Հոկտեմբերի 15-ին, ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնում, տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների եւ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի միջեւ: Հանդիպմանը, հյուրընկալող կողմից, ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձան Հայաստանի եւ Վրաստանի Հանրապետությունների փոխհարաբերություններին, երկու երկրների ընդհանուր շահերին եւ մտահոգություններին: Միասնական տեսակետ արտահայտվեց այն մասին, որ ներկա աշխարհաքաղաքական զարգացումների շրջագծում առավել չափով կարեւորվում է եղբայրական երկու ժողովուրդների սերտ համագործակցությունը: Շեշտվեց, որ երկու երկրների միջեւ բնական ու անհրաժեշտ համագործակցությունը կարող է ապագայի առումով լայն հորիզոններ բացել հարեւան երկրների համար: Կողմերը անդրադարձան նաեւ վրացահայության խնդիրներին, անհրաժեշտ նկատվեց քննարկել եւ միասնաբար լուծումներ գտնել առկա եւ ծագող հիմնահարցերին: Կողմերը հաստատեցին նման շփումները շարունակական դարձնելու անհրաժեշտությունը:
ՀՅԴ մամլո դիվան