Religions.am կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանի հավաստմամբ, կրոնական համոզմունքների համար Հայաստանում քաղաքացիներին աշխատանքից են հեռացնում, գիտական կոչումներ չեն տալիս:
«Այս միտումը մեզ տանում է միջնադար: Հենց կրթության նախարարը հրապարակավ հայտարարել է, որ ոչ Առաքելական եկեղեցու հետեւորդ ուսուցիչներ են աշխատանքից հեռացվել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ ասաց պարոն Դանիելյանը:
Կրթության հարցերով փորձագետ, մանկավարժ Արմինե Դավթյանն էլ դժգոհեց, որ երբ Առաքելական եկեղեցուն Սահմանադրությամբ հնարավորություն տրվեց գործունեություն ծավալել հանրակրթության ոլորտում, կրթության աշխարհիկության սկզբունքը խախտվեց:
Տիկին Դավթյանը պատմեց, որ աշխարհիկության սկզբունքը պահպանելու հարցն է առաջ քաշել իր թեզում ու բախվել կրոնական ընդդիմությանը. «Որը կողմնակից չէ այդ սկզբունքի պահպանմանը, այլ կողմնակից է կրոնական կրթության, որը այսօր իրականացվում է հանրակրթության մեջ»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, ուսուցիչները ըմբոստությամբ են պահպանում առարկան, որովհետեւ համոզված են, որ այդ առարկան բարոյական դաստիարակություն է տալիս, բայց.« Այն չի կարող լուծել բարոյական դաստիարակության խնդիր կամ երեխայի մեջ ձեւավորել ազգային գիտակցություն: Դպրոցում, երբ այս առարկան մտցրել են բարոյական դաստիարակության նպատակով, մյուս առարկաները մի կողմ են պահում բարոյական խնդիրների լուծման առումով»:
Ստեփան Դանիելյանն էլ կարծիք հայտնեց, որ Հայաստանում կրոնական անհանդուրժողականությունն այնքան էլ սուր չէ: Ըստ նրա, «կրոնական անհանդուրժողականությունն արհեստական է` քաղաքական հայացքներով մոտիվացված». «Հայաստանի տարբեր մարզերում կրոնական անհանդուրժողականությունն ունի տարբեր մակարդակներ` ամենահանդուրժողը Տավուշի մարզն է, իսկ Շիրակի ու Լոռու մարզերն ավելի անհանդուրժող են»:
Անդրադառնալով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նոր նախագծին՝ պարոն Դանիելյանն ասաց, որ նոր օրենքն ավելի շատ քաղաքական որոշում է, քանի որ խնդիրը պետական քաղաքականության մեջ է. «Նոր օրենքը չի ընդունվում Էջմիածնի միաբանների լոբբինգի պատճառով, իսկ մյուս կողմից միջազգային չափանիշներ ու պահանջներ: Այս երկու ճնշումների հետևանքով օրենքը չի փոխվում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ