«Եվրո 2016»-ի ընտրական փուլի շրջանակում՝ հոկտեմբերի 11-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, առանց Հենրիխ Մխիթարյանի, Արաս Օզբիլիսի, Յուրա Մովսիսյանի եւ առանցքային եւս մի քանի խաղացողների, Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի արեց Սերբիայի ընտրանու հետ, որի կազմում էին «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովը, «Չելսիի» հիմնական կազմի ֆուտբոլիստներ Բրանիսլավ Իվանովիչը եւ Նեմանյա Մատիչը, ռուսական ԲԿՄԱ-ի առաջատար Զորան Տոշիչը, իսկ երեկ ընկերական հանդիպում անցկացրեց աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային երկրներից մեկի` Ֆրանսիայի հավաքականի հետ:
«Այսպիսի պահերին է, որ երկրպագուներս պետք է լինենք հավաքականի կողքին, ամեն կերպ սատարենք մեր տղաներին, որպեսզի վերջիններս առավել ոգեւորված հանդես գան»,- նշել էր «Red Eagles» ֆան ակումբի ղեկավար Դենիս Սարգսյանը` պատմելով, որ օրեր շարունակ երկրպագուների մի ստվար խումբ գիշերուզօր չի քնել, չի հանգստացել` հայկական ֆուտբոլի համար դեռ չտեսնված պաստառ պատրաստելու համար:
Իսկ ֆան շարժման ակտիվիստ Դավիթ Թորոսյանը «Կարմիր արծիվների» իր 100 ընկերների հետ պատրաստ էր կորցնել ձայնը, միայն թե Հայաստանի ազգային հավաքականը կարողանա հաղթել:
«Պատրաստ եմ 90 րոպե շարունակ ոգեւորել ազգային հավաքականի խաղացողներին: Մեր` երկրպագուներիս, աջակցության կարիքը հայ ֆուտբոլիստներն ունեն առավել, քան երբեւէ»,- նշել էր նվիրված երկրպագուն:
Տոնական երթով «Հանրապետական» մարզադաշտի ճանապարհին «Red Eagles»-ի շարքերն ավելի ստվար ու մարդաշատ էին դառնում: Կազմակերպված գալիս, միանում էին շարժման հին ու նոր անդամները, ֆուտբոլի սիրահարները` միասնականության տեսք տալով «Կարմիր արծիվներին»:
Երկու հանդիպումների ընթացքում «Հանրապետականում» մեր ազգային հավաքականի երեք հիմնական ֆան խմբերը` մեկը մյուսից ավելի պատրաստակամ եւ մյուս երկրպագուները մինչեւ խաղավարտ «Հայաստան, հուպ տուր», «Հայե՛ր, հայե՛ր» վանկարկելով` իրապես ստանձնել էին 12-րդ խաղացողի կարեւորագույն դերը:
Մեր ֆուտբոլիստներն էլ, ինչպես ասում են՝ պարտքի տակ չմնացին: Թիմային խաղի շնորհիվ Հայաստանը Սերբիայի հետ խաղում վաստակեց իր առաջին միավորը «Եվրո 2016»-ի ընտրական «I» խմբում: Եվ եթե մեր հավաքականը շարունակի հետագայում էլ այսպիսի խաղ ցուցադրել, կարելի է վստահ լինել, որ սա դեռ առաջին քայլն է Ֆրանսիա տանող ճանապարհին: Հենց այդ մեկ միավորն իսկապես կարող է հիմնաքար դառնալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցը դառնալու գործում:
Կարդացեք նաև
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԾԱՏՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
15.10.2014