Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն իմ ընկերն է, ես այդ մարդկանց հետ հաց եմ կերել». Գառնիկ Իսագուլյան

Հոկտեմբեր 15,2014 21:12

Ի՞նչն էր խանգարում Գագիկ Ծառուկյանին իշխանափոխության գնալ 2013-ին, որ հիմա չի խանգարում: Այն ժամանակ, երբ նա չառաջադրվեց, ասում էին, որ նա երբեք դուրս չի գա Սերժ Սարգսյանի դեմ, հիմա ի՞նչ է փոխվել: Aravot.am-ի այս հարցին այսօր՝ հոկտեմբերի 15-ին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Նա էլի Սերժ Սարգսյանի դեմ դուրս չի եկել: Հասկացեք մի բան՝ այստեղ անձի խնդիր չկա: Ես ինչ է, Սերժ Սարգսյանի դե՞մ եմ դուրս եկել: Ես ինքս էլ Սերժ Սարգսյանի դեմ դուրս չեմ եկել, ես իր վարած քաղաքականության դեմ եմ, որն այս երկիրը տանում է կործանման: Սերժ Սարգսյանն իմ ընկերն է, Վարդան Այվազյանն իմ ընկերն է, Գալուստ Սահակյանն իմ ընկերն է: Ես այդ մարդկանց հետ հաց եմ կերել, նստել եմ, միասին ինչ-որ խնդիրներ ենք լուծել: Հիմա մարդը մարդու դեմ դուրս չի եկել, վարվող քաղաքականության դեմ է դուրս եկել: Տեսեք, թե դուք տնտեսական առումով ինչքան հարցեր տվեցիք: Այդ հարցերը պիտի չառաջանային: Այսինքն, մինչեւ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը ստորագրելը այդ բոլոր հարցերի պատասխանները պիտի հասարակությունն ունենար, բայց չունի»:

Մեր հարցին՝ եթե անձնական կապերով Գագիկ Ծառուկյանը կապված է Սերժ Սարգսյանի, իշխանավորների հետ, այդ դեպքում ո՞նց է պատրաստվում իշխանափոխություն անել՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց հարցին հարցով. «Եթե անձնական կապ կա, հրաժարական պահանջել չի՞ կարելի»:

Թե ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին ասելու՝ աթոռից իջիր, ես եմ նստելու՝ Գագիկ Իսագուլյանի խոսքերով՝ «Այդ աթոռը պապական աթոռ չի: Ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով ժողովուրդն իր իշխանությունը տալիս է ինչ-որ մեկին: Ցանկացած նորմալ երկրում, եթե կուսակցությունները, նրանց ղեկավարները առաջնորդվում են օրենքներով ու բարոյական չափանիշներով, եթե իրենք ձախողվում են, իրենք հրաժարական են տալիս: Հազարավոր այդպիսի դեպքեր կան: Իսրայելում մի տարվա մեջ 4 կառավարություն հրաժարական է տալիս: Մեր մոտ հերիք չի ձախողել են, մի հատ էլ ասում են, թե 10 տարի էլ պիտի գաք, Մելիք Ադամյանով գնաք: Դա արդեն անընկալելի, անընդունելի է: Դա իմ ախպերն էլ լինի, կասեմ սիրելիս, դու ոչ թե քեզ ես կործանում, դու կործանում ես երկիրը: Հիմա Սերժ Սարգսյանն իմ ընկերն է, բայց ի՞նչ կապ ունի: Եթե իր վարած քաղաքականությունը երկիրը տանում է կործանման, ես իրեն մի բան եմ ասում՝ սիրելիս, դու երկիրը չես կարողանում ճիշտ կառավարել: Քո մոտ կադրային բազայում արդեն Սուրիկ Խաչատրյանն է, որը հասարակության մեջ արդեն որպես մարդասպան է ընկալվում: Դու այդ մարդուն տանում ես մարզպետ դնես, որ ի՞նչ անես: Որպեսզի սյունեցիները վախենան, որ ցանկացածին կարող է ինքը սպանել ու անպատի՞ժ մնալ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա says:

    Բուդաղյանն էլ սուրիկի հետ էր հաց կերել, էլ չխոսենք քավոր-սանիկության մասին… Տեսանք թե ինչ դուրս եկավ…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031