Վեց երկիր քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները
Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ, ԵՄ աջակցությամբ հոկտեմբերի 13-17-ը Կիեւում մեկնարկել է «IDEAS. ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար» եռամյա ծրագիրը: Այն անցկացվում է 6 երկրում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Լիբանան եւ Հորդանան:
Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի IDEAS ծրագրի համակարգող Նորայր Երզնկյանը, համաժողովի ընթացքում հաշվի կառնվի բոլոր մասնակից երկրների փորձը: Նրա ձեւակերպմամբ, ծրագրի նպատակն է ներկայացնել քաղաքացիական հասարակության դերը եւ կարողությունները՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության համատեքստում, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց դերի շեշտադրումը: Ծրագրի առաջին փուլն անցկացվել է Երեւանում: Ինչ վերաբերում է Կիեւին, այստեղ հավաքվել են ծրագրի երեք շահառու կողմերը՝ հաշմանդամություն ունեցող անձանցով զբաղվող կազմակերպությունները, ԶԼՄ-ները եւ պետական մարմինների ներկայացուցիչները: «Հանդիպումների ընթացքում պետք է վերցնել լավագույն օրինակները եւ հաշվի առնել ուրիշ երկրների բացասական փորձը՝ Հայաստանում չկրկնելու համար»,- ասաց Նորայր Երզնկյանը:
Ծրագրի մասնակիցներից բավականին տպավորիչ օրինակներ էր բերում մասնավորապես Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջոֆ Ադամս-Սթինկը: Նա երկար տարիներ աշխատել է BBC-ում, ու իր օրինակով փաստում է, որ տեսողության եւ վերին վերջույթների հետ կապված խնդիրները չեն կարող խոչընդոտ լինել կարիերայի համար: Ջոֆն ավարտել է մի քանի կրթական հաստատություն, ու մասնագիտական որակների շնորհիվ նրա համար մրցել են պոտենցիալ գործատուները: Ջոֆ Ադամս-Սթինկը կարող էր նաեւ դիվանագետ դառնալ, որովհետեւ գերազանցության դիպլոմով ավարտել էր Լաֆբորոյի համալսարանի ֆրանսերեն լեզվի ու քաղաքագիտության ֆակուլտետը, սակայն նախընտրել է լրագրությունը: BBC-ն էլ գրկաբաց է դիմավորել նրան: Կարեւորելով հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը բոլոր ոլորտներում՝ որոշումներ կայացնելիս, Ջոֆը պատմեց, թե ինչպես տարիներ առաջ նախագիծ կար BBC-ի երկու շենքերի միջեւ ընկած հրապարակի հետ կապված: Երբ նախագիծը պատրաստ է եղել, իրենք իբրեւ փորձագետ հրավիրել են սայլակով տեղաշարժվող մասնագետի, որ գնահատի՝ արդյոք արժի՞ կյանքի կոչել այն: «Մեր կազմակերպությունից, որ BBC-ի կազմում զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով, երկու տարի պահանջվեց հրապարակը մատչելի դարձնելու համար»,- պատմեց նա:
Համաժողովի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ այլ խնդիրների: Յուրաքանչյուր երկիր ներկայացրեց իր ցավոտ կողմերը: Օրինակ, Ադրբեջանի ներկայացուցիչը շեշտեց, որ իրենց մարզերում մինչեւ 18 տարեկան աղջիկներին ամուսնացնում են ու նրանք հնարավորություն չեն ունենում կրթություն ստանալ, ասաց նաեւ, որ ճնշված են սեռական փոքրամասնությունները: Ուկրաինացիներին հուզում էին ընտանեկան բռնություններից տուժած երեխաներն ու երիտասարդները, օրենքների անկատարությունը, փախստականները, ազգային ու կրոնական փոքրամասնությունները, դատապարտվածները: Համարյա բոլոր երկրները շեշտեցին, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չեն կրթական, մշակութային հաստատությունները, հասարակական տրանսպորտը:
Երեկ միջոցառման մասնակիցները քննարկեցին այն հմտություններն ու գործիքակազմը, որոնք անհրաժեշտ են պետական մարմիններին, քաղաքացիական հասարակությանը եւ ԶԼՄ-ներին՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման ճանապարհին ու ներառական թեմայով որոշումների կայացման ժամանակ:
Համաժողովի աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 17-ին:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կիեւ-Երեւան
«Առավոտ» օրաթերթ
15.10.2014