Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում իրավաբանների, լրագրողների կողմից մշակված բանակային բարեփոխումների առաջարկությունների փաթեթը քննարկելիս, հնչեցվեց նաև բանակը ապաքաղաքականացնելու թեման:
«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասաց.«Փաթեթի մեջ գաղափարներից մեկն այն է եղել, որ բանակն ընդհանրապես անջատեն ընտրական պրոցեսներից: Բանակը ընտրությունների հետ կապ չունենա, որովհետև ինչքան էլ կապ ունենա, ինչքան էլ փորձեն օրենքով կարգավորել, կասկածներ կան, որ թեկնածուն կամ իշխանության թեկնածուն կամ իշխանական կուսակցությունը որպես թեկնածու միշտ, կարծես թե, 7-11 տոկոս ձայն գրպանը ունի դրած բանակի հաշվին: Էսպիսի մտահոգություններ կան, ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բանակը չի մասնակցում, այդպես էլ մյուս ընտրություններին թող չմասնակցի: Բայց սրան հակառակ, կա կարծիք`չէ, բանակը թող մասնակցի համապետական նշանակության ընտրություններին, բայց որոշակի կարգավորումներով:Օրինակի համար թեկնածուների քարոզչական հնարավորությունները հավասար լինեն բոլոր զինծառայողների համար: Այսինքն` զորամասում լինի մի ցուցատախտակ, որի վրա բոլոր թեկնածուների բոլոր նախընտրական ծրագրերը լինեն հավասարաչափ ներկայացված, որ զինվորը նրան էլ ծանոթանա, նրան էլ… վերջում գնա, ինքը ինչպես որ որոշի, այնպես էլ անի: Անվճար գովազդային ժամեր կան հանրային հեռուստաալիքով և ռադիոյով: Ինչ-որ մի հնարավորություն ստեղծվի բանակում, որ զինվորները կարողանան գոնե այդ անվճար եթերաժամը, երբ որ բոլոր թեկնածուները` նախագահի, Ազգային ժողովի համամասնական, հավասար օգտվում են, լսելու կամ դիտելու հնարավորություն ունենան: Չլինի միայն մեկ թեկնածուին նայելու, հաղորդակցվելու հնարավորություն:
Առաջարկ կա նաև զինվորներին ոչ թե քվեարկության տանել այնպես, ինչպես եղել է մինչև հիմա. տանել տեղամասի դուռը, մտցնել ներս քվեարկության, ապա վերադարձնել տեղամաս, այլ զինվորներին բաշխել տարբեր խմբերի և օրական երեք ժամով այդ օրվա ընթացքում ազատ տրվի նրանց զորամասից: Այսինքն` զինվորը ինքը որոշի զորամասից դուրս գալուց հետո ինքը ուզո՞ւմ է գնալ քվեարկության , թե՞ չի ուզում: Եթե չի ուզում, թող գնա իր 3 ժամ ազատը օգտագործի և վերադառնա զորամաս: Այն, ինչպես հիմա է տեղի ունենում և նախկինում է, ճիշտ է՝ օրենքի մեջ ասում է շարային քայլքով չպիտի մտնեն տեղամաս, բայց դե մեր ունեցած բոլոր ահազանգերը հուշում են, որ զինվորներին, երբ տանում են քվեարկելու, մինչև էդ էլ ահագին ազդեցության, մշակման են ենթարկվում: Գիտեք, չէ՞, ով է մեր միակ թեկնածուն, մի հատ դեմ եղավ, լավ չի լինի ձեզ համար, էսպիսի ահաբեկումների բազմաթիվ օրինակներ ունենք նախկինից: Եվ տանել-զորամաս հասցնելը արդեն համարվում է որոշակի ճնշում, թելադրանք»:
Չնայած, ըստ Լևոն Բարսեղյանի, այստեղ էլ վտանգ կա, քանի որ բանակի ընտրական ցուցակները բաց չեն, բանակի հրամանատարությունը կարող է իմանալ` որ զինվորին է ազատ արձակել, բայց նա չի գնացել քվեարկության:
Կարդացեք նաև
Առաջարկվում է նաև ապաքաղաքականացնել բանակը, բանակին չխառնել ներքին քաղաքական կյանքին: Լևոն Բարսեղյանն ասում է , որ դա վարկաբեկում է բանակը և հիշեցնում է մարտի մեկը:
Առաջարկներից մեկը վերաբերում է զինվորի ու ծնողների ակտիվ կապի համակարգ ներդնելուն: «Էդ հեռախոսը ճարել, զանգել, կտաս զանգեմ և այլն, կոնֆլիկտների մեջ մենք տեսել ենք նման օրինակներ, բախումներ, մեկը հեռախոսը նայողն է և պիտի անպայման իր մոտ գան հեռախոսով խոսելու: Հասկանալի է, որ խոսքը խրամատի մասին չէ, ճակատային գծի մասին չէ, որտեղ արգելված են էդ տեսակ կապի միջոցների օգտագործումը, բայց որ կապի միջոցները ավելի մատչելի լինեն զինվորների համար, ներողություն, նույնիսկ բանտերում է դարձել ավելի մատչելի, քան առաջ»,- ասում է Լևոն Բարսեղյանը:
Առաջարկվում է նաև զինվորների կյանքի ու առողջության ապահովագրական համակարգ ներդնել, որը վճարվելու է պետական բյուջեից: Նման համակարգի ներմուծմամբ դժբախտությունների դեպքում ընտանիքին հնարավոր կլինի փոխհատուցել պատկառելի գումար, ոչ թե այն չնչին գումարը, որը տրվում է հիմա: Առաջարկվում է նաև պրոֆեսիոնալ բանակի համակարգի ներդրում Հայաստանում. առաջնագծում չպետք է կանգնեն 18-19 տարեկանները, որոնք դեռ պրոֆեսիոնալ զինվոր չեն: Առաջարկվում է նաև խորհրդարանի վերահսկողությունը բանակի նկատմամբ: Մի խոսքով, այս փաթեթը դեռ քննարկվելու է ՊՆ-ի և ԱԺ երկու հանձնաժողովների հետ:
Ըստ Լևոն Բարսեղյանի, իրենք այս առաջարկությունները գրավոր ներկայացրել են երկրի գլխավոր գերագույն հրամանատարին, սակայն վերջինս անտեղյակ է, բացարձակապես չի արձագանքում:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ