Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանի որակումների հետ ակնհայտորեն համաձայն չեմ»

Հոկտեմբեր 16,2014 16:00

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս այսպիսի գնահատական տվեց. «Միայն հիմարը կամ իրեն հիմարի տեղ դնողը կհավատա ու կփորձի մյուսներին էլ հավատացնել, որ վարչախումբն այդ փոփոխությունները նախաձեռնել է երկրի ու ժողովրդի բարօրության համար»: «Առավոտը» սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտված ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն եք այս գնահատականի հետ: Նա պատասխանեց. «Ես որակումների հետ ակնհայտորեն համաձայն չեմ: Կարծում եմ՝ առաջին նախագահը ինքը պետք է հետեւի իր հորդորին, երբ ասում է՝ քաղաքական բառապաշարը պետք է փոխվի: Այդ տեսակետից օգտագործված բառապաշարը ոչ միայն իր արտահայտված խոսքից շեղվում է, այլ նաեւ ես իր խոսքից հասկացա, որ մարդիկ խորամուխ չեն եղել սահմանադրական փոփոխությունների բովանդակությանը: Բնականաբար, իշխանությունը կարող է ցանկանալ վերարտադրվելու մեխանիզմներ, սակայն հարցը հետեւյալն է՝ իսկ մենք ի՞նչ ենք ցանկանում: Եթե ցանկանում ենք վերարտադրության դեմն առնել, նշանակում է այդ համակարգը սահմանադրական մակարդակով պետք է փոփոխվի, որպեսզի իշխանությունը չվերարտադրվի, այլ ոչ թե անձի փոփոխության պահանջ դնելով՝ մտածենք, որ այդպիսի վերարտադրությունը կբացառվի»:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ Եռյակի իշխանափոխության պատկերացումն ընդամենը մարդափոխությունն է, ոչ թե համակարգերի փոփոխությունը, ոչ էլ իշխանության ձեւավորման ընթացակարգերի փոփոխությունը. «12 կետերի հետ կապված դուք հիշում եք, որ ՀՅԴ-ն ոչ միայն ակտիվ նախաձեռնողներից է եղել այդ կետերի ձեւավորման, նաեւ հստակ մեր մոտեցումները ներկայացրել ենք: Հիմա իրենք որոշեցին, որ մեզ շրջանցում են, իրենք իրենցով են որոշում, թե ինչ ամփոփում տան. իրենց իրավունքն է, եւ մենք այստեղ սահմանափակված չենք իրենց ցանկություններով: Մենք ունենք մեր գնահատականներն ու մոտեցումները եւ մեր ուղուց չենք շեղվելու»:

Կիսվելով Եռյակի հանրահավաքից ստացած իր տպավորություններով՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ հարգանքով են մոտենում հավաքի մասնակից հասարակության անդամների լեգիտիմ ակնկալիքներին. «Անշուշտ, ելույթներում կային նաեւ առանձին դրվագներ, որոնք ընդունելի ձեւակերպումներ չէին ոչ միայն մեզ համար, այլեւ, կարծում եմ, շատերի համար՝ սկսած անտեղի համեմատություններից, ավարտված որոշակի արտահայտություններով: Ակնհայտ է, որ 12 կետերի ամփոփման եւ սահմանադրական փոփոխությունների դեմ արտահայտվելու օրակարգով հրավիրված հանրահավաքում կարծես թե այդ երկու հարցերը հավուր պատշաճի ուշադրության առարկա չդարձան: Այդ ընդհանրացումները կարող են փաստել մեկ բան՝ իշխանափոխություն արտահայտությունը հենց այնպես՝ մերկապարանոց չի կարող հնչել: Մենք սկզբունքային նաեւ տարաձայնություն ունենք ամբողջական իշխանափոխություն հասկացողության էության հետ: Մենք ամբողջական իշխանափոխություն ասելով հասկանում ենք ոչ միայն անձանց, այլ նաեւ համակարգերի փոփոխում: Սա նշանակում է, որ առաջնահերթը սահմանադրական փոփոխություններն են: Սահմանադրական փոփոխություններն այն բովանդակությամբ, որը մեր պատկերացմամբ կբերի ամբողջական իշխանափոխության: Այսինքն՝ ընտրությունների միջոցով անձանց փոխարինում: Սա է, որ գլխավոր տարբերությունն է: Առանձին ուժերի համար իշխանափոխությունը ամփոփվում է մարդափոխությամբ կամ անձնափոխությամբ, ինչը մեզ համար ընդունելի տարբերակ չէ: Որովհետեւ եթե մարդը փոխվում է, բայց համակարգը մնում է նույնը, համակարգը շատ արագ այդ անձին դարձնում է նույն որակի իշխանություն»:

Մեր հարցին՝ եթե եռյակին հաջողվի իրականացնել այդ «մարդափոխությունը», ինչպես Դուք ասացիք, ՀՅԴ-ն ընդդիմությո՞ւն է լինելու նրանց՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «ՀՅԴ-ն եղել է եւ կա պետականության ակունքներում կանգնած ուժ: Մեզ համար մարդափոխությունը պետք է ածանցվի համակարգային փոփոխությունից: Մարդափոխությունը կամ անձնափոխությունը ինքնանպատակ չի կարող լինել: Հայաստանի բոլոր երեք նախագահներից հայ հասարակությունը դժգոհում է, մեկից՝ մի քիչ շատ, մեկից՝ մի քիչ քիչ: Ինչո՞ւ: Արդյոք պատճառը մարդի՞կ են եղել, թե՞ պատճառն, այնուամենայնիվ, այն համակարգն է, որը բերում է նման գերկենտրոնացված իշխանության ձեւավորման: Անկախ նրանից, որ այսօր կիսանախագահական համակարգ է, եւ իշխանությունը պատկանում է մեկ քաղաքական ուժի, ինքը դառնում է սուպեր նախագահական համակարգ, որտեղ մեկ անձի ցանկությունից է կախվում ամեն ինչ: Իսկ դա ժողովրդավարություն չէ: Հիմա եթե իրենք ընդամենը ուզում են փոխել անձին՝ մտածելով, որ անձին փոխելով ժողովրդավարություն կբերեն երկրում, մենք չենք հավատում այդ անկեղծ մղմանը կամ ցանկությանը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031