մեքենաներով զավթված մայթերով քայլելը սլալոմի է վերածվում:
Հանրային տրանսպորտից խոսելը նույնպես կբերի մեր՝ այդքան դժգոհությունների առիթ դարձած երեւանյան տրանսպորտի գովերգմանը: Դե, մետրո, տրոլեյբուս, տրամվայ ու երթուղային տաքսի չունեն: Ունեն 1000 լիբանանյան ոսկի ($0.67) ուղեվարձով, մեր ՊԱԶ-երի տիպի, չափազանց դանդաղկոտ, փոքր, հինումին ավտոբուսներ, որոնց, իջնել-բարձրանալու համար, կարելի է կանգնեցնել ուղեգծի ուզածդ կետում, եւ տաքսիներ, որոնք աշխատում են երկու տարբեր ռեժիմներով: Եթե մեզ հայտնի, սովորական ձեւով եք օգտագործում տաքսին, ապա բավականին թանկ հաճույք է, իսկ եթե կանգնեցնում ու ասում եք «սերվիս» մոգական բառը, ուրեմն կարժենա 2000 լիբանանյան ոսկի ($1.33), բայց նախ վարորդը պետք է համաձայնի ձեր նշած ուղղությանը, իսկ հետո՝ ճանապարհին, նույն ուղղությամբ էլի ուղեւորներ պետք է հավաքի: Լիբանանում գտնվելուս առաջին օրերին զարմանում ու զայրանում էի, երբ փողոցով քայլելիս հետեւիցս անընդհատ սիգնալ էին տալիս: «Սերվիս» տաքսիներն են՝ ճամփին, ազատ տեղի համար այդ ձեւով ուղեւոր են որսում:
Կարդացեք նաև
Վերջում ներկայացնեմ «կարմիր գծերի»՝ փողոցային ավտոկայանատեղիների հետ կապված վիճակը: Այստեղ այդ գծերը սպիտակ են եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ներմուծվել են մեզանից քիչ ավելի շուտ՝ 2009-2010 թվերին: Համակարգը Բեյրութում ու Բուրջ Համուդում շահագործողը, որքան հասկացա, տեղական ինքնակառավարման մարմիններին ենթակա մասնավոր, համատեղ ձեռնարկություն է: Բոլոր վճարներն ու տուգանքները գնում են տեղական բյուջեներ: Մեր կամ տեղական սաշիկները այս գործում կարծես թե փայ չունեն: Համենայնդեպս՝ նմանատիպ ոչ մի բողոք չեմ լսել:
Նորամուծությունը ի սկզբանե ողջունել են բնակիչները, որովհետեւ այն սրբել է փողոցներից ամիսներով կայանած մեքենաները եւ սկզբում բավականին դյուրացրել մեքենա կայանելու խնդիրը: Հիմա, ցավոք, ազատ կայանատեղի գտնելը էլի շատ դժվար է:
Երեւանում ներդրված համակարգը շատ ավելի ժամանակակից ու հարմար է: Այստեղ կայանատեղիներում, առանց այդ էլ նեղ մայթերին մետաղյա վճարման սարքեր են տնկված: Մանրադրամ կամ նախօրոք գնված հատուկ վճարման քարտ պետք է ունենաք: Մեքենան կայանելուց հետո պետք է գտնեք մոտակա վճարման սարքը, վճարեք եւ ստանաք ավտոմատի որովայնից դուրս պրծած թղթե կտրոնը, հետ գնաք, նորից բացեք մեքենան ու տեղադրեք կտրոնը հողմնապակու տակ՝ տեսանելի տեղում, որ պարբերաբար մոպեդով պտտվող հսկիչները տեսնեն կտրոնի վրա նշված ժամը: Բջջայինի SMS-ով՝ նույն վճարման սարքում ուղարկված կոդը հավաքելով վճարելու ինչ-որ ձեւ էլ կա, բայց այդ ուղղությամբ չեմ խորացել:
Կայանելու նվազագույն վճարը 250 լիբանանյան ոսկի է ($0.17)՝ 15 րոպե կայանելու համար, իսկ առավելագույնը 3000 լիբանանյան ոսկի է ($2.00)` 3 ժամի համար: Եթե երեք ժամից ավելի պետք է կայանի մեքենան, ստիպված եք գալ եւ լրացուցիչ վճարում կատարելով նոր կտրոն տեղադրել:
Ասեմ նաեւ, որ բոլոր փողոցային կայանատեղիները վճարովի են միայն ժամը 9-ից 16-ը կամ 9-ից 18-ը, իսկ չվճարելու տուգանքը 10000 լիբանանյան ոսկի է ($6.67), որը 15-օրյա ժամկետում չվճարելու դեպքում կրկնապատկվում է:
Վերընթերցեցի գրածս եւ տեսա, որ չեմ անդրադարձել ճանապարհների վիճակին, մեքենաներին ու բենզինի գնին: Մեր եւ իրենց ճանապարհների որակը համադրելի է, գուցե մեր ճանապարհները փոքր-ինչ ավելի լավն են, ինչը, մեր մեջ ասած, խայտառակություն է զրոյից ցածր ջերմաստիճան չունեցող Բեյրութի համար: Մեր փողոցներն էլ ավելի մաքուր են:
Գազալցակայան կամ ԱԳԼՃԿ տխմար անունով օբյեկտներ այստեղ չկան՝ աչքովս չեն ընկել: Բոլոր մեքենաները բենզինով են, բենզակայաններում բացառապես այլազգիներ՝ շրիլանկացիներ, ֆիլիպինցիներ, հնդիկներ են աշխատում, իսկ բենզինի գները համարյա նույնն են: Բոլոր բենզակայաններում կարող եք ձրի փչել տալ մեքենայի անիվները եւ լվալ տալ հողմնապակին: Մեքենաների գիտակ կամ սիրահար չեմ: Տեսնում եմ, որ շքեղ մեքենաներ կան, բայց առանձնապես շատ չեն, ջիփերը, ինչպես եւ մեզ մոտ՝ հարգված են, իսկ հնամաշ, քարուքանդ մեքենաները, կարծես թե, Լիբանանում ավելի շատ են: Սովետի մեքենաներից էլ միայն հատուկենտ հնամաշ «Նիվա»-ներ են շրջում քաղաքում:
ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.10.2014