Բարձրաստիճան պաշտոնատար անձանց առանձնատներում, բնակարաններում կատարված ավազակային հարձակումների գործով, որը հայտնի է «Բանդայի գործ» անվամբ, ամբաստանյալ Սամվել Դավթյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Նրա համար կանչվել էր շտապօգնություն:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալին անալգին-դիմեդրոլ են ներարկել, նա ունեցել է ուժեղ գլխացավեր: Ամբաստանյալի պաշտպան Կարեն Հակոբյանը նաեւ հայտնեց, որ իր պաշտպանյալն ի վիճակի չի շարունակել դատական նիստը, հետեւաբար, միջնորդեց, որ այն հետաձգվի:
Դատավորը մերժեց ամբաստանյալներ Արտուշ Հակոբյանի եւ Սամվել Դավթյանի պաշտպաններ Կարեն Հակոբյանի ու Հովիկ Արսենյանի միջնորդությունը՝ կրկնակի մատնադրոշմային եւ դատաքիմիական համալիր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:
Պաշտպան Կարեն Հակոբյանն ասաց, որ կասկածի տեղիք է տալիս թիվ 1928 եզրակացությունը, որը տրվել էր ՀՀ ոստիկանության ավագ փորձագետ Արտակ Մինասյանի կողմից:
Կարդացեք նաև
Փորձագետը հայտնել էր, թե փորձաքննության ներկայացված զենքի, փամփուշտների, գազային ատրճանակի, կպչուն ժապավենների վրայից անձամբ առգրավել է մի շարք ձեռքի հետքեր, այդ թվում՝ նույնացման համար ոչ պիտանի:
Պաշտպանական կողմի հարցերին էլ, թե ինչո՞ւ եզրակացության մեջ բացակայում այդ մասին նշումները, ինչպես նաեւ ինչո՞ւ չեն նշվել, թե ինչպիսի քրեագիտական փոշիներ, ինչ տեսակի, մոդելի քրեագիտական վրձիններ, գործիքներ են օգտագործվել, ինչ եղանակով են հայտնաբերվել ձեռքի հետքերը, ինչ մեթոդով, փորձագետը պատասխանել էր, որ մուգ գույնի օբյեկտների վրայից հետքերն առգրավվել են արծաթագույն քրեագիտական փոշիով, իսկ բաց գույնի օբյեկտների վրայից՝ բաց գույնի քրեագիտական փոշիով:
Պաշտպան Կարեն Հակոբյանը եւ Հովիկ Արսենյանը միջնորդեցին, որ կրկնակի փորձաքննության դեպում պատասխանեն ոչ միայն բարձրացված հարցերին, այլ թե փորձաքննության ներկայացված «դակտո ժապավենայինի» վրա արտատպված հետքը իրենց կառուցվածքով ամբողջակա՞ն է, թե՞ ոչ, դրանք վերացվե՞լ են հարթ, թե անհարթություն ունեցող մակերեսների վրայից:
Մեղադրող Սասուն Խաչատրյանն (տեսանյութում) առարկեց այս միջնորդության դեմ, հայտնելով, որ փորձագետների օբյեկտիվությունը կասկածի տեղիք չի տալիս:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ