Տավուշի մարզի Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը հայտնեց, որ հոկտեմբերի 15-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի վրա: Առավոտյան 10.30-ի սահմաններում ազերիները 4-5 կրակոց են արձակել գյուղի գերեզմանատան մոտ արածող անասունների վրա:
Հ. Ղարաքեշիշյանի վկայությամբ՝ ինքը իր տան մոտ գտնվող հողամասում կարտոֆիլի բերքը հավաքում էր, երբ 15.20-ի սահմաններում ադրբեջանական դիրքերից կրակոց է արձակել իր ուղղությամբ:
Գնդակը ընկել է նախկին գյուղապետից 2 մետր հեռավորության վրա: Ժամը 19.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը 4-5 կրակոց է արձակել Բարեկամավանի վրա: Հ. Ղարաքեշիշյանն ասաց, որ գնդակներից մեկը դիպչելով իր առանձնատան տանիքին, խոցել է տան դարպասը:
Նա հայտնեց , որ ադրբեջանական գնդակոծությունից երկյուղելով՝ իր ընտանիքը այժմ պատսպարվել է տան նկուղում: Նախկին գյուղապետի խոսքերով՝ ադրբեջանական գնդակները սովորականից ավելի խոշոր են:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ