Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանի՝ ժամանակակից քաղաքի տեսլականը՝ ըստ Հրանուշ Խառատյանի

Հոկտեմբեր 16,2014 14:30

Ազգագրագետը գտնում է՝ Երեւանի 2976-ամյակի միջոցառումը լիարժեք չէր, լիարժեք լինելու համար, այն նախ պետք է «ավանդականանա»

Երգ ու պարով նշեցինք Երեւանի 2976-ամյակը, հիշեցինք հինը, սակայն մոռանալով մի կարեւոր հանգամանք, որ այդ հնից այսօր գրեթե ոչինչ չի պահպանվել, անգամ 100 տարուց ավելի հին շենք չունենք: ՀՀ քաղաքաշինության նախարար, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը թեմայի վերաբերյալ, Tert.am-ի հետ զրույցում, ասել էր, թե Երեւանը ճարտարապետական իմաստով է փոփոխություն կրել, եւ որ Թամանյանի գլխավոր հատակագծով էլ՝ հարյուրավոր շենքեր են քանդվել: Նարեկ Սարգսյանը նաեւ խորհուրդ էր տվել հիշել 15 տարի առաջվա Երեւանը, մատնանշելով, որ ժառանգված Երեւանում կոյուղի ու նույնիսկ ասֆալտ չկար, ազգաբնակչությունն էլ՝ հակասանիտարական վիճակներում էր ապրում, հետո միայն, հսկայական ջանքերի շնորհիվ, մեզ թողնվել է մի քաղաք, որը իրենք փորձել են շարունակել զարգացնել:

«Առավոտի» հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադարձավ վերոնշյալ տեսակետին. «Այն Երեւանը, որ ժառանգել է անկախ հռչակված Հայաստանի Հանրապետությունը, միանգամայն համապատասխանում էր իր ժամանակին զուգահեռ քաղաքաշինության զարգացումներին՝ իր «չերյումուշկաներով», «խրուշչյովկաներով», աստիճանաբար լայնացող փողոցներով, մեծացող կանաչապատումներով, «մոդեռնացող» շենքերով, նաեւ կոյուղիով, ջեռուցման կենտրոնական համակարգով, մատչելի դպրոցներով, մանկապարտեզներով եւ նոր-նոր զարգացող սառը ու տաք ջրամատակարարումով: Մեծ չափով այն հարմարեցված էր խորհրդային տրամաբանությամբ՝ արդյունաբերական քաղաքի սկզբունքով եւ զգալիորեն կառուցվում էր «բանվորական» դասի համար:

Այսօր, երբ վերջին քսան տարիների մասնավոր շենքերի զգալի մասը կառուցվել է առանց ջրամատակարարման եւ ջրահեռացման ստորգետնյա հանգույցի քարտեզի հաշվառման, երբ խիտ շենքերը խանգարում են նույնիսկ հրդեհաշեջ մեքենաների մոտենալուն, երբ այգիները վեր են ածվել հյուրանոցներին սպասարկող տարածքների, երբ կենտրոնի բարձրահարկերը խեղդում են կենտրոնի ողջ փիլիսոփայությունն ու ճարտարապետական տրամաբանությունը, երբ ասֆալտն ամեն տարի վերափռվում է նույն փողոցների վրա, իսկ նախկին բանվորական թաղամասերի վթարային շենքերում կուտակված նախկին բանվորներն իրենց բակերում եւ հարակից փողոցներում ջրափոսերի վրայով պիտի թռչկոտելով անցնեն եւ ամռանը որեւէ ծառ փնտրեն՝ ստվերի տակ նստելու համար՝ սա է, հավանաբար, Նարեկ Սարգսյանի՝ ժամանակակից քաղաքի տեսլականը: Չխոսելով արդեն այն մասին, որ քաղաքի ոգին նրա բնակչությունն է: Երեւանի կենտրոնից հին երեւանցիների վայրենի դուրսմղումն ամբողջովին փոխեց Երեւան քաղաքի հասարակական-մշակութային կյանքի ձեւավորված նորմերը՝ տեղն առաջարկելով հաստավիզ-հաստափոր ագրեսիվ «էս սարն իմն է, էս ծառն իմն է» թուր ու թվանք ճոճողների ռաբիս երաժշտական գոռգոռոցին»:
Ինչ վերաբերում է քաղաքի տոնին, ապա ըստ Հրանուշ Խառատյանի՝ Երեւան-Էրեբունի տոնահանդես չկա, կա Երեւան-Էրեբունի թատերական միջոցառում, կան երգ ու պար կատարողներ եւ կա այդ ամենի ակտիվ կամ պասիվ հանդիսատես. «Ցավոք, մենք դադարել ենք տոն ունենալ, որտեղ բոլորը մասնակից են: Երեւանի համարյա երեքհազարամյակին նվիրված այս տոնը նույն երեք տասնյակ տարիների մշակութային անընդհատության ակնարկ չունի, այն միայն «այսօրն է», եւ վստահ չեմ, որ նույնիսկ «այսօրվա» լավագույնն է:

Այս «տոնակատարությունը» որեւէ փիլիսոփայություն չի պարունակում, որեւէ միտք, գաղափար չունի, որեւէ հետք չի թողնում: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ հաշվի առնված չեն տոնահանդեսի պարզագույն սկզբունքները: Այն չի գերազանցում «միջոցառումը»:

Հարցին՝ ի՞նչն էր պակասում այս տարվա տոնը լիարժեք դարձնելու համար, Հրանուշ Խառատյանն ասաց. «Որեւէ տոն լիարժեք լինելու համար պետք է «ավանդականանա», մարդիկ պետք է նախապես իմանան՝ ինչում է իրենց մասնակցությունը, կրկնում եմ՝ մասնակցությունը: Մասնակցություն՝ նշանակում է ներգրավվածություն: Երեւան-Էրեբունի միջոցառումն ասում է՝ «մենք» ձեզ համար համերգներ ենք պատրաստել, եկեք նայեք: Պատկերացրեք, եթե, օրինակ, առաջարկվեին ազատ հարթակներ՝ ինքնարտահայտման համար, ինչքա՛ն հնարավորություններ կան երեխաների, երիտասարդության, տարեցների, երաժշտական ստեղծագործողների, մոդելյորների, քանդակագործների, նկարիչների, մանր առեւտրականների, գիրք արտադրողների… Եթե մեծացվեր տոնահանդեսի «քարտեզը»… Տոնահանդեսին հասնելու համար ոչ այնքան պետք է վճարել մասնագիտական խմբերին, որքան՝ հնարավորություն տալ «ինքնաբուխին», խրախուսել մարդկանց ինքնարտահայտվելու, ինքնացուցադրվելու: Դրան հասնել կարելի է ժամանակի ընթացքում, բայց այն պետք է եւ կարող է «ավանդականանալ»: Տոնահանդեսը «նայելու» համար չէ, այն «մասնակցելու» համար է»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031