Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրեմիեր Լիգա» մշակութային հասարակական կազմակերպության նախագահի վարկի գործը

Հոկտեմբեր 16,2014 15:00

Լյուդմիլա Հարությունյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վերջինիս՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է։

Ըստ քրեական գործի նյութերի, երկրորդ մեղադրյալը՝ «Պրեմիեր Լիգա» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Կուրղինյանը, բանկից վարկ ստանալու եւ դրա գումարով «Միցուբիշի Պաջերո 2.4» մակնիշի 16 LU 718 հաշվառման համարանիշի ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով, հանդիսանալով նաեւ «Էնեագրամ» ՍՊ ընկերության տնօրենը, չստանալով աշխատավարձ, վարկն իր ընկերոջ աղջկա՝ Գայանե Գրիգորյանի անվամբ ձեւակերպելու նպատակով, վերջինիս եւ նրա մոր՝ Հռիփսիկ Արգուշյանի կողմից «Էնեագրամ» ՍՊ ընկերությունում չաշխատելու պայմաններում, 2008թ. օգոստոսին կեղծել է եւ ներկայացնելով ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գործող «Կոնվերս» բանկ՝ օգտագործել է իրավունք վերապահող մի շարք պաշտոնական փաստաթղթեր.
06.08.2008թ. տեղեկանքը՝ իր կողմից «Պրեմիեր Լիգա» մշակութային հ/կ-ի նախագահ աշխատելու եւ ամսական 266.000 ՀՀ դրամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ, 27.07.2006թ. տեղեկանքը՝ Գայանե Գրիգորյանի կողմից «Էնեագրամ» ՍՊԸ-ում որպես իրավաբան եւ համատեղության կարգով՝ գանձապահ աշխատելու եւ ամսական 246.000 ՀՀ դրամ եկամուտ ստանալու վերաբերյալ, Հ. Արգուշյանի կողմից «Էնեագրամ» ՍՊԸ-ում որպես հավաքարար աշխատելու եւ ամսական 46.000 ՀՀ դրամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ։

Երրորդ մեղադրյալը՝ Սեդրակ Հովհաննիսյանը, նպատակ ունենալով բանկից վարկ ստանալ եւ դրա գումարով վճարել իր կողմից բանկից վերցրած մեկ այլ վարկի գումարները, որպեսզի չկորցնի ք. Երեւան, Նիկոլ Դուման 1շ., 42բն. հասցեում գտնվող եւ բանկում գրավադրված իր բնակարանը, տվյալ վարկը իր ընկերոջ կնոջ, գործով մյուս մեղադրյալ Լյուդմիլա Հարությունյանի անվամբ ձեւակերպելու համար, հաստատապես իմանալով, որ նա տվյալ վարկը ստանալու համար, առանց աշխատանքի ընդունվելու նպատակի պետք է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ աշխատանքային պայմանագիր կնքի իր ծանոթի՝ Հովհաննես Կուրղինյանի հետ, 2008թ. սեպտեմբերին օժանդակել է հանցագործությանը` Հովհաննես Կուրղինյանին տալով Լյուդմիլա Հարությունյանի նախկին անձնագրային տվյալները:

Ըստ այդ տվյալների՝ վերջինիս ազգանունը եղել է Բարսեղյան: Հովհաննես Կուրղինյանը, նախնական համաձայնության գալով Լյուդմիլա Հարությունյանի հետ, 09.03.2006թ. ամսաթվով վերջինիս հետ կնքել է թիվ 31 ակնհայտ կեղծ աշխատանքային պայմանագիր` նրան «Պրեմիեր Լիգա» մշակութային հ/կ-ում որպես «Փոքր համայնքների զարգացման միջազգային ծրագրի» ավագ կոորդինատոր աշխատանքի րնդունելու եւ ամսական 243.000 ՀՀ դրամ աշխատավարձ վճարելու վերաբերյալ: Լյուդմիլա Հարությունյանր 2008թ. հոկտեմբերին այդ փաստաթուղթը ներկայացրել է «ԲՏԱ Ինվեստ Բանկ» ՓԲ ընկերություն։

Ըստ գործի նյութերի, Սեդրակ Հովհաննիսյանը, 2008թ. սեպտեմբերին, տեղեկատվություն տրամադրելով, օժանդակել է հանցագործությանը՝ Հովհաննես Կուրղինյանին տալով Լյուդմիլա Հարությունյանի գործող անձնագրային տվյալները եւ աշխատանքային գրքույկը, Գայանե Հարությունյանի անձնագրային տվյալները, ինչպես նաեւ հայտնել բանկի կողմից պահանջվող վարկառուի եւ նրա ընտանիքի անդամի ամսական եկամտի չափի մասին։
«Սեդրակ Հովհաննիսյանը, նախնական համաձայնության գալով Հովհաննես Կուրղինյանի հետ, Լյուդմիլա Հարությունյանի՝ «Պրեմիեր Լիգա» ՄՀԿ -ում չաշխատելու պայմաններում, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող նրա աշխատանքային գրքույկում, վերջինիս «Պրեմիեր Լիգա» ՄՀԿ-ում աշխատելու վերաբերյալ ակնհայտ կեղծ գրառումներն ավարտելու եւ նրա համար այլ տեղում աշխատանքի անցնելու հնարավորություն ստեղծելու համար, 2009թ. մարտ-ապրիլ ամիսներին, արտերկրում գտնվող Հովհաննես Կուրղինյանի քրոջ` Այծեմնիկ Կուրղինյանի միջոցով նրան հայտնել է Լյուդմիլա Հարությունյանին «Պրեմիեր Լիգա» ՄՀԿ-ում աշխատանքից ազատելու իր մտադրության մասին, Լյուդմիլա Հարությունյանի աշխատանքային գրքույկում 22.12.2008թ. ամսաթվով կատարել է կեղծ գրառում՝ նրան «Պրեմիեր Լիգա» ՄՀԿ-ում աշխատանքից ազատելու վերաբերյալ, որից հետո Հովհաննես Կուրղինյանը կեղծել է Լյուդմիլա Հարությունյանի աշխատանքային գրքույկը՝ Հովհաննես Կուրղինյանի խնդրանքով, Այծեմնիկ Կուրղինյանի միջոցով այն կնիքվել է Երեւանի Աբովյանի եւ Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում, որից հետո Սեդրակ Հովհաննիսյանն այն իրացրել է Լյուդմիլա Հարությունյանին, որն էլ այն օգտագործել է՝ 2009թ. մայիսին ներկայացնելով Թումանյան 39 հասցեում գործող «Մայր Անահիտ գեղեցկության սրահ» ՍՊ ընկերություն, որտեղ 04.05.2009թ. աշխատանքի է ընդունվել որպես դիմահարդար», արձանագրվել էր դատական ակտի պատճառաբանական մասում։

Գործը գտնվում է վերաքննիչ դատարանում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031