Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գոմեշի միսը կերել են, ուտում են և էլի պիտի ուտեն». Գյումրու զինկոմիսար. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2014 18:49

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում  Գյումրու զինկոմիսարի, փոխքաղաքապետի, լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում` բանակային բարեփոխումների թեմայով:

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, մանրամասնորեն ներկայացրեց ՀՀ Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի մարզերից հրադադարի ընթացքում (1994 թվի մայիսի 12-ից ի վեր) զինծառայության ընթացքում զինվորականների մահացության  դեպքերի վերլուծությունը: Թվերը բավական տխուր էին. օրինակ` Շիրակի մարզից բանակ զորակոչված կամ պայմանագրային զինծառայության մեջ եղած անձանցից հրադադարի ընթացքում զոհվել է առնվազն 93 զինվորական, Արագածոտնի մարզից 57, Արմավիր մարզից 116: Երեք մարզերում էլ մահվան պատճառներից առաջին տեղում սպանությունն է. Շիրակի մարզից զորակոչվածների  սպանության 35 դեպք է գրանցվել պաշտոնապես, սակայն ոչ պաշտոնապես, հարազատների կարծիքով` 41: Արմավիր մարզից  պաշտոնապես 31 սպանության դեպք է գրանցվել, սակայն հարազատների կարծիքով 42-ն է: Արագածոտնից 19 սպանության դեպք է գրանցվել:

Երկրորդ տեղում ծառայողական պարտականությունների, օրինակ` սահմանային միջադեպերի, սնայպերների կրակոցների, դիվերսիոն գործողությունների հետևանքով առաջացած մահվան դեպքերն են, որոնք երեք մարզերում միասին վերցրած կազմում են 17,29-18,05 տոկոս կամ 266 մահվան դեպքերից 46-48-ը: Հիվանդությունների պատճառով զինվորների մահացության դեպքերը երրորդ տեղում են , երեք մարզերինը միասին կազմում են 41-42 դեպք …Հետազոտված են նաև մահվան այլ դեպքերը` ասենք ինքնասպանություններ, դժբախտ պատահարները, ֆիքսված է նաև անհետ կորածների քանակը:

Եվ որպեսզի կանխվի մահացության դեպքերը ու ընդհանրապես բարեփոխումներ կատարվեն բանակում,այս ոլորտով զբաղվող մեկ տասնյակից ավելի փորձագետներ, իրավագետներ, լրագրողներ մշակել են բանակային բարեփոխումների փաթեթ: Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այսօր ներկայացրեց այդ առաջարկները: Լևոն Բարսեղյանն ասաց, որ այդ փաթեթը ներկայացրել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, նրա տեղակալ Դավիթ Տոնոյանին, Աժ մարդու իրավունքների և պաշտպանության, ազգային անվտանգության հանձնաժողովների նախագահներին, այս երեք մարզերի մարզպետներին ու նաև քաղաքապետներին: Առաջարկները տարբեր էին, օրինակ` բանակը ապաքաղաքականցնել, բացառել բանակի օգտագործումը քաղաքական ուժերի, հասարակական կամ քաղաքացիական շարժումների գործունության դեմ, աղջիկներին ևս բանակ զորակոչել: Զորամասերում ունենալ հոգեբաններ, որպեսզի կանխեն ինքնասպանությունների դեպքերը:

Առաջարկներից մեկը բանակն ավելի թափանցիկ դարձնելն էր, բայց այնպես, որ չվնասի պաշտպանության հարցերին: Անդրադարձ եղավ բանակին մատակարարվող սննդամթերքին: Լևոն Բարսեղյանն ասաց. «Կա պաշտպանության նախարարության խրախուսման և զարգացման հիմնադրամ, այդպիսի հիմնադրամներ ունեն շատ գերատեսչություններ, ֆինանսների նախարարությունը, պետական եկամուտների կոմիտեն առանձին ուներ առաջ, ոստիկանությունն ունի և այլն, և այլն… Դրանք խրախուսման և զարգացման հիմնադրամներ են, կարելի էր քեֆերի վրա ծախսել օրենքով, տարեմուտ նշել, հանդիսություններ անել, կարելի է պարգևավճարներ տալ, կարելի է ուսումնառության ուղարկել և այլն և այլն: Սրանք զեն-զինամթերքի ծախսեր չեն և եթե անգամ այդ ծախսերից զենք-զինամթերքի ծախսեր արվեն, ապա թափանցիկությունը դրանց չի վերաբերվում: Մեր առաջարկը, խոսքը պաշտպանության հետ ուղիղ կապված ուղիղ ծախսերի մասին չէ, ուրիշ օրինակներն էլ կան` ատամի մածուկ, կարտոֆիլի մատակարար, գոմեշի մսի մատակարար, չգիտեմ տավարի մսի մատակարար, օճառի մատակարար, ի՞նչ գնով է մատակարարում, ինչպե՞ս է ընտրվել մատակարարը, հիմա ամբողջը օրենքով սահմանված գաղտնիք է, ծառայողական կամ պետական գաղտնիքների մեջ: Հիմա մի բան որ հարցնում ես կարտոֆիլի մատակարարման տենդերին ո՞վ է մասնակցել, չենք կարող ասել, ինչքա՞ն ես կարտոֆիլ առել, գաղտնիք է, որովհետև դրանից թիվը կարող է պարզվի, ի՞նչ գնով եք առել, էդ էլ է գաղտնիք: Շուկայում էսքան է, դուք ինչի՞ եք էսքան թանկ առել, այ ախպեր, էս տեսակ հարցեր կան…Եվ դա հասարակական վերահսկողության ենթարկել հնարավոր չէ:Մեր առաջարկի իմաստն այն է, որ եթե դրանք զենք-զինամթերքի, բլինդաժի, հանդերձանքի հետ չեն կապված, նստել սեղանի շուրջ քննարկել ու հասկանալ, էս մասը գոնե կարո՞ղ է հանրային հսկողության տակ հայտնվել, թափանցիկ լինել, թե՞ չէ: Էրեխեքի կերածը լա՞վ է, թե՞ վատ…»:

Ներկա լրագրողներից մեկն ասաց, որ ինքը շատ վիրավորված է զգում, երբ բանակի համար գալիս ու գյուղերից նորմալ կարտոֆիլի փոխարեն անասնակեր են տանում: Քննարկմանը մասնակցող Գյումրու զինկոմիսար պարոն Խաչատրյանը այստեղ միջամտեց ` չհամաձայնելով, թե ինքը ևս ժամանակին զորամաս է ղեկավարել, երբ պատվիրված կարտոֆիլի մեջ նեխած կարտոֆիլ է հայտնաբերել, այդ ապրանքը  չի ընդունել: Ներկաները նրան հիշեցրեցին գոմեշի մսի հայտնի պատմությունը, որին Գյումրու զինկոմիսարը արձագանքեց այսպես. «Գոմեշի միսը կերել են, ուտում են և էլի պիտի ուտեն, որովհետեւ առողջության համար լավ է»:

Բարեփոխումների փաթեթի մյուս առաջարկներին կանդրադառնանք քիչ անց:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Լևոն Բարսեղյանը որդուն բանակից ազատել է, հիմա էլ բանակի խնդիրներից է խոսում: Ամոթ է

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031