Լրահոս
Օրվա լրահոսը

Գրահամ Բաթլեր. «Առաջիկա 5 տարիներին Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, նոր անդամ պետություն չի ունենա»

Հոկտեմբեր 16,2014 13:00

Եվրամիության ասոցացման եւ ընդլայման հարցերի, Եվրասիական միության եւ այդ գործընթացներում Հայաստանի տեղի ու հեռանկարների մասին զրուցեցինք Կոպենհագենի համալսարանի ԵՄ միջազգային հարաբերությունների իրավունքի դասախոս, դիսերտանտ Գրահամ Բաթլերի եւ Մեծ Բրիտանիայի Բրունելի համալսարանի ԵՄ իրավունքի դասախոս, Իրավագիտության դոկտոր Նարինե Ղազարյանի հետ:

– Պրն Բաթլեր, տարածված կարծիք է, որ ԵՄ ասոցացման պայմանագրերը ստորագրող պետության համար ԵՄ-ին անդամակցության լայն հեռանկար են բացում: Արդյո՞ք այդպես է: Արդյո՞ք այդ պայմանագրերը, իրոք, Միությանն անդամակցելու նման իրավական հնարավորություն են նախատեսում: Եվ եթե այո, ապա ինչպիսի՞ն են հեռանկարները նախկին ԽՍՀՄ հանրապետությունների համար:

– ԵՄ ասոցացման պայմանագիրը, իրավաբանորեն ասած, հենց միայն դա է՝ ստորագրող պետության եւ Միության միջեւ հետագա պոտենցիալ համագործակցության ասոցացում: Այնուամենայնիվ, ասոցացման պայմանագրերը միշտ չէ, որ հանգեցնում են ԵՄ-ին անդամակցության: Միությունն ասոցացման պայմանագրեր է կնքել, ի թիվս այլոց, այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իսրայելը, Հորդանանը, Լիբանանը, Թունիսը եւ Եգիպտոսը, որոնցից որեւէ մեկը չի կարող, ի վերջո, ԵՄ անդամակցության ձգտումներ ունեցող համարվել: Միաժամանակ, 2004թ. հինգերորդ ընդլայնումից հետո, երբ Եվրոպական միությանը տասը նոր պետություններ միացան, բոլոր տասն էլ նախկինում ասոցացման պայմանագրեր էին կնքել: Նույնը վերաբերում է 2007թ. Բուլղարիայի եւ Ռումինիայի, ինչպես նաեւ 2013թ. Խորվաթիայի անդամակցությանը: Նախկին խորհրդային երկրները պատմական պատճառներով դեռեւս պահպանում են այն միության ինտեգրացիայի տարրերը, որի մասն են կազմել նախկինում: Նրանք են որոշելու, թե որն է լավագույնն իրենց ապագայի համար, եւ նրանց չպետք է ուլտիմատում ներկայացվի, թե որ «կողմում» կանգնեն:

– Այնուամենայնիվ, թվում է, թե ԵՄ անդամակցության գործընթացը բավականին բարդ է: Նույնիսկ ստորագրած պետություններն են երկար ժամանակ անց միայն անդամակցում ԵՄ-ին: Նման իրավիճակի պատճառը քաղաքակա՞ն է, թե՞ իրավական:

– Պետության՝ Եվրոպական միության անդամ դառնալը երկարատեւ գործընթաց է հիմնականում այն պատճառով, որ Միությունը որոշակի չափանիշներ ունի մի շարք բնագավառներում, որոնց նոր պետությունները պետք է համապատասխանեն, մինչեւ նրանց անդամակցությունը վերջնականապես համաձայնեցվի: Կան եւ՛ քաղաքական, եւ՛ իրավական հարցեր, որոնք պետք է ուսումնասիրվեն ողջ գործընթացի ընթացքում՝ Միությանն անդամակցություն ապահովելու համար:

– ԵՄ ասոցացման պայմանագրերը հիմք են Միության ընդլայնման համար: Կարելի է ենթադրել, որ որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ, կլինեն: Ինչպիսի՞ իրավական սահմանափակումներ կան ԵՄ ընդլայնման գործընթացում:

– Հիմնական քաղաքական արգելքն այն պետության համար, որը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, սակայն չի կարող, կարող է լինել այն, որ ԵՄ գործող անդամ երկրներից մեկը կամ մի քանիսը կտրականապես դեմ լինեն այդ պետության անդամակցությանը: Միությանը նոր պետության միանալու համար անհրաժեշտ է 28 անդամ պետությունների բացարձակ միաձայնությունը՝ յուրաքանչյուր անդամ պետության վետոյի իրավունքով:

Իրավական տեսանկյունից, պետությունը չի կարող ասոցացման պայմանագիրը վավերացնելուց հետո պարզապես դառնալ անդամ պետություն մի քանի տարվա ընթացքում. այն պետք է նախ դառնա պաշտոնական «թեկնածու երկիր», ինչն իր հերթին կհանգեցնի այս կամ այն ոլորտի շուրջ բանակցություններ սկսելուն՝ այդ ոլորտները ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու համար՝ մարդկանց եւ կապիտալի տեղաշարժից մինչեւ շրջակա միջավայրի բնագավառ:

Եվրոպական հանձնաժողովի ապագա նախագահը, ով այս տարի ավելի ուշ անցնելու է պաշտոնի, արդեն նշել է, որ առաջիկա 5 տարիներին Միությունը, ամենայն հավանականությամբ, միացող որեւէ նոր անդամ պետություն չի ունենա: Նույնիսկ եթե Հայաստանը սկսեր առաջին քայլերը կատարել ԵՄ-ի հետ ավելի սերտ կապեր ունենալու հարցում, երկար ժամանակ կպահանջվեր մինչեւ թեկնածուի կարգավիճակը կամ նույնիսկ անդամակցությունը լուրջ քննարկման առիթ լինեին:

Ն. Ղազարյան. «Հայաստանի դեպքում Եվրասիական տնտեսական ինտեգրացիան ուժեղացվել է հակակշռելու կամ նույնիսկ կանխելու եվրոպական նախաձեռնությունները»

– Հայաստանի Հանրապետությունը հոկտեմբերի 10-ին ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրը: Վերջին շրջանում բավական շատ շրջանառվում էր այն տեսակետը, որ ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրման դեպքում հնարավոր չէր լինի անդամակցել ԵՏՄ-ին: Ո՞րն է Ձեր կարծիքն այդ գործընթացի մասին: Եվ ապա՝ ըստ Ձեզ՝ առկա՞ է, իրոք, նման հակասություն երկու միությունների իրավական ակտերի դրույթների միջեւ: Եթե այո, ապա ինչպիսի՞:

– Դա, ըստ էության, Ասոցացման պայմանագրի եւ եվրասիական ինտեգրացիայի համար ստորագրվող որեւէ այլ փաստաթղթի դրույթների միջեւ հակասության հարց չէ: Դա ավելի վերաբերում է նրան, թե այն համագործակցությունը, որ խոստացել էին Հայաստանին ԽՀԱԱԳ-ի շուրջ, հնարավոր կլիներ իրականացնել ԵՄ-ի եւ Եվրասիական միության միջեւ, թե ոչ: Առ այսօր ԵՄ-ն առեւտրային հարցերում նախընտրում է երկրների հետ երկկողմ հարաբերության մեջ մտնել: Բացի այդ, նույնիսկ եթե ԵՄ-ը որոշի գործել Եվրասիական մաքսային միության կամ տնտեսական միության՝ որպես առեւտրային բլոկի հետ, վերջինս պետք է դառնա գործող իրավաբանական կազմակերպություն, ինչը շատ առումներով թվում է, որ այդպես չէ: Հայաստանի դեպքում Եվրասիական տնտեսական ինտեգրացիան ուժեղացվել է հակակշռելու կամ նույնիսկ կանխելու եվրոպական նախաձեռնությունները: Կարելի է պնդել, որ եթե Մաքսային միությունը հիմնված է ԱՄԿ-ի կանոնների վրա (Ղազախստանը եւ Բելառուսը պետք է ընդունեին Ռուսաստանի ԱՄԿ-ի տարիֆային պարտավորությունները), ապա կարգավորման շրջանակի տեսանկյունից սա պետք է ձեռնտու լինի ցանկացած հետագա ընդհանուր համագործակցության համար: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե ինչպես է Մաքսային միությունը գործակցելու արդեն ԱՄԿ անդամ Հայաստանի եւ Ղազախստանի հետ. ինչպիսի՞ն է լինելու ներգրավվածության նրանց աստիճանը: Ցանկացած դեպքում, իրական հարցը ոչ այնքան համագործակցության մրցակցող կամ չմրցակցող տնտեսական շրջանակի մասին էր, որքան քաղաքական ծրագրերի միջեւ ընտրության: Եվրասիական տնտեսական ինտեգրացիան ուժեղացվել է հակակշռելու կամ նույնիսկ կանխելու (ինչպես Հայաստանի դեպքում) եվրոպական նախաձեռնությունները:

– Հոկտեմբերի 10-ից հետո Հայաստանի համար ԵՄ Ասոցացման իրավական հնարավորություններ կա՞ն, թե՞ արդեն չեն լինի:

– ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի կնքումը կմեծացներ սերտ եւ արտոնյալ կապերը՝ միգուցե նույնիսկ անդամակցության հնարավորությամբ: Չնայած վերջինս որպես այդպիսին չէր նշվի պայմանագրում, սակայն երկիրը «եվրոպական» բնորոշելով, ինչպես Վրաստանի ասոցացման պայմանագրում (բնորոշված է որպես արեւելաեվրոպական)՝ առնվազն տեսականորեն անդամակցությունը հնարավոր կլիներ ԵՄ մասին պայմանագրի 49-րդ հոդվածի իմաստով: Այնուամենայնիվ, Եվրասիական տնտեսական միությանը պատկանելությունն ավելորդ է դարձնում ցանկացած նման հնարավորություն, քանի որ այն ենթադրում է համապատասխանեցում մի շարք նոր կանոնների: Ամենակարեւորը, սակայն, այն է, որ այն ենթադրում է պատկանելություն այլ քաղաքական ակումբի: Հայաստանի հետ ասոցացման պայմանագրի կնքումը կանխելը Ռուսաստանի համար ապագայում նման հնարավորության (այսինքն՝ Հայաստանին ԵՄ-ի հետ հատուկ հարաբերության առաջարկության հնարավորության) բացառման նպատակով էր: Իրավաբանորեն ասած, առաջարկված ասոցացման պայմանագրի տեսակը իմաստ չի ունենա ԵՄ-ի տեսանկյունից. ինչո՞ւ առաջարկել սերտ եւ արտոնյալ կապեր, երբ խնդրո առարկա երկիրը ոչ միայն չի կարող անկախ ընտրություն կատարել, այլեւ արդեն ձեռնարկում է այլ արտոնյալ հարաբերության հաստատում:

Հարցազրույցները վարեց
ՍՈՍԵ ՄԱՅԻԼՅԱՆԸ

Կոպենհագենի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի
մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ
15.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031