Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային օպերային թատրոնի մեներգչուհու, փոխտնօրենի հուշերն ու ամերիկյան գործունեությունը

Հոկտեմբեր 16,2014 14:00

Ժամանակին՝ 1980-ականների վերջերից մինչեւ 1990-ականների վերջերը, հայաստանյան մշակութային կյանքում հնչեղ էր օպերային երգչուհի, ռեժիսոր Գայանե Բարսեղյան անունը: Արվեստագետներից շատերը «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ տարբեր առիթներով հաճախ են մտաբերում նրան, մասնավորապես, իբրեւ երգչուհի նրա դերերգերը՝ Դոնա Աննան (Մոցարտ՝ «Դոն Ժուան»), Նեդդան (Լեոնկավալո՝ «Պայացներ»), Նատոն (Ս. Ջրբաշյան՝ «Գիքորը»), օպերային թատրոնում նրա ռեժիսուրայով Մ. Թարիվերդիեւի «Սպասում», Ջան-Կառլո՝ «Հեռախոսը» եւ կոմեդիայի թատրոնում Ա. Այվազյան-Գ. Երիցյան՝ «Ուշ լինի-նուշ լինի», Ա. Բարսեղյան-Վ. Կոտոյան՝ «Պըլը Պուղի» բեմադրությունները: Ռեժիսորներից շատերն էլ ասում են, թե Բախի «Սուրճի կանտատը» առաջին անգամ Հայաստանում Գայանե Բարսեղյանի ռեժիսուրայով է բեմականացվել:

Մեզ հետ հանդիպման ժամանակ անվանի արվեստագետը, որը շուրջ 15 տարի ապրում ու ստեղծագործում է ԱՄՆ-ում, մեկառմեկ հիշեց Երեւանում կատարած իր գործերը: Ավելին, հիշողությունները նրան տարան մանկություն: «Կոմեդիայի թատրոնում մեծացած երեխա եմ: Այստեղ եմ բեմադրել հայկական սակավաթիվ օպերետներից հորս՝ Արարատ Բարսեղյանի «Սիրո հովիտ», «Պըլը Պուղի» պիեսները, այս թատրոնում է մայրս՝ վաստակավոր արտիստ Իդա Մկրտչյանը կերտել մեկը մյուսից տարբեր քանի՜-քանի կերպարներ: Հենց կոմեդիայի թատրոնում է, որ հանձին Երվանդ Ղազանչյանի՝ հանդիպեցի սակավաթիվ ռեժիսորներից մեկին, որը նախ ստեղծել էր հիանալի պայմաններ երիտասարդ ռեժիսորիս համար, փաստորեն հավատացել էր ինձ, եւ մի բան էլ, որ երբեք չեմ կարող մոռանալ. փորձերի ժամանակ պարոն Ղազանչյանը ցույց չէր տալիս իր ներկայությունը: Խորհուրդ տալիս էլ այնքան զգույշ էր, հավանաբար մտածում էր՝ հնարավոր է մի բանն այնպես չասեր, ինչից ես կարող էի նեղվել…»,- հայտնեց տիկին Բարսեղյանը: Նրա խոսքերով՝ «Օպերային թատրոնի հարցում էլ իր բախտը բերել է, դա մեծ դպրոց էր, որտեղ դերերգերը պատրաստում էի մեծանուն պրոֆեսորիս՝ Գոհար Գասպարյանի հետ:

Իսկ Տիգրան Լեւոնյանի կողքին անգամ գտնվելը, հավատացնում եմ, մեծ երջանկություն էր: Ցավում եմ, որ Լեւոնյան ռեժիսորի դպրոցը, որը կարող էր հիմք հանդիսանալ երիտասարդ արվեստագետների դաստիարակման գործում, չունեցավ շարունակություն: Մինչդեռ նա հիմնել էր հիանալի դպրոց, որը պետք է դառնար օպերային թատրոնի գեղարվեստական հիմքը: Լեւոնյանի օրոք էր, որ առաջին անգամ Երեւանի օպերային թատրոնը համաշխարհային իտալական օպերային արվեստի գոհարները՝ Վերդիի «Օթելլոն» եւ Դոնիցետիի «Պողիկտոսը» ներկայացրեց Իսպանիայում, այնուհետեւ հյուրախաղերով հանդես եկավ ԱՄՆ-ում, Եգիպտոսում, ԱՄԷ-ում»: Հավելեց նաեւ, որ Տիգրան Լեւոնյանի հեռանալուց հետո, դժբախտաբար, թատրոնի ռեժիսորական արվեստը գլորվեց՝ հասնելով գուցե 1940-50-ական թվականների մակարդակին: Ռեպլիկին, թե ձեր նշած թվականներին էլ թատրոնն իրականացրել է հիանալի ներկայացումներ, իսկապես մեծանուն ռեժիսորների կողմից, տիկին Բարսեղյանը պատասխանեց. «Անշուշտ, այդ թվականներին օպերային թատրոնի ռեժիսուրան իր գեղարվեստական մակարդակով ցածր չէր, բայց մշտապես պետք է գնալ առաջ, հետեւել ոչ թե տարեցտարի, այլ բառացիորեն օր օրի համաշխարհային օպերային արվեստում կատարվող փոփոխություններին, ինչը գիտակցում ու մեծ արվեստով էր ներկայացնում Լեւոնյանը…»:

Ընդհատելով մեր զրուցակցի հայաստանյան հիշողությունները, խնդրեցինք նրան «տեղափոխվել» ԱՄՆ, ներկայացնել իր գործունեությունը, մանավանդ՝ երկար տարիների ընդմիջումից հետո առաջին անգամ է հայրենիքում: «Հիմնվել ու գործունեություն եմ ծավալել Գլենդելում, սկսել եմ զրոյից: Ամերիկացիները իրավացի են. այնտեղ ինտեգրվել ամերիկյան մշակույթին՝ հնարավոր չէ, այդ երկրում հանգամանքների բերումով կայանում է նախ տարբեր ազգերի մարդկային շփումները, իսկ մուտք գործել տեղի մշակութային դաշտ, անհրաժեշտ է, որ դա կատարվի հենց առաջին ստեղծագործական քայլերից, թեեւ իմ՝ երաժշտական թատրոնի ռեժիսորի դիպլոմը՝ ստացած Ռուսաստանի թատերական արվեստների ակադեմիայից, ընդունվում է աշխարհում:

Մի խոսքով՝ չկարողացա դուրս գալ ամերիկյան միջավայր»,- հայտնեց տիկին Բարսեղյանը: Շարունակելով խոսքը՝ ասաց, որ Գլենդելում ապրում է բուռն ստեղծագործական ու հասարակական կյանքով, փոխնախագահն է հայ-ամերիկյան երաժշտական թատերական միության եւ Hyasa միության արվեստի բաժնի ղեկավարը: Տարիների ընթացքում կազմակերպել է անվանի երաժիշտների, այդ թվում՝ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի, խմբավար Հովհաննես Չեքիջյանի համերգները: Հիմա էլ հայրենիքում է աշխատանքի բերումով. Hyasa միությունը կազմակերպում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հյուրախաղերը եւ իրեն է վստահված խաղացանկից ընտրել որեւէ ներկայացում՝ 2015թ. գարնանը Գլենդելում ներկայացնելու նպատակով: «Կարճ ժամանակով եմ հայրենիքում: Ցավում եմ, որ չեմ կարողացել այցելել ու դիտել թատրոնների որոշ ներկայացումները, սակայն երկուսը դիտել եմ կոմեդիայի թատրոնում՝ Ղազանչյանի բեմադրությամբ Շիրվանզադե-Սաթյանի «Մորգանի խնամին» եւ Վահե Շահվերդյանի՝ Բրոնիսլավ Նուշիչի «Տիկին մինիստրուհին» ներկայացումները: Հիացած եմ կոմեդիայի թատրոնի այս բարձրարվեստ ներկայացումներով, պարտադիր չէ, որ ինձ հաղորդեին, տեսանելի է պետության աջակցությունը թատրոնին»,- ասաց արվեստագետը: Ռեպլիկին, թե ինչպե՞ս է տեսանելի պետության աջակցությունը, Գայանե Բարսեղյանն ասաց. «Եթե պետական թատրոնը գոյություն ունի, ուրեմն նրան աջակցում է պետությունը: Երկու բեմադրություններից հետո ականատեսը եղա լեփ-լեցուն դահլիճի ու խանդավառված հանդիսատեսի: Իսկ այս ամենում, իհարկե, իր անգնահատելի դերակատարումն ունի գեղարվեստական ղեկավարը՝ Երվանդ Ղազանչյանը»:

Որեւէ փակագիծ կբացի՞ 1994-99թթ. Տիգրան Լեւոնյանի օրոք օպերային թատրոնի փոխտնօրեն աշխատած տարիներից հարցը մնաց առանց որեւէ մեկնաբանության:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ողջյունում եմ Գայանեին: Ուրախ եմ, որ թեկուզ կարճ ժամանակով նա վերադարձել է Հայրենիք… Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031