«Գալիս են մեր փորձը վերցնելու կամ կես կատակ-կես լուրջ՝ մեզանից սովորելու»,- ասում է ՀՀ կրթության և գիտության (ՀՀ ԿԳ) նախարար Արմեն Աշոտյանը՝ նկատի ունենալով հոկտեմբերի 16-18-ը Երևանում կայանալիք «Շախմատը դպրոցում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին կմասնակցեն շուրջ 31 երկրի ներկայացուցիչներ:
«Հպարտության զգացում ունեմ, որ Հայաստանում է անցկացվելու այս գիտաժողովը,- ասում է ԿԳ նախարարը,- «Շախմատը դպրոցում» ծրագիրը Հայաստանի կրթական համակարգի կողմից ստեղծված ունիկալ ծրագիր է: Մենք միշտ սովոր ենք դրսից ներմուծել կրթական գաղափարներ, ծրագրեր, օրինակել արտերկրի լավագույն փորձը, իսկ «Շախմատը դպրոցում» ծրագիրը մեր «արտադրանքն» է, որը կարող ենք արտահանել՝ որպես կրթական ծրագիր: Սա մեզ հպարտանալու առիթ է տալիս»:
Պարոն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեց, որ 2011 թվականին, երբ տրվեց «Շախմատը դպրոցներում» ծրագրի մեկնարկը, և այդ տարվանից շախմատը ներմուծվեց դպրոցական համակարգ՝ որպես պարտադիր առարկա, այդ ժամանակ քչերն էին հավատում ծրագրի հաջողությանը. «Քչերն էին հավատում, որ մենք հետևողական կլինենք, քանի որ գաղափարը, թեև շատ գայթակղիչ էր, բայց և այնպես, տքնաջան աշխատանք էր պահանջում բոլոր մակարդակներում:
Կարդացեք նաև
Առաջինը լինելը միշտ էլ դժվար է, որովհետև ստիպված ես ինքնուրույն մտածել՝ ինչպես ներմուծես մի բովանդակություն, ինչպես այդ բովանդակությունը հարմարեցնես գործող կրթական համակարգին, ինչպես ապահովես մանկավարժների գիտական համապատասխան մակարդակը, ինչպես գտնես ֆինանսավորում և այլն, և այլն: Այսօր արդեն կարող եմ վստահությամբ և հպարտությամբ փաստել, որ Շախմատային ֆեդերացիայի, Շախմատի ակադեմիայի հետ միասին ԿԳՆ-ն իրականություն դարձրեց այս նախագիծը: Սա այլևս նախագիծ էլ չէ. սա մեր կրթական համակարգի բաղկացուցիչ, ամենօրյա աշխատանքի մի մասն է»,- ասաց Ա. Աշոտյանը:
Նախարարը «Շախմատը դպրոցում» ծրագիրը համարում է կրթության ոլորտի ամենամեծ ձեռքբերումներից մեկը. «Ամփոփելով վերջին հինգ տարիների ընթացքում կատարված աշխատանքները՝ նկատում ենք, որ այս ծրագիրը Հայաստանի ամենաշրջադարձային, ամենակարևոր, միջազգային տեսակետից ամենամեծ հետաքրքրություն հարուցած կրթական և ոչ միայն կրթական բարեփոխումն է:
Միջազգային մամուլում Հայաստանի մասին ոչ քաղաքական հիշատակումները շատ հաճախ վերաբերում են «Շախմատը դպրոցում» ծրագրին: Իսկ դա մեծ հպարտության առիթ է, որը բազմապատկվում է, երբ այդ ծրագրից ունենում ենք ոչ միայն տեսական արդյունքներ, այլև Հայաստանում իրականացված հետազոտությունների ծավալուն աշխատանքներ, որոնք կհանրայնացվեն Երևանում կայանալիք միջազգային գիտաժողովում»,- ասաց պարոն Աշոտյանը:
Նախարարի դիտարկմամբ՝ ծրագիրն իր արդյունքներն արդեն տվել է. «Այն երեխաները, որոնք անցել են այս ծրագիրը, հոգեբանորեն ավելի ինքնուրույն են, ավելի ազատ են մտածում, պատասխանատվություն են կրում սեփական սխալների համար, նրանց մոտ անհամեմատ ավելի բարձր է տրամաբանական մտածողությունը, գիտելիքների մակարդակը, որոշումներ կայացնելու ունակությունը, առաջնորդությունը, պատասխանատվության զգացումը, ռազմավարական մտածելակերպը, կրեատիվությունը…»,- համոզված է Ա. Աշոտյանը:
ԿԳ նախարարին մտահոգում է, որ շախմատը դպրոցներում դասավանդվում է եռամյա ցիկլով, և 4-րդ դասարանում արդեն ավարտվում է. «Հետո՞ ինչ անել, երբ երեխաները ցանկանում են շարունակել կրթությունը շախմատի ծրագրով: Ծրագիրը՝ որպես պարտադիր կրթական առարկա, 4-րդ դասարանում ավարտվում է, և անհարժեշտություն կա շարունակել այն արդեն ոչ պարտադիր կրթական հիմունքներով: Այդ պատճառով էլ Շախմատի ֆեդերացիայի հետ որոշեցինք 5-9-րդ դասարանների աշակերտների համար շախմատային խմբակներ ստեղծել այն դպրոցներում, որտեղ դպրոցը և ծնողական համայնքը ցանկանում է: Արտալսարանային եղանակով երեխաները կշարունակեն սովորել շախմատ՝ արդեն ավելի պրոֆեսիոնալ մակարդակով: Դրա համար արդեն հրատարակվել է 5-9-րդ դասարանների շախմատային ձեռնարկ՝ կամընտրական (նախասիրական) պարապմունքների համար»,- ասաց նախարարը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ